Հայաստանում հակակոռուպցիոն ծրագրերի վերաբերյալ իրազեկվածության մակարդակը դեռևս ցածր է

Հայաստանում հակակոռուպցիոն ծրագրերի վերաբերյալ իրազեկվածության մակարդակը դեռևս ցածր է

Նազիկ Արմենակյան
ԱրմենիաՆաուի ֆոտոթղթակից

Հայաստանում իրականացվող հակակոռուպցիոն ծրագրերի վերաբերյալ հասարակության իրազեկվածության մակարդակը դեռևս մնում է ցածր, թեև, ինչպես ասում է «Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոններ» (ՀՌԿԿ) ծրագրի հայաստանյան կենտրոնի տնօրեն Հեղինե Մանասյանը, անցյալ տարվա ընթացքում այն մի փոքր բարձրացել է:


«[Իրազեկվածության մակարդակը] միանշանակ բարձրացել է, սակայն դեռ շարունակում է ցածր մնալ: Եթե անցյալ տարի հակակոռուպցիոն ծրագրերի գործողությունների մասին գիտեր 1600 հարցվածների վեց տոկոսը, ապա այս տարի` ընդամենը յոթ տոկոսը»,- ասում է Մանասյանը:

(«Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոններ» ծրագիրը Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի մայրաքաղաքներում 2003 թ. հիմնված` ռեսուրսների և ուսուցման կենտրոնների ցանց է, որի նպատակն է խթանել հասարակագիտական հետազոտություններն ու պետական քաղաքականության վերլուծությունը Հարավային Կովկասում: Ծրագիրը (www.crrc.am) գործում է Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի և «Եվրասիա. համագործակցություն» հիմնադրամի համագործակցությամբ:)

2009 թ. վերջին և 2010 թ. հունվարին ՀՌԿԿ-ի հայաստանյան կենտրոնը իրականացրել է հետազոտություն` «Կոռուպցիան Հայաստանում. 2009 թ. հանրության և գործարարների կարծիքը» թեմայի շրջանակներում:
Հարցմանը մասնակցել է հանրապետության 1515 տնային տնտեսություններից և 400 մասնավոր ձեռնարկություններից մեկական անձ:

Ըստ Մանասյանի` հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ գործարար աշխարհի ներկայացուցիչներն ավելի իրազեկված են ինչպես կառավարության, այնպես էլ հասարակական կազմակերպությունների հակակոռուպցիոն գործողությունների մասին, քան տնային տնտեսությունները:
Հասարակական կազմակերպություններից հանրությունը և գործարար աշխարհը շատ բան չի ակնկալում և չի էլ հավատում, որ նրանք ի զորու են և կարող են հակակոռուպցիոն պայքարի մեջ մտնել:

«ՀԿ-ներից երկու կողմերն էլ ավելի շատ ակնկալում են խորհրդատվություն, պարզաբանումներ իրենց իրավունքների վերաբերյալ, դիցուք, եթե հայտնվեն կոռուպցիոն հարաբերություններում, ի´նչ իրավունքներ ու ի´նչ պարտականություններ կունենան»,- ասում է Մանասյանը:

Թե´ տնային տնտեսությունները, թե´ գործարարները նշել են, որ Հայաստանում կոռուպցիան ավելի շատ տարածված է բարձրաստիճան պաշտոնյաների շրջանում:

«Գործարարներն ամենակոռումպացված հաստատությունը համարել են Կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Հանրությունն ավելի շատ նշել է առողջապահության, կրթության և դատական համակարգերը»,- նշում է Մանասյանը:

Հետազոտությունը ցույց է տվել, որ գործարարների համար կոռուպցիան այսօր հավասարազոր է տնտեսական ճգնաժամի:

Մանասյանը մտահոգիչ է համարում այն փաստը, որ երկու կողմերն էլ չեն վախենում կոռուպցիոն հարաբերությունների մեջ մտնելուց: Նա ասում է, որ հարցվածների միայն 7-8 տոկոսն է հիշատակել, որ վախենում է պատժվելուց:

«Երբ հարցնում ես` լավ, ինչո՞ւ ես մտնում կոռուպցիոն հարաբերությունների մեջ, պատասխանում են, որ Հայաստանում բոլորն են այդպես անում»,- ասում է ՀՌԿԿ ծրագրի հայաստանյան կենտրոնի տնօրենը:

Հարցվածները, կոռուպցիան համարելով մտահոգիչ երևույթ, շատ քիչ են հավատում, որ կառավարությունն ունի կարողություն, ուժ և բավականաչափ քաղաքական կամք կոռուպցիան հաղթահարելու համար:

Մանասյանը նաև նշում է, որ հարցման մասնակիցները, որպես խնդրի լուծում, առաջարկել են ավելի խիստ պատիժը, օրենքի լիարժեք կիրառումը:

«Նման հարցումները շատ կարևոր են: Ինչքան հաճախ խոսակցություններ ծավալվեն կոռուպցիայի մասին, այնքան մարդիկ ավելի պատրաստ կլինեն գործնական քայլեր կատարելու: Նախկինում կոռուպցիայի մասին շատ քիչ էր խոսվում, իսկ այսօր հակառակ իրավիճակ է: Դա ես դրական քայլ եմ համարում»,- ասում է նա:

Հետազոտությունն իրականացվել է ԱՄՆ ՄԶԳ «Հակակոռուպցիոն գործողության մոբիլիզացման ծրագրի» հովանավորությամբ:

ԱրմենիաՆաուի էջերում