Թուրքահայերը մտահոգ են նախնյաց ժառանգության ճակատագրով
«Ողջ Անատոլիայում սփռված էին հին գերեզմանատներ, սակայն նրանց վրայով կամ ճանապարհներ են գցվել, կամ նրանց վրա նոր շինություններ կառուցվել: Դրանց մեծ մասն այլևս հնարավոր չէ հետ բերել, սակայն մենք առնվազն պետք է պահանջատեր լինենք եղածի նկատմամբ»,- «Հյուրիեթ դեյլի նյուզին» ասել է Մալաթիայի հայերի բարեգործական միության (HAYDER) ղեկավար Գարո Փայլանը: HAYDER-ը, որն առաջինը հանրության ուշադրությունը հրավիրեց հայկական մշակութային ժառանգության վրա, ժամանակ առ ժամանակ հեռախոսազանգեր է ստանում երկրի տարբեր շրջաններում պահպանված հայկական մշակութային կոթողների վիճակի մասին: «Մենք հետևողականորեն անդրադառնում ենք այդ հեռախոսազանգերին»,- ասում է Փայլանը` հավելելով, որ դեռևս քայլեր չեն ձեռնարկում այդ ուղղությամբ: Քննադատելով վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Մալաթիայի քաղաքապետարանի կեղծ սրտացավությունը Մալաթիայի քանդված մատուռի խնդրով` Փայլանը նաև ասել է, որ նրանք տեղի են տվել` վախենալով հանրային արձագանքից: «Եթե նրանք, իրոք, անկեղծ են, ապա պետք է մեզ վերադարձնեն Մալաթիայի 300 տարվա Սուրբ Երրորդություն եկեղեցին, որը նրանք անվանում են Թաշորան, փոխարենը մշակութային կենտրոնի վերածելու»,- ասել է Փայլանը` հավելելով, որ պատրաստվում են այս խնդրի առնչությամբ առաջիկա օրերին դիմելու նաև Մալաթիայի տեղական իշխանություններին: Մալաթիայի քաղաքապետարանի աշխատողները փետրվարի 3-ին քանդել էին այդ հին հայկական գերեզմանոցում գտնվող շինությունը, այդ թվում` «Վերջին աղոթք» մատուռը, որը օժանդակ շինություն է` հոգեհանգստյան կարգ կատարելու համար, և պահակատունը: Հանրության արձագանքից հետո Մալաթիայի քաղաքապետարանը շուտով համաձայնեց սեփական միջոցներով վերակառուցել շինությունը: Բավական ընդարձակ գերեզմանատանն են ամփոփված նաև «Ակոս» երկլեզու թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի (սպանվել է 2007-ի հունվարի 19-ին Ստամբուլում) ընտանիքի հանգուցյալների շիրիմները:
Other Articles in Հասարակություն
|
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.