Փշերի միջով դեպի աստղեր. Չինաստանում անցկացվող աստղաֆիզիկայի օլիմպիադայում հաղթել են հայ դպրոցականները
Աստղաֆիզիկայի 14-րդ դպրոցական միջազգային օլիմպիադան անցկացվել է նոյեմբերի 8-16-ը` Չինաստանի Հանջոու քաղաքում: Օլիմպիադային մասնակցել են 18 երկրների թիմեր, իսկ ոսկե մեդալներ շահել են Հայաստանի, Չինաստանի, Հնդկաստանի և Ռուսաստանի ներկայացուցիչները: Հայաստանն օլիմպիադայում ներկայացրել են երեք աշակերտներ` Երևանի «Քվանտ» վարժարանից (Հայկ Տեփանյան) և Երևանի պետական համալսարանին առընթեր ֆիզմաթ դպրոցից (Հայկ Հակոբյան, Հովհաննես Շմավոնյան): Ոսկե մեդալներ շահել են Հայկ Տեփանյանը և Հայկ Հակոբյանը (երկուսն էլ 16 տարեկան են): Օլիմպիադային մասնակցելու համար Հայաստանի թիմը ֆինանսավորել են ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը: Օլիմպիադան անցկացվեց 3 փուլով` տեսական, գործնական և դիտողական: Ֆիզմաթ դպրոցի աստղագիտության ուսուցչուհի Մարիետա Գյուլզադյանը, որը նաև Բյուրականի աստղադիտարանի աշխատակից է և օլիմպիադային մասնակցող թիմի ղեկավարը, ասում է, որ հայ աշակերտները բոլոր երեք փուլերում էլ իրենց լավ են դրսևորել, չնայած նրանք երկինքն ուսումնասիրելու համար պլանետարիում չունեին: «Պլանետարիում ունենալն առաջնահերթ խնդիր է ոչ միայն օլիմպիադայի մասնակիցների, այլ նաև բոլոր աշակերտների համար, քանի որ այժմ աստղագիտություն առարկան ուսումնասիրում են բոլոր դպրոցների նախավերջին դասարաններում»,- ասում է Գյուլզադյանը` ավելացնելով, որ հաղթող աշակերտները դեռ հարթության, այսինքն` թղթե քարտեզների վրա են ուսումնասիրում երկինքը, երբեմն էլ այցելում են Բյուրականի աստղադիտարան, «սակայն մի քանի անգամ գնալով հնարավոր չէ ամբողջ երկինքն ուսումնասիրել»: Հայկ Հակոբյանը ևս ասում է, որ իրենք տեխնոլոգիապես շատ թույլ հնարավորություններ են ունեցել իրենց պարապմունքների համար, քան, ասենք, Չինաստանի ներկայացուցիչները, որոնք «իրենց պլանետարիումում կարող են ընտրել կամայական երկինք և այդպես ուսումնասիրել աստղերն ու համաստեղությունները»: Երկու պատանիներն էլ հաջորդ տարի կավարտեն դպրոցը: Հակոբյանն ուզում է տեսական ֆիզիկայի մասնագետ դառնալ, իսկ Տեփանյանը` կամ ծրագրավորող, կամ էլ աստղաֆիզիկոս: «Չնայած բոլոր ֆիզիկոսները վերջում քաղաքական գործիչ են դառնում»,-կատակում է Հակոբյանը: Ճշգրիտ գիտություններից բացի, Հակոբյանը հետաքրքվում է եռաչափ (3D) նկարչությամբ, գրականությամբ, դասական և ջազ երաժշտությամբ, իսկ Տեփանյանը շատ է սիրում գրականություն և, հատկապես, բանաստեղծություններ կարդալ: Գյուլզադյանն ասում է, որ տղաները ամբողջ տարին պարտաճանաչ հաճախել են բոլոր պարապմունքներին: «Երբեմն ես եմ փորձում նրանց ժամանակ առ ժամանակ դուրս հանել լսարանից»,- ասում է ուսուցչուհին, որը համոզված է, որ Հայաստանը հրաշալի սերունդ և տաղանդավոր երեխաներ ունի: «Եթե կարողանայինք այս երեխաներին ինչ-որ կերպ օգտագործել մեր երկրի համար, մեր երկրին հասնող չէր լինի»,- համոզված է Գյուլզադյանը:
Other Articles in Կրթություն
|
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 1 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.