Բացօթյա կինոթատրոնի համար երիտասարդ երևանցիների բողոքի ակցիան սոցիալական համացանցի միջոցով
Մարտի սկզբին ՀՀ կառավարությունը որոշեց «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի զբաղեցրած տարածքը (Աբովյան 18) տրամադրել Մայր Աթոռ Սբ Էջմիածնին` 1930-ականներին քանդված Սբ Պողոս-Պետրոս եկեղեցին վերականգնելու համար։ Այս որոշումն աղմուկ բարձրացրեց ինչպես ճարտարապետների, այնպես էլ երիտասարդների շրջանում: Արդյունքում` շահագրգիռ երիտասարդները հատուկ նամակով դիմեցին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին և Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսին, որոնց պատասխանին դեռ սպասում են. «Մենք դեմ ենք ոչ թե Հայ Առաքելական եկեղեցուն, այլ այն երևույթին, որ մշակութային արժեքների հաշվին են ուզում վերականգնել եկեղեցիները»,- «ԱրմենիաՆաուի» հետ զրույցի ժամանակ իրենց բողոքն այսպես արտահայտեց «Փրկե´ք «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի շենքը» խումբը ստեղծելու նախաձեռնողներից 28-ամյա ճարտարապետ Սարհատ Պետրոսյանը: Երկու օրվա ընթացքում խումբն արդեն հասցրել է ձեռք բերել 2000-ից ավելի անդամներ (http://www.facebook.com/group.php?gid=343138923439), իսկ նախագծին դեմ արտահայտվողների թվում են հայտնվել ճանաչված մարդիկ` գրող, հրապարակախոս Պերճ Զեյթունցյանը, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը, երգահան Ռուբեն Հախվերդյանը, 30-ից ավելի ճարտարապետներ և այլք: «Չգիտեմ` ով է առաջինը որոշել իրականացնել այս նախագիծը, բայց վստահ եմ, որ դրդապատճառներն ավելի շատ ցուցադրական են, քան հայրենասիրական կամ եկեղեցասիրական,- «ԱրմենիաՆաուին» ասաց Ֆլորիդայի պետական համալսարանում ուսանող հայազգի Սեդա Գրիգորյանը, որը հենց ինտերնետից է տեղեկացել խնդրի մասին և անմիջապես գրանցվել խմբում: - Մենք բազմաթիվ կինոթատրոններ ենք ունեցել, բայց մեր պետությունը հետևողականորեն վերացրել է դրանք` թողնելով միայն երկուսը (նկատի ունի «Մոսկվա» և «Նաիրի» կինոթատրոնները): Այժմ էլ ուզում են բացօթյա դահլիճը քանդել»: Գրիգորյանը հիշում է այնտեղ կազմակերպած ռոք համերգները, այլ երիտասարդներ չեն մոռանում անցյալ ամառ մեկ ու կես ամիս տևած «Բաց երաժշտություն փառատոնը»:
Other Articles in Սոցիալական
|
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 3 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.