Կորցրած հնարավորությո՞ւն. «Լինսի» փակումը ոմանք համարում են որպես մեղադրանք

Կորցրած հնարավորությո՞ւն. «Լինսի» փակումը ոմանք համարում են որպես մեղադրանք

Ֆոտոլուր

2011-ին Հայաստանը զրկվում է միանգամից երկու խոշոր հիմնադրամներից: Երեքշաբթի հայտնի դարձավ, որ լուծարվում է «Լինսի» բարեգործական հիմնադրամը, որը գոյության 22 տարիների ընթացքում իրականացրել է մոտ 1,1 մլրդ դոլարի բարեգործական ծրագրեր դպրոցների, հիվանդանոցների, գիտահետազոտական նախագծերի և այլ բարեգործական նպատակների համար:


Այս տարվա սեպտեմբերին կավարտվի նաև Ամերիկայի կառավարության «Հազարամյակի մարտահրավեր» ծրագիրը, որը 2006 թ. ի վեր նախատեսում էր իրականացնել 236 մլն դոլարի ներդրումներ ոռոգման և գյուղատնտեսության բնագավառներում, սակայն 2008 թ. մարտիմեկյան դեպքերի հետևանքով ծրագիրը կրճատվեց` մինչև 180 մլն դոլար:

Ամերիկահայ մեծահարուստ Քըրք Քըրքորյանի ստեղծած «Լինսի» հիմնադրամի ողջ գումարը` մոտ 200 մլն դոլար փոխանցվել է Կալիֆորնիայի համալսարանի Լոս Անջելեսի մասնաճյուղում (UCLA) ստեղծված «Երազի հիմնադրամին» (Dream Fund):

Հիմնադրամն աջակցելու է բժշկական և ակադեմիական հետազոտություններին և կրթաթոշակներ է հատկացնելու ուսանողներին: Բացի այդ, հիմնադրամն օժանդակելու է ԱՄՆ տարածքում իրականացվող բարեգործական ծրագրերին:

Լուծարումից առաջ` փետրվարի սկզբին, «Լինսը» Միացյալ հայկական հիմնադրամին նվիրաբերել է 10,5 մլն դոլար, որի զգալի մասն օգտագործվելու է 1988 թ. երկրաշարժի գոտում վեց դպրոց վերանորոգելու համար:

Հայաստանում «Լինսի» հիմնադրամի խոշոր ծրագրերի մեկնարկը տրվեց 2001 թ., երբ ներդրվեց եռամյա 150 մլն դոլար արժողությամբ ծրագիրը` մարզերի ճանապարհաշինության, աղետի գոտում բնակարանաշինության, մշակութային օջախների և դպրոցների կառուցման ոլորտներում։

2006-2008 թթ. ծրագրով հիմնադրամը Հայաստանում իրականացրել է 60 մլն դոլարանոց երկրորդ ծրագիրը։ Միջոցները հավասարաչափ բաշխվել են երեք ծրագրերով՝ Երևանի փողոցների վերանորոգում, դպրոցաշինություն և ճանապարհաշինություն:

Հիմնադրամի լուծարման պատճառները դեռ պարզ չեն, որևէ կերպ չի մեկնաբանվել պատասխանատուների կողմից:

Մեկնաբանությունների համար «ԱրմենիաՆաուն» դիմել է «Կալիֆոռնիա կուրիերի» հայտնի սփյուռքահայ խմբագիր և «Լինսի» նախկին փոխնախագահ Հարութ Սասունյանին, որը, սակայն, հրաժարվել է` ասելով, որ «Լինսի» որոշման առնչությամբ պետք է զերծ մնալ «չհիմնավորված կամ սխալ հապճեպ ընդհանրացումներից»:

Հայաստանյան ընդդիմության մի քանի ներկայացուցիչներ չնայած շեշտում են, որ պատճառները հայտնի չեն, սակայն իշխանություններին մեղադրում են գումարները «մեղմ ասած, ոչ արդյունավետ» օգտագործելու մեջ, որն էլ պատճառ է հանդիսացել 93-ամյա միլիարդատիրոջ համար` կասեցնելու հիմնադրամի գործունեությունը:

«Պատահական չէ, որ դպրոցների վերանորոգման համար գումարը տրվել է ոչ թե հայաստանյան որևէ հիմնադրամի, այլ «Միացյալ հայկական հիմնադրամին»,-«ԱրմենիաՆաուին» ասում է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը:

(Միացյալ հայկական հիմնադրամը` Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության, «Լինսի» հիմնադրամի, Հայ կաթողիկե առաջնորդարանի (Հյուսիսային Ամերիկա և Կանադա), Հայ օգնության միության, Հայաստանյայց առաքելական եկեղեցու Ամերիկայի թեմի և Հայկական բարեգործական ընդհանուր միության համատեղ աշխատանքն է):

