Կրթական տարի. նախարարն ամփոփել է 2009 թվականը

Կրթական տարի. նախարարն ամփոփել է 2009 թվականը

Ֆոտոլուր

Նախարար Աշոտյանն ասաց, որ կրթական ոլորտը տուժել է համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամից:

2009 թ. կրթական տարվա ամփոփմանը նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ասաց, որ Հայաստանի կրթության համակարգն այս տարի տուժել է համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամից`կրթությանը նախապես հատկացված միջոցների կրճատման պատճառ դառնալով:

2009 թ. Հայաստանի պետբյուջեով կրթության ոլորտին նախատեսվում էր տրամադրել 127 մլրդ դրամ (33,8 մլն դոլար), սակայն համաշխարհային տնտեսական ճգնաժամի պատճառով 108 մլրդ դրամ (28,8 մլն դոլար) է հատկացվել: Իսկ 2010 թ. պետբյուջեով նախատեսվում է կրթության ոլորտին տրամադրել 95 մլրդ դրամ (25,3 մլն դոլար):

Առանձնահատուկ ուշադրություն դարձնելով մասնավոր բուհերի արտոնագրման խնդրին`Աշոտյանը նշեց, որ Հայաստանում շատ մասնավոր բուհեր կան, և դրանով է պայմանավորված արտոնագրման կանոնների խստացումը: «Այս տարի արտոնագրից զրկվել են մեկ տասնյակից ավելի բուհեր, և 2010 թ. բարձրագույն կրթության որակի բարձրացման համար պայքարը կշարունակվի»,- ասաց Աշոտյանը: (Այսօր Հայաստանում կան 21 պետական և 40 արտոնագրված մասնավոր բուհեր:)

Աշոտյանն անդրադարձել է նաև Հայաստանում սեզոնային գրիպի սրացման պատճառով դպրոցների և մանկապարտեզների փակման հարցերին և նշել, որ դա օգնել է կասեցնել վիրուսի տարածումը: Ինչ վերաբերում է բուհերում դասերի դադարեցմանը (բուհերը չեն փակվել), Աշոտյանը պարզաբանեց, որ այդ տարբերակը քննարկվել է ռեկտորների հետ:

«Եթե մենք դադարեցնեինք դասերը, և ուսանողները ստիպված լինեին ձմեռային քննաշրջանը հանձնել առանց լրիվ պատրաստվելու, ապա դրա հետ կապված կաճեր կոռուպցիոն վտանգը»,- ամփոփել է նախարարը:
ԱրմենիաՆաուի էջերում