Նախարար-ուսանող կապ. ՀՀ կրթության և գիտության նախարարը հրավիրում է ուսխորհրդի նախագահներին` քննարկելու հրատապ խնդիրները
«Ուսանողներն այսօր օրենքով ղեկավարության որոշումներին 25 տոկոսով մասնակցելու իրավունք ունեն, որը շատ մեծ զենք է, չնայած այսօր այնքան էլ ճիշտ չի օգտագործվում»,- ասել է նախարարը հանդիպման ժամանակ: Կրթության բնագավառում նմանօրինակ առաջին հանդիպման հեղինակ Արմեն Աշոտյանը խոստացավ, որ այսուհետ հաճախ են նման քննարկումներ լինելու, քանի որ այժմ անհրաժեշտ է, որ ուսխորհուրդներն օգտվեն օրենքով իրենց տրված հնարավորություններից և չդիտվեն որպես ձևական ու անվստահելի կառույց ուսանողների կողմից: Ի սկզբանե ուսխորհուրդների նպատակը բուհերում ուսանողների իրավունքներն ու շահերը պաշտպանելն է: Շատ բուհերում ուսխորհուրդներին քննադատում են անգործության կամ իրենց ուսանողների շահերը չպաշտպանելու համար: Ոմանք ուսխորհուրդներին քննադատում են նաև այն բանի համար, որ դրանց ղեկավարներն օգտագործում են այս կառույցները` քաղաքական կարիերայի հասնելու նպատակով: «Կրթության ոլորտում բարեփոխումների Բոլոնիայի գործընթացի նպատակն ուսանողակենտրոն կրթական համակարգի ձևավորումն է, որտեղ հատկապես մեծ է հենց ուսխորհուրդների դերը: Բացի այդ, ուսանողներն այսօր օրենքով ղեկավարության որոշումներին 25 տոկոսով մասնակցելու իրավունք ունեն, որը շատ մեծ զենք է, չնայած այսօր այնքան էլ ճիշտ չի օգտագործվում»,- ասաց նախարարը: Չնշելով անուններ`Աշոտյանն ասաց, որ շատ բուհերում այդ 25 տոկոսը կազմող ուսանողներին ընտրում է բուհը, որը ոչ օբյեկտիվ որոշումների հիմք է հանդիսանում: Այդ առումով իրենց իրավունքների համար պայքարող ուսումնական կառույցներից նա առանձնացրեց Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) ուսխորհուրդը: ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Ցոլակ Հակոբյանը հանդիպման ժամանակ հայտարարեց, որ ավելի շատ ուսանող ներկայացուցիչներ պետք է լինեն հատկապես գիտական խորհուրդներում: «Մենք պահանջում ենք, որ գիտական խորհուրդներում ներգրավված լինեն ավելի շատ ուսանողներ, քանի որ այժմ այնտեղ լինելու իրավունք ունի միայն երկու ուսանող, մինչդեռ 80 անդամներից 20-ը ուսանող պետք է լինեն: Եթե այդ հարցը չլուծեն, մենք որոշել ենք բոլոր նիստերը հակաիրավական ճանաչել»,- զգուշացրեց նա: Նախարարը խոստացավ զբաղվել այս հարցով, ինչպես նաև որոշվեց արդեն նախարարության մակարդակով զբաղվել ուսխորհուրդներին իրավական կարգավիճակ տրամադրելու հարցերով, քանի որ օրենքով նրանք չունեն որևէ կարգավիճակ:
Other Articles in Կրթություն
|
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.