Նազիկ Արմենակյան
ԱրմենիաՆաուի ֆոտոթղթակից
Այս տարվա տուրիստական սեզոնը կարծես թե մոտենում է ավարտին, և Երևանում կարելի է տեսնել բազմաթիվ արևահարված մարդկանց, որոնց մեծ մասը հանգստացել է ոչ թե հարազատ Սևանա լճի ափին, այլ Վրաստանի հանգստավայրերում` Բաթումում, Քոբուլետում և Ուռեկիում:
(Մյուս ճամփորդական ուղղությունները, ինչպիսիք են, օրինակ` Թուրքիան, Կիպրոսը, Թունիսը, Ուկրաինան, Ռուսաստանը կամ Արևելյան Եվրոպայի հանգստավայրերը, նույնպես նախընտրելի տարբերակներ են շատերի համար:)
Համաձայն վրացական աղբյուրների` այս տարի Վրաստանում երկու անգամ ավելի հայ է հանգստացել, քան անցյալ տարի: Ինչպես հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը, հուլիս-օգոստոս ամիսներին միայն երկաթուղով 34 հազար մարդ է այցելել Վրաստան, որը երկու անգամ գերազանցում է անցյալ տարվա ցուցանիշը:
Այս են վկայում երկաթուղային կայարանում մարդկանց մեծ հերթերը, որոնք Երևան-Բաթում գնացքի տոմս գնելու համար հուլիս-օգոստոս ամիսներին վաղ առավոտից ստիպված էին հերթ կանգնել:
Այս տարի արդեն ընտանիքով կամ ընկերներով գնացքով ճամփորդելն այնքան է տարածվել, որ պահանջարկը մի քանի անգամ գերազանցել է առաջարկը: Տոմսի գները տատանվում են 7400-24000 դրամի սահմաններում (մոտ 20-65 ԱՄՆ դոլար): (Ինքնաթիռի տոմսն արժե 71000 դրամ, մոտ 195 ԱՄՆ դոլար:) Թեև գնացքով ճամփորդելը մեծ տարածում է ձեռք բերել, այդուհանդերձ դժվար թե դա հարմարավետ է: Գնացքով 723 կմ Երևանից Բաթում գնալը, որն ավտոմեքենայով շուրջ 10 ժամվա ճանապարհ է, տևում է 19 ժամ, քանի որ գնացքը հազիվ է շարժվում ռելսերով, որոնցով արագ սլանալն այլևս անվտանգ չէ: Գնացքը դուրս է գալիս Երևանից ժամը 14-ին և հաջորդ օրը վաղ առավոտյան ժամանում Բաթում:
Ըստ տուրիզմի ասպարեզում գործող մասնագետների` Հայաստանն ունի թանկ երկրի համբավ թե´ տեղացիների և թե´ արտասահմանցի զբոսաշրջիկների համար: Երևանաբնակ Ալլա Կաթունյանը, ով ամուսնու և երկու երեխաների հետ այս տարի երկու շաբաթ հանգստացել է Քոբուլետում, ասում է, որ արդեն երրորդ տարին է, ինչ իր ընտանիքը նախընտրում է հանգստանալ Սև ծովի ափին` Սևանա լճի` իր բնորոշմամբ` «կեղտոտ» ափերի փոխարեն:
«Նախևառաջ ծով ենք գնում, հետո նույն գումարով էստեղ չենք հասցնի նորմալ հանգստանալ, Սևանի ափին նորմալ լողափ և մնալու նորմալ տեղ գտնելու համար ավելի շատ գումար ենք ծախսում»,- ասում է Կաթունյանը:
Եթե Սևանի ափին մեկօրյա կարգին հանգիստ կարելի է անցկացնել 14 հազար դրամով (մոտ 38 դոլար) մեկ մարդու համար, ապա Վրաստանում, համաձայն հայ հովեկների, կծախսեն դրա կեսը կամ մի քիչ ավելի:
«Ինչո՞ւ են մարդիկ մեկնում Վրաստան: Հարցն այն է, որ վրացիները մեզնից ավելի խելոք գտնվեցին և մեծ գովազդային աշխատանք կատարեցին: Բայց ասել, որ այնտեղ պայմանները լավ են, սպասարկումը լավ է` ոչ»,- ասում է Հայաստանի ներգնա տուրօպերատորների միության նախագահ, Տուրիզմի ինստիտուտի ռեկտոր Ռոբերտ Մինասյանը:
«Իմեգա թրեվել ընդ թուր» տուրիստական գործակալության գլխավոր մենեջեր Կարեն Անտաշյանն ասում է, որ այս տարի Հայաստանում հանգստացող հայերի մոտ շատ բան չի փոխվել:
«Միայն ավելացել է Ղարաբաղի նկատմամբ հայաստանցիների հետաքրքրությունը, ինչպես նաև այս տարի ուսանողական, երիտասարդական արշավների բում կար»,-ասում է Անտաշյանը:
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 2 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.