Մերժել է. վարչական դատարանը չի բավարարել բնական գազի սակագնի բարձրացման դեմ հայցը
Գազ. Երևանի Վարչական դատարանը մերժել է բնական գազի սակագնի բարձրացման դեմ հայցը: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մարտին հաստատել էր Հայաստանում մենաշնորհային դիրք ունեցող «Հայռուսգազարդի» սակագների բարձրացման հայտը, ըստ որի ապրիլի 1-ից մոտ կես միլիոն սպառողներ ստիպված կլինեն 1000 խմ գազի համար վճարել 132.000 դրամ (364 դոլար)` նախկին 96.000 դրամի (265 դոլար) փոխարեն (ձմռան ամիսներին ամսական միջին ծախսը կբարձրանա 10.000 դրամով (27 դոլար): Մինչդեռ խոշոր սպառողների համար գազի սակագինը 1000 խմ-ի դիմաց 215 դոլարից բարձրացել է` հասնելով 243 դոլարի: Բողոքը նախաձեռնող Հայ ազգային կոնգրեսը, որը դատարան հայց է ներկայացրել, պնդում է, որ բարձրացումը տնտեսապես հիմնավորված չէ, և «Հայռուսգազարդը» գերշահույթներ է ստանում: «Ավելին, բնավ հիմնավորված չէ, որ ժողովուրդն ավելին վճարի, քան հարուստները, որոնք ավելի մեծ սպառողներ են, որոնք հարկ էլ չեն վճարում, նման սկզբունք չկա աշխարհում: Նույն ռուսական «Գազպրոմը», որի դուստր ձեռնարկությունն է «Հայռուսգազարդը», ժողովրդին ավելի ցածր գնով է վաճառում, քան հարուստ արտադրողներին»,- «ԱրմենիաՆաուին» ասում է նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: Դատարանը հայցը քննել էր գրավոր ընթացակարգով, և փաստաբան Վահե Հովսեփյանի կարծիքով` գրավոր քննությունն ազդել է դատավճռի վրա, «քանի որ շատ հարցեր կարող էին պարզաբանվել ու հաստատվել միայն բանավոր ընթացակարգի ժամանակ»: Ըստ Բագրատյանի` դատարանը «վախեցավ նորմալ, բանավոր դատավարություն անցկացնելուց, քանի որ լավ հասկանում էր, որ բողոքի փաստարկները շատ ավելի հիմնավոր են»: Բագրատյանը հավելում է նաև, որ չնայած հայցը մերժվել է, սակայն կարևոր արդյունք կունենա, քանի որ կանխելու է հետագա բարձրացումը: «Ես գիտեմ, որ առաջիկա մեկ տարում ևս կային սակագները բարձրացնելու ծրագրեր, և այս բողոքը նրանց համար զսպման միջոց դարձավ, հասկացան, որ ամեն ինչ չեն կարող անել այս ժողովրդի գլխին»,- վստահ է Բագրատյանը:
Other Articles in Սոցիալական
|
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.