Մեզ հիմարի տե՞ղ են դնում. Վրաստանի ծովափնյա քաղաքի գնացքի տոմսերը մեծ պահանջարկ ունեն Հայաստանում

Մեզ հիմարի տե՞ղ են դնում. Վրաստանի ծովափնյա քաղաքի գնացքի տոմսերը մեծ պահանջարկ ունեն Հայաստանում

Նազիկ Արմենակյան
ԱրմենիաՆաուի ֆոտոթղթակից

Տոմսերը քիչ են, վաճառքը՝ դանդաղ…

2010 թ. Երևանում գնացքի տոմսի համար հերթերը հիշեցնում են 90-ականների սուղ տարիներին հաց կամ նավթ ձեռք բերելու համար գոյացող հերթերը:


Վրաստանի Բաթում քաղաքում արձակուրդներն անցկացնելու համար հայաստանցիները ստիպված են առավոտյան 5-ից հերթ կանգնել Երևանի երկաթուղային կայարանում, որպեզի կարողանան գնացքի տոմս ձեռք բերել հայաստանյան տապից Սև ծովի ափին պատսպարվելու համար:

Անցյալ ամառ երկաթուղային հատուկ ծառայություն բացվեց հանգստացողներին շուրջ 19 ժամում ծովափ հասցնելու համար: Այս տարի գնացքով ճամփորդելն այնքան է տարածվել, որ պահանջարկը մի քանի անգամ գերազանցել է առաջարկը, ինչը հիմնականում պայմանավորված է այն փաստով, որ քաղաքացիների գործը «հեշտացնելու» նպատակով գործարք է կնքվել տուրիստական գործակալությունների հետ:

48-ամյա Վոլոդյա Մխիթարյանը կայարանում հերթ էր պահել առավոտյան ժամը 5-ից և հույս էլ չուներ, թե կստանա սպասված տոմսը:

«Պատկերացնո՞ւմ եք` այսքան մարդ է հավաքված, իսկ վաճառողը եկավ ու ընենց հանգիստ հայտարարեց, թե վաճառելու են ընդամենը 24 տոմս: Ո՞ւր են մյուս տոմսերը: Ամեն օր 10 վագոն է գնում: Ի՞նչ են արել տոմսերը. սև շուկա են բացել, թանկ վաճառում են»,- «ԱրմենիաՆաուին» ասում է Մխիթարյանը:

Իրականում «սև շուկա» կոչվածը տուրիստական ընկերություններն են, որոնց հետ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն այս տարի կնքել է պայմանագիր, և նրանց ևս տրվել է տոմսերը վաճառելու թույլտվություն: Գործակալությունները, լրացուցիչ գումարի դիմաց, գնացքի տոմսն ընդգրկում են իրենց առաջարկած ծառայությունների փաթեթում:

Ինչպես «ԱրմենիաՆաուին» ասում է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատու Վահե Դավթյանը, այս գործարքն արվել էր, որպեսզի առավել հեշտացվի քաղաքացիների գործը:

Ամենօրյա երթուղու տոմսերի մեծ մասը գնել են տուրիստական գործակալությունները և բարձր գնով վերավաճառում են: «ԱրմենիաՆաուն» պարզել է, օրինակ, որ, եթե կայարանում բաց (պլացկարտ) վագոնի տոմսն արժե 7000 (19 դոլար) դրամ, ապա տուրիստական գործակալություններից մեկում այն արժե 12000 (33 դոլար) դրամ:

Հերթում կանգնած քաղաքացները, որոնք տոմս ձեռք բերելու հույսեր են փայփայում, ասում են, որ սա խախտում է երկաթուղային այս ծառայության բուն նպատակը` համեմատաբար սուղ ընտանեկան բյուջե ունեցողներին տրանսպորտով ապահովելը: «Ես ինչո՞ւ տուրիստականից գնեմ, եթե պետական գինն է ինձ հարմար: Ի՞նչ է, մարդու հիմարի տե՞ղ են դնում: Ո՞վ է նրանց թույլ տվել նման ձևով խախտել սպառողների իրավունքները»,-«ԱրմենիաՆաուին» ասում է 38-ամյա Մարիետա Ղազարյանը:

