Լեզվական արգե՞լք. նոր օրինագիծն արժանանում է կառավարության հավանությանը, ընդդիմության` քննադատությանը
«Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծն ընդունվելու դեպքում Հայաստանում կբացվեն օտարալեզու (ռուսական և անգլիական) դպրոցներ, որտեղ բոլոր առարկաները կդասավանդվեն տվյալ լեզվով: Ընդդիմախոսներն օրինագիծը համարում են «սպառնալիք հայ ինքնությանը»: Ուրբաթ` մայիսի 7-ին, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) հանդես է եկել հայտարարությամբ` համարելով այս նախաձեռնությունը «գավառամտության արգասիք», որը «սպառնում է վտանգել և ի չիք դարձնել անկախության գլխավոր ձեռքբերումներից մեկը՝ պետական լեզվի հիմքի վրա միասնական ազգային հանրակրթական դպրոցի համակարգը»։ Ըստ ընդդիմության` այս նախաձեռնությամբ «վարչախումբն ընդունում է հայերեն կրթության անլիարժեքությունը, մատնում հայությանը երկրորդ կարգի ազգ համարելու իր ընկալումը»։ Մինչդեռ նախաձեռնության հեղինակ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը պնդում է, որ նման դպրոցների անհրաժեշտություն այսօր կա: «Անկախության առաջին տարիներին նման դպրոցների փակման այդ քայլը խիստ անհրաժեշտ ու կարևորված էր, սակայն այսօր այլ է իրավիճակը»,- ասում է Աշոտյանը`հավելելով, որ օտարալեզու դպրոցներում մայրենի լեզվի, գրականության, պատմության դասաժամերն ու չափորոշիչները լինելու են նույնը, ինչ սովորական (հայկական) դպրոցներում: «Դրանք [Հայաստանում] կազմելու են դպրոցների միայն 2 տոկոսը, և անմտություն է կարծել, որ այդ դպրոցները կարող են վտանգել մեր ինքնությունն ու ազգային նկարագիրը»,- ասում է Աշոտյանը: Մինչդեռ բանասիրական գիտությունների դոկտոր Մինաս Սարգսյանը, հակադարձում է, որ «եթե երեխան փոքրուց սովորում է այլ լեզվով, մտածում է տվյալ լեզվով, օրինակ` ռուսական դպրոցն ավարտածների մեծ մասը մտածում է ռուսերեն, ապա դա սպառնում է հայի ինքնությանը»: ԱԺ պատգամավոր, 30 տարվա մանկավարժ Անահիտ Բախշյանը չի ընդդիմանում այս նախաձեռնությանը: «Այսօր սպառնալիք է ոչ թե օտարալեզու դպրոցների վերաբացումը, այլ մեր դպրոցներում մայրենի լեզվի որակի սարսափելի մակարդակը, դրա մասին պետք է մտածենք այսօր»,- «ԱրմենիաՆաուին» ասում է «Ժառանգության» անդամ Բախշյանը:
Other Articles in Կրթություն
|
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 3 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.