Նազիկ Արմենակյան
ԱրմենիաՆաուի ֆոտոթղթակից
Հայաստանում բարձրացել են հացի և ալյուրի գները:
Ռուսաստանում երաշտը պատճառ է դարձել Հայաստանում հացի գների 20-25%-ով բարձրացման: Ըստ տնտեսագետների` ցորենից պատրաստված սննդամթերքների ավելի մեծ թանկացումներ են սպասվում, քանի որ Ռուսաստանում, որտեղից ներմուծվում է Հայաստանի ցորենի պահանջարկի մոտ 80 տոկոսը, վերջին 120 տարիների ընթացքում ամենածանր երաշտն է:
Սակայն, սպառողների իրավունքների պաշտպանները վստահեցնում են, որ արդեն իսկ սկսված թանկացումներն անհիմն են, քանի որ ալյուրի բավական պաշար կա բավարարելու պահանջարկը, և գների վրա դա չպետք է ազդեր, այդուհանդերձ, աշնան բերքից հետո պաշտոնյաները ակնկալում են մինչև 30 տոկոս գնաճ:
Երևանի և մարզերի խանութներում վերջին մեկ շաբաթում հացի գինը բարձրացավ 10-20 դրամով, իսկ ալյուրի պարկի գինը` մոտ 2000 դրամով:
Մարատ Սեդրակյանը, ով հացի սեփական արտադրամաս ունի, ասում է, որ իրենք ստիպված են գները բարձրացնել, քանի որ ալյուրի մեծածախ գները բարձրացել են:
«Մեկ օր առաջ ալյուրը գնեցի 10200 դրամով (27 դոլար), այնինչ դրանից մեկ շաբաթ առաջ նույն 50 կգ պարկը 8000 դրամ էր (21 դոլար)»,- «ԱրմենիաՆաուին» ասում է Սեդրակյանը:
Մինչդեռ գների բարձրացման հիմնական պատճառը, ըստ տնտեսագետ, կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանի, ոչ թե Ռուսաստանի եղանակային պայմաններն են, այլ Հայաստանի տնտեսության մոնոպոլիզացիան:
«Այստեղ գործում է մեկ տրամաբանություն. եթե միջազգային շուկայում գները բարձրանում են, ապա դրանք բարձրանում են նաև Հայաստանում, եթե միջազգային գներն իջնում են, Հայաստանում, միևնույն է, բարձրանում են»,- «ԱրմենիաՆաուին» ասում է Ասատրյանը:
Ըստ Ասատրյանի` 2008-2009-ի ընթացքում միջազգային շուկայում գներն իջել են մոտ 50 տոկոսով, մինչդեռ Հայաստանում նման գնանկում տեղի չի ունեցել:
«…քանի որ ներկրումը և ողջ տնտեսությունը մոնոպոլիզացված են ու կենտրոնացված մի քանի անձանց ձեռքում»,- բացատրում է տնտեսագետը:
Հայաստանի ցորենի ներքին պահանջարկի շուրջ 60%-ը ներմուծվում է, որն իրականացնում են երկու ընկերություններ` «Մանանա Գրեյնը» և պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Գրիգը», և տնտեսագետները վստահ են, որ այս շուկան մոտ 50 տոկոսով գրաված «Ալեքս Գրիգը» պարզապես գերշահույթներ է ստանում:
Այս տարի անբարենպաստ եղանակի պատճառով Հայաստանում 17-21 տոկոսով բարձրացել են նաև բանջարեղենի ու մրգերի գները:
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.