Սովորաբար տոմս գնելու համար հերթեր եղել են նաև նախորդ տարիներին, սակայն այս տարին բացառիկ է, քանի որ օրեր են լինում, երբ տոմսարկղերի մոտ հավաքված մարդկանց թիվը հարյուրից ավելի է:
Չորեքշաբթի` հուլիսի 21-ին, մարդկանց հնարավոր բախումները կանխելու համար կայարան էին ժամանել անգամ «կարմիրբերետավոր» կոչվող ստորաբաժանման ոստիկաններ:

Ոչ միայն տոմսերի քանակն է քիչ, այլ նաև վաճառքն է դանդաղ ընթանում, քանի որ տոմսը գրում են ձեռքով, այնուհետև տոմսավաճառը գեղեցիկ ձեռագրով, դանդաղ տոմսում առկա տեղեկությունը գրանցում է մատյանում, ինչը հիշեցնում է խորհրդային հին ժամանակները:
Ամեն տոմսի ձևակերպումը տևում է մոտ 25 րոպե:

«Համաձայն եմ, վաճառքը դանդաղ է կատարվում, մենք այս տարի նպատակ ունեինք անցնելու էլեկտրոնային համակարգի, սակայն չհասցրինք: Բայց այսօր մենք ունեցել ենք բավական լուրջ խորհրդակցություն, և մինչև օգոստոսի սկիզբը լուրջ փոփոխություններ կլինեն, ու իրավիճակը կշտկվի»,- «ԱրմենիաՆաուին» ասում է Դավթյանը:

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունն է, որին 2008 թ. 30 տարով կոնցեսիոն կառավարման է հանձնվել «Հայկական երկաթուղի» ՓԲԸ-ն` 20 տարի երկարաձգման իրավունքով:

Անցյալ տարի Երևան-Բաթում գնացքից օգտվել է մոտ 17.000 քաղաքացի, ընկերությունում հույս ունեն, որ այս տարի թիվը կհասնի 25.000-ի, եթե, իհարկե, այդքան համբերատար քաղաքացիներ գտնվեն Հայաստանում:

Դեռ ապրիլին, երբ Հայաստան էր ժամանել «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ նախագահ Վլադիմիր Յակունինը` ծանոթանալու դուստր ձեռնարկությունում իրականացված աշխատանքներին, գոհունակությամբ հայտարարել էր, որ Հայաստանում արված մոտ 500 մլն դոլարի ներդրումներն արդյունավետ են օգտագործվել: Այդ «արդյունավետությունը», սակայն, հազիվ թե համապատասխանում է այն բանին, ինչ կատարվում է Երևանի կայարանում:

Իսկ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Մարատ Խակովն ասել էր, որ ընկերությունը պատրաստ է մեկնարկել ամառային սեզոնը 12 վերանորոգված վագոններով, որտեղ մատուցվելու են նաև լրացուցիչ ծառայություններ` «կտրամադրվեն մամուլ, նախաճաշ, ամեն տեսակի խաղեր, շախմատ, նարդի, մի խոսքով` զուտ տնական մթնոլորտ կլինի»,- խոստացել էր Խակովը:

Սակայն 28-ամյա Մարինե Կիրակոսյանը կգերադասեր տոմսերի քաղաքակիրթ վաճառքը «լրացուցիչ ծառայություններից»:

«Իրենց լրացուցիչ այդ ծառայությունների փոխարեն թող նորմալ վաճառք ապահովեն: Նույն իրավիճակն է, ինչ ժամանակին բջջայինի իզի [կանխավճարային] քարտերի վաճառքի ժամանակ: Ուղղակի մեր ժողովրդին հիմարացնում են»,- զայրացած ասում է Կիրակոսյանը:

ԱրմենիաՆաուի էջերում