Քըրք Քըրքորյանն ու «Լինս» հիմնադրամը վերջին տարիներին (առնվազն երեք) խոշոր նվիրատվություն չի կատարել նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամին:

Դեռևս «Լինսի» հիմնադրամի հայաստանյան ծրագրերի իրականացման առաջին փուլում` 2001-2003 թթ., երբ իրականացվեցին 150 մլն դոլարի հսկայածավալ վերականգնման աշխատանքներ, վերանորոգվեցին մոտ 17 մշակութային օջախներ, մոտ 3600 բնակարաններ կառուցվեցին, պարբերաբար խոսվում էր, թե շինարարությունն իրականում մեծ «փողերի լվացում է», թե գումարներն այնքան բարեխղճորեն չեն օգտագործվում:

Ծրագրի այս փուլի ավարտին նախատեսվում էր լուծել աղետի գոտու բնակարանային հարցը:

Ինչպես հիմնադրամի միջոցներով կառուցված շենքերից մեկի բացմանն ասել էր այն ժամանակ նախագահ Ռոբերտ Քոչարյանը. «2003 թ. այս լուրջ ներդրման շնորհիվ մենք բնակարանների պրոբլեմը լուծում ենք»:

Սակայն դեռ այսօր աղետի գոտում անօթևան է 4000 ընտանիք, թեև հետագայում հիմնադրամի միջոցներով ևս լուրջ ներդրումներ են իրականացվել Հայաստանի հյուսիսի բնակարանաշինության ծրագրերում:

2006 թ. նախագահի վերահսկողական ծառայությունը ստուգումներ սկսեց հիմնադրամի հայաստանյան գրասենյակում, որի համակարգողն էր նախագահ Քոչարյանի աշխատակազմի ղեկավար Արտաշես Թումանյանը:

Թեև դեռ այն ժամանակ մամուլում զետեղվեցին մի շարք հրապարակումներ, թե Թումանյանին կանչել են ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն և Ազգային անվտանգության ծառայություն (ԱԱԾ), սակայն նրա դեմ որևէ մեղադրանք չներկայացվեց, և նա պարզապես ազատվեց աշխատանքից` հիմնադրամի գործերի ղեկավարի իր պաշտոնը զիջելով փոխվարչապետ Արմեն Գևորգյանին:

Հիմնադրամի շուրջ վերջին խոսակցությունը ծավալվեց 2010-ի հունիսին, երբ ներկայացվում էր 2009 թ. բյուջեի կատարողականը, և պատգամավորների քննարկմանը ներկայացված «Լինսի» հիմնադրամի կատարողականի մեջ նշված էր, թե 17,8 մլն դոլար արժողությամբ ծրագիրն իրականացվել է ամբողջությամբ` 100 տոկոսով:

«Այդ կատարողականում նշված էր, թե հիմնանորոգվել է 17 դպրոց, և մոտ 19 մլն դոլար է ծախսվել դրա վրա, սակայն ինքս լինելով այդ ոլորտից և քաջատեղյակ լինելով, թե ո´ր դպրոցներում է իրականացվել աշխատանքներ, ցուցակում տեսա դպրոցներ, որոնք չեն վերանորոգվել»,- ասում է Բախշյանը:

Նրա բարձրացրած հարցին ի պատասխան` փոխվարչապետ Գևորգյանը պարզաբանել է, թե յոթ դպրոցում աշխատանքներ չեն իրականացվել դոլար-դրամ տատանումների հետևանքով նվազած բյուջեի պատճառով:

«Նախ` այդ պատասխանն ինձ չբավարարեց, քանի որ համաձայնագրում կա կետ, որ կառավարությունը պարտավորվում է այդ տատանումների հետևանքով առաջացած տարբերությունը լրացնել, որպեսզի ծրագիրն իսկապես 100 տոկոսով կատարվի: Ինչո՞ւ կառավարությունը չի փակել այդ տարբերությունը, և արդյոք այդ տարբերությունը յոթ դպրոցների հիմնանորոգման գնին է հավասար»,- հարցնում է պատգամավորը:

Պատասխանները բաց են մնում, սակայն պատգամավորը և շատ այլ հայաստանցիներ ցավում են, որ Հայաստանը զրկվում է լուրջ միջոցներից, որոնք երկիրը զարգացնելու եզակի հնարավորություն կտային:

«Ես շատ ցավում եմ, մեր իշխանավորները մեկ անգամ ևս սառը գլխով պետք է մտածեն, թե ի´նչ են անում, թե որքա´ն կարող են հայրենիքի նկատմամբ սերն ու վստահությունը կորցնել ի հաշիվ իրենց շահերի»,- «ԱրմենիաՆաուին» ասում է Բախշյանը:

ԱրմենիաՆաուի էջերում