Ընդդեմ ԱՊՊԱ-ի. ընդիմությունն ասում է` մեքենաների ապահովագրությունը հապշտապ է և թերի

Ընդդեմ ԱՊՊԱ-ի. ընդիմությունն ասում է` մեքենաների ապահովագրությունը հապշտապ է և թերի

Նազիկ Արմենակյան
ԱրմենիաՆաուի ֆոտոթղթակից

Հայաստանում ավտոմեքենաների դիմապակու վրա պետք է փակցված կտրոններ լինեն, որոնք կվկայեն մեքենայի պարտադիր ապահովագրությունը

Ընդդիմությունը բողոքի ակցիաներ է սկսում ավտոմեքենաների պարտադիր ապահովագրության ներդրման դեմ, որը, ըստ ընդդիմադիր ուժերի` ժամանակին չէ և կստեղծի լուրջ սոցիալական լարվածություն:


Ավտոմեքենաների ապահովագրությունը, որը հայտնի է ԱՊՊԱ հապավմամբ, հոկտեմբերի 18-ից իրականացնում են ութ ապահովագրական ընկերություններ: Այն վարորդները, որոնք մեքենաներն ապահովագրած չեն լինի, հունվարի 1-ից կենթարկվեն մեծ տուգանքների: Ապահովագրության արժեքը տատանվում է 19.000-106.000 դրամի (մոտ 50-259 դոլար) սահմաններում` կախված մեքենայի մակնիշից, վարորդական փորձից և տարիքից:

Իսկ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) և «Ժառանգություն» կուսակցությունը հրապարակավ խստորեն քննադատել են կառավարությանը` անկատար օրենքի և գործընթացի համար:

Դեկտեմբերի 21-ին «Ժառանգություն» կուսակցության նախաձեռնությամբ բողոքի ավտոերթեր կանցկացվեն Երևանում, Գյումրում և Վանաձորում: Ըստ կազմակերպիչների` ակցիաները կշարունակվեն այնքան, մինչև կառավարությունը վերանայի ընդունված օրենքը:

Թեև շատ վարորդներ արդեն ենթարկվել են նորամուծությանը, որը, ըստ կառավարության, բխում է աղքատ խավի շահերից և կփոխհատուցի երրորդ կողմի հասցրած վնասը, շատերն էլ բավարար գումար չունենալու կամ զգուշավորության պատճառով դեռ չեն շտապում ապահովագրել իրենց մեքենաները:

Ոստիկանության տվյալներով` Հայաստանում ներկայումս կան 450.000 ավտոմեքենա ունեցողներ, որոնց թիվը գնալով աճում է:

Ավտոմեքենա ունեցողների համար ապահովագրությունը լրացուցիչ ծախս է Նոր տարվա թանկ տոներին նախաշեմին և ընդհանուր գնաճի պայմաններում: Իրենց մեքենաները չապահովագրած վարորդները կտուգանվեն 50.000 դրամ (մոտ 170 դոլար), երբ ճանապարհատրանսպորտային ոստիկանը կանգնեցնի նրանց:

Թեև դեռ օրենքի ընդունման ժամանակ խորհրդարանական ընդդիմադիր կուսակցություններ «Ժառանգությունն» ու ՀՅԴ-ն դեմ քվեարկեցին այս օրենքին, սակայն կոալիցիոն մեծամասնության ուժերով այն ընդունվեց:

Սակայն «Ժառանգությունը» որոշել է շարունակել պայքարը`շեշտելով, որ դեմ է ոչ թե ապահովագրությանը, այլ որ այն իրականացվում է սոցիալական ծանր պայմաններում և ոչ ճիշտ սկզբունքներով:

«Մենք կփորձենք անել ամեն ինչ, որ կառավարությունը գիտակցի, որ ԱՊՊԱ-ի ներդրումն այս պահին հարմար չէ, այդ որոշումը հապշտապ է ու ավելորդ անգամ մեծացնելու է Հայաստանի բնակչության ֆինանսական ծանրաբեռնվածությունը»,- ասում է «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Ըստ Մարտիրոսյանի` մտահոգիչ է ոչ միայն ապահովագրության ներդրման ժամանակը, այլև օրենքը, որը հնարավորություն է տալիս «ժողովրդի կեղեքման հաշվին լցնել մի քանի մասնավորների գրպանները»:

Բացի այդ, ըստ «Ժառանգության» ներկայացուցիչների` Հայաստանի իշխանությունները, խախտելով շուկայական տնտեսության սկզբունքները, ապահովագրական ընկերություններին հնարավորություն չեն տվել պոլիսների ֆիքսված գներից ցածր սակագներ սահմանել, ինչը բացառելու է ապահովագրողների մրցակցությունը և դրանից բխող ապահովագրության սակագների նվազեցումը:

Չնայած Հայ ազգային կոնգրեսը ևս դեմ է ապահովագրության այս գործընթացին, որը, ըստ ՀԱԿ-ի հայտարարության. «սոցիալական կատակլիզմի հասնող այս պայմաններում ամենևին հրատապ չէ», սակայն առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի աջակիցները դեռ չեն պատրաստվում միանալ «Ժառանգության» ակցիային:

Թեև իշխանության անդամներից շատերն ասում են, որ ԱՊՊԱ-ն ընդդիմադիրների համար պարզապես դարձել է նոր բողոքի ալիք բարձրացնելու հարմար առիթ, սակայն նրանցից ոմանք ևս տեսնում են սոցիալական լարվածության վտանգ:

ՀՀԿ խմբակցության անդամ Ռաֆիկ Պետրոսյանն ասում է, որ ժամանակին ինքն էլ է դեմ եղել այս օրենքին, սակայն չէր կարող ընդդիմանալ կուսակցության որոշմանը:

«Ես այն ժամանակ էլ ասացի, որ սա ժողովրդին թալանելու նոր ձև է, դրանից առաջ էլ աղբահանության գները բարձրացան, անշուշտ, սա լարվածություն կստեղծի, սակայն օրենքը հնարավոր չէ չեղյալ հայտարարել»,- «ԱրմենիաՆաուին» ասում է Պետրոսյանը:

Լուծման միակ տարբերակը, ըստ Պետրոսյանի, ապահովագրության գների իջեցումն է:

Նախորդ շաբաթ խորհրդարանում օրենքի հետկանչումը մերժեց նաև ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը` պատասխանելով «Ժառանգություն» խմբակցությունից պատգամավոր Մարտիրոսյանի հարցին, թե ճիշտ չի լինի հետ կանգնել այս գործընթացից:

Նախարար Դավթյանը պատասխանեց, թե «վտանգավոր է գործողություն սկսել ու կեսից փոշմանել»` հավելելով, որ ապահովագրությունն ընդունված է միջազգային պրակտիկայում:

Իսկ Մարտիրոսյանն էլ հակադարձեց, որ քաղաքացիները միջազգային չափանիշներին համապատասխանող նորմալ աշխատավարձ չեն ստանում, բացի այդ, «պետք չէ պարտադիր ձորը գլորվել ու ասել՝ քանի որ գնում ենք գլորվելու, գնանք մինչև վերջ: Կարելի է կես ճանապարհից հետ դառնալ ու սխալները նվազագույնի հասցնել»:

ԱրմենիաՆաուի էջերում