Վարորդների բողոք. «Ժառանգությունն» ավտոերթ է կազմակերպում մեքենաների ապահովագրության պայմանների դեմ
Ի նշան բողոքի պարտադիր ապահովագրության օրենքի դեմ՝ ավտոմեքենաների երթն ընթացել է Երևան քաղաքով՝ ասելու «Ո’չ ԱՊՊԱշնորհ օրենքին»:
Ավտոերթին մասնակցող մեքենաները միացրել են բարձր ազդանշաններ, պատուհաններից պարզել են Հայաստանի դրոշը։ Վարորդները մեքենաների վրա փակցրել էին «Այո´ ապահովագրմանը, ո´չ ԱՊՊԱ կողոպուտին», «Մի´ ԱՊՊԱկողմնորոշեք», «Նախ` եվրո աշխատավարձեր, ապա` եվրոԱՊՊԱ», «Ո´չ ԱՊՊԱշնորհ օրենքին», «Պարտադիր, բայց ոչ բռնի» կարգախոսները: Շատերի համար նոր օրենքը լրացուցիչ ծախսեր է ստեղծել Նոր տարվա տոների նախաշեմին: Սակայն կառավարության և ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչներն ասում են, որ վարորդներից շատերը ավելի ուշ կզգան օրենքի շահավետությունը, քանի որ ապահովագրական պոլիսները, որոնցով կծածկվեն երրորդ կողմի վնասները, ուղղված են հիմնականում մեքենա ունեցողների համեմատաբար աղքատ խավի շահերը պաշտպանելուն: Կառավարության շենքի առջև ելույթ ունեցավ «Ժառանգություն» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը: Նա ընթերցեց կառավարությանն ուղղված քաղաքացիական պահանջագիրը, որը հետո հանձնվեց կառավարությանը: «Մենք դեմ չենք ապահովագրությանը, սա գործընթաց է, որ կատարվում է ողջ աշխարհում, սակայն համարում ենք, որ աղքատության նման ցուցանիշ ունեցող մեր երկրի համար ոչ ճիշտ քայլ է: Կայացվել է հապճեպ որոշում, որը չի բխում մարդկանց շահերից»,- ասաց «Ժառանգության» մեկ այլ պատգամավոր` Ստեփան Սաֆարյանը: Պահանջագրում նշված է նաև. «Հետաձգել օրենքի կիրարկումը մեկ տարով, նվազեցնել Կենտրոնական բանկի կողմից հաստատված պայմանագրերի անհիմն բարձր սակագները, բարձրացնել պատահարների հետևանքով վնասի փոխհատուցման առավելագույն գումարների չափը` ապահովելով ապահովագրական սակագների հետ դրանց խելամիտ հարաբերակցությունը, ինչպես նաև լրամշակել ապահովագրական ընկերությունների լիցենզավորման կարգը և օրենքից հանել սակագների ստորին շեմին վերաբերող սահմանափակումը` ապահովագրական ընկերությունների համար ստեղծելով ազատ մրցակցության դաշտ»: Նման պահանջագրեր են ներկայացրել նաև Շիրակի, Լոռու և Արմավիրի ավտոերթերի մասնակիցները: Թեև հիմնականում անտեսելով նման մեղադրանքներն ու պահանջները` սակայն անցյալ շաբաթ ՀՀ կառավարությունն իր հերթական նիստում որոշել է վերացնել ավտոմեքենաները հաշվառելու և հաշվառումից հանելու համար նախատեսված վճարումները` սովորական գործողություն գյուղացիների համար, որոնք մեքենաներն ու բեռնատարներն օգտագործում են միայն հողագործությամբ զբաղվելու սեզոնին:
Other Articles in Հասարակություն
|
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 1 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.