Ուղեղների արտահոսք կրկի՞ն. միգրացիան Հայաստանի գլխավոր խնդիրն է

Ուղեղների արտահոսք կրկի՞ն. միգրացիան Հայաստանի գլխավոր խնդիրն է

Ֆոտոլուր

Փորձագետներն ահազանգում են, որ տարեցտարի ահագնացող չափերի հասնող արտագաղթը բնական արձագանքն է երկրում վարվող տնտեսական քաղաքականության: Հայաստանը լքում է բնակչության առավել կիրթ զանգվածը` նպաստելով այլ երկրների տնտեսության զարգացմանը:

Ազգագրագետ Աղասի Թադևոսյանն ասում է, որ անկախությունից ի վեր իշխանություննները զարգացման որևէ ծրագիր չիրագործեցին, հակառակ դեպքում կհասկանային, որ մարդկային ռեսուրսը տնտեսության զարգացման հզոր զենք է:

Մասնագետները փաստում են, որ արտագաղթող բնակչության ակտիվ տարրը, որը յուրաքանչյուր հասարակությունում կազմում է 6-7 տոկոս, համապատասխան պայմանների դեպքում հայրենիքում կաներ ավելին, քան դրսում:

Անկախ ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը, անդրադառնալով Մերձավոր Արևելքի հայկական գաղթօջախներին, որոնց վատ վիճակ է սպասում, և, հնարավոր է, հայերի արտագաղթ սկսվի, կարծում է, որ նրանք Հայաստան չեն գա, լավագույն դեպքում հայրենիքը կլինի միայն տարանցիկ երկիր, այլ ոչ թե վերջնական ուղղություն:

Օրինակ բերելով իրաքահայությանը` ժողովրդագիրն ասում է, որ Հայաստանում հիմնավորվեց մոտ 1000 իրաքահայերի ընտանիք, իսկ մնացածն իրենց ճակատագիրը տեսան զարգացող և զարգացած երկրներում:

«Սա հետևանք է նրա, թե Հայաստանն ի´նչ պայմաններ է առաջարկում նրանց: Իսկ քանի որ սփյուռքահայերն ընդհանրապես ավելի բարեկեցիկ կյանքով են ապրել ու ապրում, քան հայաստանցիները, հետևաբար, Հայաստանը շատ քչերի համար է վերջին հանգրվան հանդիսանում: Հայաստան էին ներգաղթել 360.000 ադրբեջանահայեր, այսօր նրանցից մնացել են մոտ 50.000-70.000-ը»,- ասում է Եգանյանը:

Տարածքային կառավարման նախարարության միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանն ասում է, որ եթե արտագաղթն ահագնացող չափերի հասներ, ապա դա կարտացոլվեր ուղևորահոսքի ցուցանիշներում: Սակայն Հայաստանի սահմանը հատող ուղևորահոսքի ցուցանիշները վերջին երեք տարիներին մեծ տարբերություններ չեն գրանցել:

Ըստ նրա` 2008-ին մեկնողների և ժամանողների բացասական տարբերությունը կազմել է 23.000 մարդ, 2009-ին` 25.000, իսկ 2010-ին` 29.860` երեք տարիների համար կազմելով 77.860 մարդ: 2011-ի առաջին 5 ամիսներին ևս միտումները նույնն են մնացել:

Հայաստանցիների մեծ մասը` մոտ 65 տոկոսը, մեկնում է Ռուսաստան, 5 տոկոսը` Ուկրաինա և Բելառուս, 10 տոկոսը` ԱՄՆ, 10 տոկոսը` Եվրոպա, մյուս 10 տոկոսը` այլ երկրներ:

Գագիկ Եգանյանը նշում է, որ դժվար թե հնարավոր լինի ճիշտ հաշվարկել վերջնականապես մեկնածների թիվը, քանի որ վերադարձող ուղևորների թվաքանակը միշտ չի հաշվարկվում:

«Յուրաքանչյուր միգրանտ ուղևոր է, բայց յուրաքանչյուր ուղևոր միգրանտ չէ, և ուղևորահոսքի մեջ վերջնական մեկնածների թիվը պարզելու համար պետք է հատուկ ուսումնասիրություն անցկացնել: Երկրից զանգվածային արտագաղթ եղել է 90-ականների առաջին կեսին, երբ մեկնողների և ժամանողների տարեկան բացասական տարբերությունը 120-220.000 մարդ է եղել, իսկ 90-ականների երկրորդ կեսին` մոտ 60.000: Դրական տարբերությամբ տարիներ են եղել 2003-2006-ին»,- ասում է նա:

Անդրադառնալով երկրում առկա ժողովրդագրական իրավիճակին` Ռուբեն Եգանյանն ասում է, որ ծնելիության մակարդակի որոշակի աճը, որը պայմանավորված էր 80-ականներին մեծաթիվ ծնված սերնդի վերարտադրողական տարիքի հասնելով, անցյալ տարվանից նվազել է:

Նրա համոզմամբ` ծնելիության բացարձակ աճի նվազման երևույթը կլինի տևական և հարաճուն, և մոտ 5 տարուց մահացածների թիվը կգերազանցի ծնվածների թվին:

«Մենք վաղուց ենք թևակոխել վտանգավոր փուլ, և գալու է ժամանակ, երբ բնական վերարտադրության մակարդակը խիստ նվազելու է, այն արդեն իսկ նվազում է»

Ըստ Ռուբեն Եգանյանի` Հայաստանում ներկայումս ապրում է 2,8-2,9 մլն մարդ: Ըստ Ազգային վիճակագրական ծառայության` 2011 թ. Հայաստանի բնակչությունը կազմում է 3 մլն 262 հազար մարդ, ոչ պաշտոնական տվյալներով` 2,5-2,7 մլն: 2011-ին անցկացված մարդահամարի արդյունքները, որոնք կամփոփվեն այս տարվա փետրվարին, ցույց կտան երկրի բնակչության թվի նոր տվյալները:
ԱրմենիաՆաուի էջերում