Ընդդիմադիր պատգամավորը քննադատում է «Հանրակրթության մասին» օրենքում կատարված փոփոխությունները

Ընդդիմադիր պատգամավորը քննադատում է «Հանրակրթության մասին» օրենքում կատարված փոփոխությունները

Ֆոտոլուր

Բախշյանը զայրացած է Կրթության մասին օրենքի մեջ փոփոխություններից

«Ժառանգություն» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը քննադատեց այս ամսվա սկզբին «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունները, քանի որ դրանք, ըստ նրա, չեն արտահայտում աշակերտների և ուսուցիչների շահերը:

Ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Բախշյանը հիշեցրել է, որ վերոնշյալ օրենքի հեղինակներից է: Ազգային ժողովը «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքն ընդունել է այս տարվա հուլիսին: Սակայն արդեն դեկտեմբերի 1-ին կառավարությունն առաջարկեց օրենքում փոփոխություններ կատարել` հարուցելով հեղինակների տարակուսանքը: Այս փոփոխություններն արդեն արժանացել են խորհրդարանի հավանությանը:

Բաշխյանը, մասնավորապես, քննադատել է փոփոխությունը, ըստ որի` օրենքից հանվել է այն դրույթը, որ սովորողներին առաջարկվող դասագրքերը պետք է նախ որևէ դպրոցում փորձաքննություն անցնեն և ապա միայն օգտագործվեն բոլոր դպրոցներում: Պատգամավորի խոսքով`կառավարության և պատգամավորների այդ քայլն ուղղված էր ավելի շատ հրատարակչությունների, քան աշակերտների շահերը բավարարելուն: Ընդդիմադիր պատգամավորը հավելեց, որ օրենքից հանվել է նաև սահմանամերձ և բարձրլեռնային շրջանների ուսուցիչների աշխատավարձի 50 տոկոս հավելավճարի մասին կետը:

Բախշյանն ասաց, որ ապշած է օրենքի համահեղինակներից մեկի` Արմեն Աշոտյանի (ներկայիս ԿԳ նախարար) դիրքորոշմամբ: Աշոտյանը, որն Ազգային ժողովում ամռանը ղեկավարում էր կրթության և գիտության հանձնաժողովը, «բուռն պայքարում էր օրենքում այս կետերը մտցնելու համար, իսկ այսօր, արդեն նախարարի պաշտոնում, նույնքան բուռն պահանջում էր դրանք չեղյալ հայտարարել»:

«Մի բան կարող եմ ասել` այս փոփոխությունների ընդունումը դրական ազդեցություն չի ունենա ո´չ կրթության արդյունավետության, ո´չ էլ որակի վրա»,- եզրափակեց իր խոսքը Բախշյանը:
ԱրմենիաՆաուի էջերում