Խտրական վերաբերմո՞ւնք. բուհերի ուսանողներն ասում են, որ իրենց նույնպես պետք է ազատեն դասերից գրիպի պատճառով

Խտրական վերաբերմո՞ւնք. բուհերի ուսանողներն ասում են, որ իրենց նույնպես պետք է ազատեն դասերից գրիպի պատճառով

Նազիկ Արմենակյան
ԱրմենիաՆաուի ֆոտոթղթակից

«Բա մենք մարդ չե՞նք: Չե՞նք կարող վարակվել իրարից»,- բողոքում են ուսանողները:

Հայաստանի բուհերի որոշ ուսանողներ ասում են, թե սխալ է, որ հանրակրթական դպրոցների աշակերտները գրիպի պատճառով ազատվել են դասերից, իսկ իրենք` ոչ: (Գրիպի տարածման պատճառով դպրոցներում դասերը դադարեցվել են մինչև դեկտեմբերի 21-ը:)

ՀՀ առողջապահության նախարարության այն փաստարկը, թե փոքրահասակ և դպրոցական տարիքի երեխաների` գրիպով վարակվելու հավանականությունն ավելի մեծ է, բազմաթիվ ուսանողների համոզիչ չի թվում, ովքեր կարծում են, որ իրենք նույնպես կարող են վարակվել գրիպով, և ավելի լավ կլիներ մնալ տանը:

Ուսանողներն ասում են, որ իրենք նույնիսկ ծանր հիվանդության դեպքում աշխատում են քիչ բացակայել, քանի որ գնահատման նոր կարգի համաձայն` հաճախելիությունը ուսանողի ընդհանուր առաջադիմության վրա ազդող վճռորոշ գործոն է:

Այս տարվանից Հայաստանի բուհերում ներդրված կրեդիտային համակարգի համաձայն`յուրաքանչյուր գնահատական հաշվարկվում է 100 միավոր, որից 15-ն ուսանողը ձեռք է բերում դասերին ներկա լինելու շնորհիվ:

«Մենք ի՞նչ է` մարդ չենք, չե՞նք կարող վարակվել իրարից»,- հարցնում է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողուհի Թագուհի Մանվելյանը, որը, ինչպես և իր համակուրսեցիներից շատերը, զարմացած է կրթության և գիտության նախարարության որոշման վրա:

Եվրոպական համալսարանի ուսանողուհի Սոնա Խաչատուրյանը մեկն է այն ուսանողներից, որը հիվանդ դասի է հաճախում բացակա չստանալու համար:

«Այսօր դասախոսս նույնիսկ վերջին դասից ինձ տուն ուղարկեց, քանի որ ջերմություն ունեի: Երեկ հիվանդ ուսանողները եկել էին, իսկ այսօր 50 հոգուց արդեն 10 բացակա ունենք, 15-ն էլ ինձ նման հիվանդ էին, բայց եկել էին»,- ասում է Խաչատուրյանը:

Առողջ ու դժկամորեն է դասի գնում Երևանի պետական թեթև արդյունաբերության քոլեջի ուսանող Հովհաննես Առաքելյանը: Թեև նա առողջ է, սակայն վախենում է, որ կվարակվի այն հիվանդ ուսանողներից, որոնք շարունակում են հաճախել դասերի:

«Այս շաբաթվանից ամեն ինչ խստացրել են, ամեն բացակայի համար «2» են նշանակում, դրա համար հիվանդ երեխեքը գալիս են, ու ես վախենում եմ, որ ինձ էլ կվարակեն»,- դժգոհում է նա:

Որոշումը հրապարակելուց հետո կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանը բուհերը շրջանցելը մեկնաբանեց նրանով, որ քննաշրջան է, այսինքն` դասեր չեն անցկացվում, իսկ ուսանողները երբեմն հավաքվում են միայն թեստ գրելու և քննություն հանձնելու համար, այդ իսկ պատճառով ուսանողների վարակվելու հավանականությունը փոքր է:

Ուսանողների մեծ մասը, որոնք «ԱրմենիաՆաուի» հետ զրուցել են, ասում են, որ շարունակում են սովորական դասեր անել և գրիպով վարակվելու ոչ պակաս հավանականություն ունեն, քան դպրոցների աշակերտները և մանկապարտեզների երեխաները: Իրականում բուհերի մեծ մասում քննաշրջանը սկսվելու է կամ դեկտեմբերի վերջին տասնօրյակում, կամ հունվարին` ամանորյա տոներից հետո:

ԿԳՆ հասարակայնության հետ կապերի պատասխանատու Արթուր Բաղդասարյանն «ԱրմենիաՆաուին» ասաց, որ դպրոցներն ու մանկապարտեզներն ընտրվել են առողջապահության նախարարի առաջարկով. «[ՀՀ առողջապահության նախարար Հարություն]Քուշկյանը նշել էր, որ այդ տարիքային խմբերն առավել ռիսկային գոտում են: Իսկ բուհերն իրավունք ունեն ինքնուրույն որոշելու դադարեցնել դասապրոցեսը` հաշվի առնելով բացակայությունների քանակը»:

(Մի շարք բուհեր, ինչպես նաև ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, դժվարացան «ԱրմենիաՆաուին» վերջին շրջանի բացակայություններին առնչվող հստակ վիճակագրական տվյալներ տրամադրել` պատճառաբանելով, որ առկա ինֆորմացիան ի մի բերելու կարիք կա: Նրանց դիտարկմամբ` բուհերում բացակայությունների հաճախականությունն այդքան կտրուկ չի աճել, որքան դպրոցներում և մանկապարտեզներում:)

Թեև ոչ բոլոր բուհերն են շտապում օգտվել փակվելու առնչությամբ ինքնուրույն որոշում կայացնելու իրավունքից, որոշ բարձրագույն ուսումնական հաստատություններ մասամբ օգտվել են դրանից:

Չորեքշաբթի Երևանի պետական բժշկական համալսարանը որոշել է դեկտեմբերի 14-18-ը դադարեցնել դասապրոցեսը` հիմք ընդունելով «երկրում համաճարակային իրավիճակը»:
ԱրմենիաՆաուի էջերում