Միջադեպեր Թուրքիայում. հարևան երկրում բռնության դեպքերի մասին հաղորդումները մտահոգում են հայ զբոսաշրջիկներին
Թուրքիայի հանգստյան գոտիներում արձակուրդներն անցկացնելու տուրեր առաջարկող տուրիստական գործակալություններից մեկում ասում են, որ այս միակողմանի հաղորդումներից մտահոգ քաղաքացիները, որոնք տարակուսանքի մեջ են Թուրքիայում ամառային արձակուրդներն անցկացնելու հետ կապված, զանգահարում են տուրօպերատորին` տեղեկանալու կատարվածի մասին: (Հայաստանի և Թուրքիայի միջև վաղեմի թշնամանք կա, և, թեև վերջին տարիներին քաղաքական ղեկավարները հաշտության եզրեր գտնելու ուղղությամբ քայլեր են կատարում, երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ դեռ չեն հաստատվել և Հայաստան-Թուրքիա ընդհանուր սահմանը մնում է փակ: Այդուհանդերձ, մեծ թվով հայ զբոսաշրջիկներ, այդ թվում` Հայաստանի քաղաքացիներ, ապրում կամ, աշխատանքի բերումով, որոշ ժամանակ բնակվում են Թուրքիայում: Ամեն տարի բազմաթիվ հայաստանցիներ նաև մեկնում են հարևան երկիր` այնտեղ արձակուրդներն անցկացնելու համար:) Օրերս մամուլում և սոցիալական ցանցերում տեղեկություններ տարածվեցին Թուրքիայում կորած հղի հայ կնոջ և այնտեղ հանգիստն անցկացնող ընտանիքի` բռնության ենթարկվելու մասին: Շատերը, որոնց թվում նաև որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ, այս դեպքերին քաղաքական երագնավորում տվեցին` կոչ անելով զերծ մնալ Թուրքիայում հանգստանալու գայթակղությունից: Հայկական լրատվամիջոցները` հղում կատարելով թուրքական «Սաբահ» օրաթերթին, հաղորդում են ՀՀ քաղաքացի 29-ամյա Աննա Դավթյանի (նա ամուսնացած է և բնակվում է Դուբայում (ԱՄԷ) և վեց ամսեկան հղի է) կորստի մասին, որը հուլիս 17-ին Անկարայի հյուրանոցներից մեկում իր ընկերոջից բաժանվելուց հետո առեղծվածային պայմաններում անհետացել է: Դստերը գտնելու նպատակով Ստամբուլ է մեկնել կորածի մայրը` Կարինա Դավթյանը, որը մտավախություն ունի, թե իր աղջկան առևանգել են: Առայժմ նրա վերաբերյալ որևէ տեղեկություն չկա, թեև, ինչպես «ԱրմենիաՆաուին» փոխանցեց ՀՀ Արտաքին գործերի նախարարության մամլո խոսնակ Տիգրան Բալայանը, նրանք աշխատանքներ են տանում կորած քաղաքացուն գտնելու ուղղությամբ, աակայն չմանրամասնեց, թե կոնկրետ ինչ աշխատանքներ: Բալայանը հավաստիացրեց, որ խնդրին առնչվող նոր տեղեկություն ունենալու դեպքում հանրությանը կիրազեկեն այդ մասին: ԱԳՆ մամլո խոսնակն ասաց, որ նախարարությանը կատարվածի մասին տեղյակ են պահել դեպքից 12 օր անց, որը, ըստ նրա, «տարօրինակ» է: Ավելի բարեհաջող է ավարտվել Թուրքիայում հանգստացող հայ ընտանիքի պատմությունը: Վերջիններս տուժել են նույն հյուրանոցում հանգստացող ռուսաստանաբնակ աղջիկների (որոնցից մեկը ազգությամբ հայ), նրանց պաշտպանող չորս մոսկվայաբնակ երիտասարդների, որոնցից երկուսն ազգությամբ հայ են և հյուրանոցի աշխատակազմի միջև սկսված վեճի ու ծեծկռտուքի հետևանքով: Ընտանիքի մայրը` Լիանա Մամյանը, պատմել է, որ ռուս աղջիկները հյուրանոցի ընդհանուր սրահում նստած նոութբուքով ինչ-որ գործ են արել, երբ նրանց մոտեցել են մատուցողները և կոպիտ ձևով սեղանի վրայից քաշել սփռոցը: Աղջիկները նկատողություն են արել, մատուցողներն էլ սկսել են նրանց հետ վիճել, այնուհետև վեճին միացել են չորս ռուսաստանցի տղաները, որ պարզեն թե ինչ է եղել, և այդպես սկսվել է ծեծկռտուքը հյուրանոցի աշխատակիցների և այդ չորս տղաների միջև: Այնուհետև, ըստ Մամյանի, հյուրանոցի աշխատակիցները ծեծել են նրա ամուսնուն, ինչպես նաև ավագ որդուն, որը գնացել էր ընդանուր սրահ այդ չորս երիտասարդների բջջայինները բերելու: «Մենք մեր ընտանիքով մի բան որոշեցինք հաստատ. Թուրքիա, էլ երբեք, որևէ մեկս ոտք չի դնի»,- իր պատմությունը եզրափակում է Մամյանը։ Այս տեղակատվությունից հետո համարյա բոլորը սոցիալական ցանցերում և նույնիսկ հեռուստատեսությամբ սկսեցին քաղաքական դրդապատճառներ որոնել այս երկու դեպքերի մեջ: Ընդհանրապես Թուրքիայում հանգստանալ-չհանգստանալու հարցը երկար տարիներ քննարկման բուռն թեմա է եղել: Այնտեղ չհանգսանալու մասին կոչ անողները սովորաբար ասում են, որ այդպիսով հայերը օգնում են Ադրբեջանին ավելի լավ բանակ ունենալ, քանի որ Թուրքիան իր հանգստյան գոտիներում հայերի ծախսած գումարներն ուղղում է դեպի Ադրբեջան: ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալության պետ Գագիկ Եգանյանը տեղական հեռուստաընկերություններից մեկին տված իր հարցազրույցում այն կարծիքը հայտնեց, որ սա միգուցե արդյունքն է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն հայտարարության, որ կարող է վտարել Թուրքիայում ապօրինի բնակություն հաստատած հայերին և հնարավոր է, որ Թուրքիայի քաղաքացիները դա որպես գործողության կոչ են ընկալել: «Թեզ տուր» ՍՊԸ տնօրեն Նարինե Դավթյանն «ԱրմենիաՆաուին» ասում է, որ լրատվամիջոցները տարածում են ծեծկռտուքի վերաբերյալ այս լուրն առանց իրենց հետ ճշտելու, թե իրականում ինչ է կատարվել: («Թեզ տուրը» ռուսաստանյան խոշոր տուրիստական գործակալության մասնաճյուղն է Հայաստանում, որը կազմակերպել էր տուժած ընտանիքի հանգիստը Թուրքիայում: Գործակալությունում ասում են, որ դեպքի առնչությամբ հավաստի տեղեկություններ ունեն Անթալիայում իրենց ներկայացուցչից:) «Իրականում, գիշերվա 1-2-ն է եղել և մատուցողները մի քանի անգամ խնդրել են աղջիկներին սեղանից վերցնել նոութբուքը, որպեսզի իրենց սրահը պատրաստեն առավոտվա նախաճաշի համար, սակայն աղջիկները նրանց վրա ուշադրություն չեն դարձնում և ջղայնացած մատուցողը նոթբուքը վերցնում և դնում է մյուս սեղանին»,-ասում է Դավթյանը` ավելացնելով, որ այդ պահին ռուսաստանցի չորս երիտասարդներն են մոտենում և սկսվում է ծեծկռտուքը: Ըստ Դավթյանի` այս դեպքը չի կատարվել քաղաքական կամ ազգային հողի վրա և պատճառը մատուցողների նկատմամբ արհարմարական վերաբերմունքն է եղել, ինչին «հաճախ կարելի է հանդիպել նաև Երևանում»: «Ընդհանրապես Անթալիայի հյուրանոցատերերը զերծ են մնում քաղաքականությունից, քանի որ նրանց հետաքրքրում է իրենց բիզնեսը»,- ասում է Դավթյանը` ավելացնելով, որ սա իրենց գործակալության պատմության մեջ առաջին նման դեպքն է: Նա ասում է, որ իրենք դեպքի մասին առաջին անգամ իմացել են մամուլի հրապարակումներից, և տուժող ընտանիքը չի էլ եկել տուրիստական գործակալությանը բողոքելու:
Other Articles in Սոցիալական
|
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 8 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.