Հայաստանի սպառողները հոգեպես նախապատրաստվում են գազի սակագների բարձրացմանը

Հայաստանի սպառողները հոգեպես նախապատրաստվում են գազի սակագների բարձրացմանը

Նազիկ Արմենակյան
ԱրմենիաՆաուի ֆոտոթղթակից

Ապրիլի 1-ից Հայաստանի սպառողները բնական գազի համար ստիպված կլինեն վճարել 41 տոկոս ավելի`Ռուսաստանից ներմուծվող «երկնագույն վառելիքի» սակագնի բարձրացման պատճառով:

Հայ-ռուսական համատեղ ձեռնարկությունը` գազամատակարարմամբ զբաղվող «Հայռուսգազարդ» ընկերությունը, դիմել է Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով` սակագների բարձրացմանը հավանություն տալու համար: Սպասվում է, որ մոտ օրերս հանձնաժողովը որոշում կկայացնի:

Գազի թանկացումը, որի մեկ խորնարդ մետրը ներկայիս 96 դրամի փոխարեն (25 սենթ) կարող է 136 դրամ (36 սենթ) արժենալ, ամենաշատն ազդելու է միջին խավի վրա, որոնք վերջին տարիներին գազի կաթսաներ են տեղադրել իրենց բնակարաններում:

Թեև կաթսաների տեղադրումն արժե 1500-2000 դոլար, մարդիկ գերադասում են այդ միջոցը, քանի որ գազով ջեռուցումն ավելի ձեռնտու է, քան էլեկտրականությամբ: Անցյալ տարվա նոյեմբերին` ջեռուցման սեզոնի սկզբին, կաթսաներ վաճառող ընկերություններում հերթեր էին գոյացել. մարդիկ ստիպված էին 2 շաբաթ սպասել` գազի կաթսա գնելու և տեղադրելու համար:

Այժմ կաթսաներ տեղադրված են շատերի մոտ, և ձմռան ամիսներին բնակարանի ջեռուցման համար ընտանիքը վճարում է ամսական միջինը 20-25 հազար դրամ (54-67 դոլար): Իսկ սպասվող թանկացումը կնշանակի, որ գալիք ձմռանը հայկական ընտանիքը ստիպված կլինի ամսական վճարել 35-40 հազար դրամ (94-108 դոլար):

Դավիթաշենի 14 հարկանի բնակելի շենքերից մեկում 56 բնակարաններից 38-ը ջեռուցվում են գազի կաթսաներով կամ բուխարիներով: Բնակիչներից մեկի` Ավագ Մինասյանի կարծիքով` եթե գազի գինը բարձրանա, ինքը ստիպված է լինելու ջեռուցել բնակարանը էլեկտրական բուխարիով, եթե, իհարկե, չթանկանա էներգիան: Մինասյանի կինն էլ հավելում է, որ անցյալ տարի 1800 դոլարով «Բաքսի» կաթսա չէր գնի, եթե իմանար, որ գազի գինը բարձրանալու է: Նա նաև ասում է, որ եթե հնարավոր լիներ ձմռանն օգտագործած գազի դիմաց վճարել տարվա ընթացքում, բնակիչների հոգսը զգալիորեն կթեթևանա:

Ըստ «Հայռուսգազարդի» մամուլի գրասենյակի`2009 թ. բնակչության կողմից օգտագործած բնական գազի ծավալը կրճատվել է 6,1 տոկոսով` մինչև 553,2 մլն խմ: Ընկերության տվյալներով` այսօր «Հայռուսգազարդի» ծառայություններից օգտվում է 600 հազար ընտանիք:

Բնակչությունը սպառում է իրացված գազի ընդհանուր ծավալի 36 տոկոսը, մյուս մասն օգտագործվում է արդյունաբերական կամ այլ ձեռնարկությունների կողմից: Ճգնաժամի պատճառով Հայաստանում գազի իրացումը կրճատվել է 20 տոկոսով, և «Հայռուսգազարդը» կորցրել է նախատեսված եկամտի զգալի մասը` ֆինանսական տարին փակելով վնասով:

Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության առաջնորդ Լյուդմիլա Սարգսյանի կարծիքով` գազի թանկացումը սոցիալական ցնցումների կհանգեցնի, ինչպես նաև լայն սպառման այլ ապրանքների գնաճին, որոնք բնակչության մեծ մասն ի վիճակի չի լինի ձեռք բերելու:
ԱրմենիաՆաուի էջերում