Կախվածություն բջջային հեռախոսից. փորձագետները զգուշացնում են ծնողներին երեխաների վրա բջջայինների բացասական ազդեցության մասին

Կախվածություն բջջային հեռախոսից. փորձագետները զգուշացնում են ծնողներին երեխաների վրա բջջայինների բացասական ազդեցության մասին

Նազիկ Արմենակյան
ԱրմենիաՆաուի ֆոտոթղթակից

Տարածված, պետքական, բայց պետք է օգտվել չափավոր:

Այսօր (մարտի 10-ին) Երևանում անցկացված ֆորումի ժամանակ մասնագետները զգուշացրել են, որ վերջին տարիներին Հայաստանի հասարակության բոլոր շրջանակներում մեծ տարածում ձեռք բերած բջջային հեռախոսները կարող են բացասական ազդեցություն ունենալ երեխաների վրա:

Մասնագետներին շատ են անհանգստացնում հեռուստացույցով անընդհատ գովազդվող SMS ծանոթությունները և քվեարկությունները, ինչպես նաև այն հանգամանքը, որ երեխաները դասերի ընթացքում բջջայինները չեն անջատում և խանգարում են դասերը:

Ֆորումին մասնակցել են երեխաների խնդիրներով զբաղվող ՀԿ-ների ներկայացուցիչներ, կրթության և գիտության, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների և մարզպետարանների կրթության բաժինների աշխատակիցներ:

Բջջային օպերատոր «Արմենտել» ընկերության հանրային կապերի պատասխանատու Անուշ Բեղլոյանն ասում է, որ ընկերության անցկացրած ոչ ֆորմալ ուսումնասիրության արդյունքներով` Երևանի դպրոցականների 80 տոկոսից ավելին բջջային հեռախոս ունի:

«Դպրոցների տնօրենների մի մասը կարծում է, որ պետք է դպրոցներում ընդհանրապես արգելել բջջայինները, մյուսների կարծիքով`դրանք պետք է դասերի ժամանակ անջատել, ոմանք էլ առաջարկում են դպրոցում դարակներ տեղադրել, որտեղ երեխաները կպահեն իրենց բջջայինները»,- ասում է ֆորումի կազմակերպիչ «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի տնօրեն Միրա Անտոնյանը:

Համաձայն մասնագետների` բջջային ունեցող երեխան դառնում է խոցելի հատկապես կողմնակի անձանց միջամտության տեսանկյունից:

Մասնագետները կարծում են, որ տվյալ պարագայում ամենաճիշտը երեխաներին և ծնողներին բջջային հեռախոսի էթիկետին ծանոթացնելն է, քանի որ այս պարագայում վերահսկողության մեխանիզմներ չկան:

Օրինակ` «Արմենտել» ընկերությունը մշակել է խարտիա բջջային կապից օգտվելու էթիկայի վերաբերյալ և պատրաստվում է առաջիկայում Հայաստանի մարզերի դպրոցներում կազմակերպել բաց դասեր խարտիային ծանոթացնելու համար:
ԱրմենիաՆաուի էջերում