Տանը միայնակ. սեզոնային գրիպի պատճառով դպրոցների ու մանկապարտեզների փակումը ստիպել է ընտանիքներին փոխել առօրյան
Դպրոցների և մանկապարտեզների փակվելը, թեև երեխաների սրտով է, բարդացրել է աշխատող ծնողների առօրյան: Երկուշաբթի երեկոյան կրթության նախարարը հայտարարեց, որ բոլոր դպրոցները այսօրվանից (դեկտեմբերի 8-ից) փակվելու են: Ուսումնական հաստատությունները փակվել են Հայաստանի գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանի խորհրդից և երեկ առողջապահության ու կրթության ոլորտների պաշտոնյաների խորհրդակցությունից հետո: Հայաստանի դպրոցները կբացվեն դեկտեմբերի 21-ից: Աշակերտները դասերին կվերադառնան մեկ շաբաթով, որից հետո կսկսվի ձմեռային արձակուրդը մինչև հունվարի 10-ը ներառյալ: Որոշումն ազդելու է Հայաստանի մոտ 450 000 երեխաների ( ի թիվս որոնց` 386000-ը դպրոցական, 60 000-ը` մանկապարտեզ հաճախող) և գրեթե նույնքան ընտանիքների վրա, որոնց համար այս չնախատեսված փակումը խառնաշփոթ վիճակ է ստեղծել նրանց առօրյայում: Այն ժամանակ, երբ ջանքեր են գործադրվում սեզոնային գրիպը կանխարգելելու ուղղությամբ, որը դատարկել է դասարանները և դեղատները լցրել տագնապած հաճախորդներով, Ձմեռ պապը ժամանակից շուտ այցելեց դպրոցականներին: Սակայն, մինչ երեխաները կարող են տոնել անգամ հազալով, դասերի ժամանակավոր դադարեցումը տարբեր գլխացավանք է ստեղծում ծնողների համար, որոնք այժմ պետք է որոշեն` ինչպե՞ս տանը պահել երեխաներին, այն դեպքում, երբ պետք է սովորական գրաֆիկով աշխատանքի գնան: 23-ամյա Մանե Մադոյանի և 32-ամյա Արման Ղարագուլյանի համար մանկապարտեզն այն միակ միջոցն է, որն օգնում է նրանց հանգիստ աշխատել ամբողջ օրը` վստահ, որ երեխան հուսալի ձեռքերում է: Երիտասարդ ընտանիքն ասում է, որ այժմ իրենց աշխատանքային գրաֆիկը վտանգված է: «Բնական է, ոչ մի ղեկավարություն մեկ շաբաթով արձակուրդ չի տա, ստիպված պետք է դիմենք բոլոր տատիկներին ու բարեկամներին, որ մինչև նոր տարի երեխային նայող լինի»,- ասում է Երևանի պետական համալսարանի հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատող Մադոյանը: (Ամուսինը փիլիսոփայություն է դասավանդում նույն համալսարանում:) Հայաստանում ընտանեկան կապերը շատ ամուր են, և զավակներից շատերն անգամ ամուսնանալուց հետո շարունակում են ապրել ծնողների հետ (հատկապես տղայի ծնողների), ինչն ավելի է հեշտացնում երեխայի խնամքը և ավելի հարմար է, քանի որ մշտական օգնող ձեռք կա` ի դեմս տատիկ-պապիկների: Սակայն, քանի որ հայկական հասարակության մեջ սկսում է դանդաղ փոխվել այդ ավանդույթը` վերածվելով առանձին ապրելու սովորույթի, բոլորին չէ, որ վիճակվում է ապրել նույն հարկի տակ և երեխայի խնամող ունենալ: Օրինակ` եթե 37-ամյա Լուսինե Ղուբարյանի 7-ամյա և 12-ամյա երեխաները տանը մենակ էին մնում 2,5 ժամ, ապա դպրոցները փակվելու դեպքում կմնան առավոտից մինչև ժամը 17-ը, մինչև նա աշխատանքից տուն գա: Եվ այն ընտանիքները, որոնք շահում էին երեխաների դպրոց գնալուց, առաջիկա 2 շաբաթներին պետք է երեխաներին խնամելու այլ միջոց գտնեն: «Իսկ հարևանուհուս երեխան ավելի փոքր է, երկարօրյայում էր մնում փաստորեն` նրա վիճակն ավելի լուրջ է»,- ասում է գրադարանավարուհի Ղուրաբյանը: Դպրոցների և մանկապարտեզների փակումը նման խնդիր չի ստեղծում մարզերի բնակիչների համար, որտեղ ոչ բոլորն են աշխատում: Այստեղ ևս տարածվել են հարբուխն ու գրիպը: Հայաստանի կենտրոնում գտնվող Արարատի մարզի Ուրծաձոր գյուղի բնակիչ 41-ամյա Հասմիկ Բազյանը, որն աշխատում է գյուղի դպրոցում, ասում է, որ դպրոցի երեխաների կեսից ավելին դասի չի գալիս: (Բազյանի 15-ամյա տղան ու աղջիկը ևս հաճախում են այդ դպրոցը): «Իմ դասղեկական 4-րդ դասարանում արդեն 5 օր է` 14 աշակերտից վեցն են դասի գալիս: Ուրեմն պետք է գոնե մեկ շաբաթով դասերը ընդհատել, որ երեխաները լավանան, թե չէ շուտով էլ ոչ ոք չի գա»,- «ԱրմենիաՆաուին» ասում էր Բազյանը` նախարարի որոշումից քիչ առաջ: «Մեկ շաբաթով, բայց ոչ ավելի, որպեսզի հետագայում կարողանանք լրացնել բաց թողած առարկաների տեղը»` այսպես է մտածում արդեն երկրի հարավում գտնվող Սիսիան քաղաքի Վուրգ Ստեփանյանի անվան թիվ 4 միջնակարգ դպրոցի տնօրեն Նաիրա Ստեփանյանը: Ըստ Ստեփանյանի` իրենց դպրոցի 33 ուսուցչից 4-ն աշխատանքի չեն գալիս, 11-ը գալիս են հիվանդ վիճակում, իսկ 332 աշակերտներից 62-ը դպրոց չեն հաճախում երկուշաբթի օրվանից: Երկուշաբթի որոշ դպրոցներում արդեն սկսել էին բոլոր առարկաներից շտապ ստուգողական աշխատանքներ տալ, որպեսզի կարողանան քառորդ փակել` սպասելով նախարարի արդեն հայտնի որոշմանը:
Other Articles in Կրթություն
|
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.