Մեծ քաղաքից դեպի փոքր քաղաքներ, խաղատներից` զբոսաշրջություն. փորձագետն ու պաշտոնյաները վիճում են մոլեխաղերին առնչվող օրենքի փոփոխությունների շուրջ
Արամյանը (ձախից) և Այվազյանը չեն կիսում խաղատների օրենքի փոփոխությունների հետ կապված Հակոբյանի մտահոգությունները: Այդ նախագծի համաձայն` 2013 թվականի հունվարի 1-ից խաղատներ կարող են գործել միայն Ծաղկաձորում (Կոտայքի մարզ), Ջերմուկում (Վայոց ձորի մարզ) և Սևանում (Գեղարքունիքի մարզ): «Մենք կանգնում ենք սպորտի, հանգստի և առողջության ոլորտում կարևոր դերակատարություն ունեցող մեր փոքրիկ քաղաքների կործանման վտանգի առջև: Չեն կարող նույն տեղում բնակվել և´ առողջանալու համար մեկնած մարդը, և´ խաղամոլը»,- չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի նախկին տեղակալ Կարինե Հակոբյանը: (ԱԺ քառօրյա նիստերի օրակարգում ընդգրկված է «Շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ նախատեսող նախագիծը:) Սակայն ՀՀ ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը և ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը չեն տեսնում այդ վտանգը և կարծում են, որ այս քայլը լավագույնս կնպաստի տուրիզմի զարգացմանը Հայաստանում: Նրանք օրինակներ էին բերում արտասահմանյան երկրներում խաղատների շնորհիվ տուրիզմի զարգացման վերաբերյալ` անտեսելով, որ այդ երկրներում խաղատները կառուցվում են ոչ թե բնակավայրերին մոտ, այլ ամայի տարածքներում: «Մենք ընդամենն ուզում ենք ապահովել տարածքային զարգացման համաչափությունը և մշակել վերահսկողության արդյունավետ մեխանիզմներ»,- ավելացրեց Արամյանը: Թե այդ ծրագիրը որքանով կգործի` պարզ չէ, համենայն դեպս, ըստ փոփոխությունների նախատեսվում է վերացնել խաղատներից գանձվող հաստատագրված վճարները` փոխարենը բարձրացնելով դրանց համար սահմանված տարեկան պետական տուրքի չափը`400 մլն դրամից (1 մլն 66 հազար դոլար) հասցնելով 1 մլրդ դրամի (2 մլն 666 հազար դոլար):
Other Articles in Սոցիալական
|
Readers' comments
-jack mark, US
Read commented Article
Post a comment
Read all 1 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.