Լեզվի ծուղա՞կ. ընդդեմ Հայաստանում օտար լեզվով դպրոցների վերաբացման

Լեզվի ծուղա՞կ. ընդդեմ Հայաստանում օտար լեզվով դպրոցների վերաբացման

Նազիկ Արմենակյան
ԱրմենիաՆաուի ֆոտոթղթակից

Ինտերնետային սոցիալական ցանցերի և բլոգների ֆորումներում օր օրի թեժանում են քննարկումները ընդդեմ կառավարության նախաձեռնության`Հայաստանում օտար լեզուներով ուսուցման կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններ հիմնելու: Քննադատներն ասում են` այս քայլը կնվազեցնի պետական լեզվի` հայերենի դերը երկրում, ինչը անկախ Հայաստանի մեծագույն ձեռքբերումներից է:

Մինչ կառավարությունն ասում է, թե երկրում օտար լեզուներով ուսուցման կրթական ծրագրեր իրականացնող սահմանափակ թվով պետական ուսումնական հաստատություններ հիմնելու նախաձեռնությունը միայն կբարելավի Հայաստանում կրթության որակը, քննադատները մտավախություն ունեն, թե որոշումն արտացոլում է հիմնականում ռուսալեզու կրթության վերականգնման ցանկությունը, որն արգելված է Հայաստանում 1990-ականների սկզբից` երկրի անկախությունից անմիջապես հետո: Մինչ այդ Հայաստանում շատերը միջնակարգ կրթությունը ռուսերենով էին ստանում, որը նախկին Խորհրդային Միության պետական լեզուն էր և պահանջվում էր ցանկացած լավ կարիերայի համար:

Ֆեյսբուքում ստեղծված «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» հասարակական նախաձեռնության խմբի անդամների թիվը մի քանի օրում գերազանցել է հազարը և դեռ շարունակում է աճել:

Մեծ աղմուկ բարձրացրած կրթության և գիտության նախարարության օրենսդրական այս նախաձեռնությունը արդեն իսկ ուղարկվել է ԱԺ` հավանություն ստանալու համար: Օրինագծի քննարկումը խորհրդարանում նախատեսվում է հաջորդ շաբաթ:

Եթե «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծն ընդունվի, ապա Հայաստանում կբացվեն օտարալեզու (ռուսական և անգլիական) 28 դպրոցներ, որտեղ բոլոր առարկաները կդասավանդվեն օտար լեզվով:

Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հայտարարել է, որ եթե գաղափարը վատ լիներ, կառավարության հավանությանը չէր արժանանա: Ըստ նրա` նման դպրոցների հիմնումը պարզապես անհրաժեշտություն է, քանի որ շատերն անձամբ իրեն են դիմում` միջնորդելու իրենց երեխաներին ռուսական դասարաններ տեղավորելու համար:

«Ինչո՞ւ Հայաստանում չեն կարող լինել նման [օտարալեզու] դպրոցներ, առավել ևս, որ դրանք արդեն կան տարածաշրջանում` Վրաստանում, Ադրբեջանում, Թուրքիայում: Ի դեպ, այդ դպրոցների թիվը չի կարող գերազանցել ընդհանուր դպրոցների թվի 2 տոկոսը»,- ասել է Աշոտյանը:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը «Ազատություն» ռադիոկայանին ասել է, որ ցանկացած մարդ իրավունք ունի այնպիսի կրթություն ստանալու, որը նրան միջազգային մակարդակի բազա կտա, և նա կկարողանա հետագայում դա շարունակել:

«Ես կողմնակից եմ, որ մեզ մոտ մեր ազգային դպրոցը այդ կրթությունը տա, բայց մեր ազգային դպրոցը այդ կրթությունը չի տալիս: Եթե դա մեզ մոտ ուժեղ լիներ, մենք այդ [առաջարկված] 28 դպրոցից չէինք էլ վախենա: Լավ, իսկ այս 20 տարվա մեջ ո՞վ էր խանգարում, որ մենք մեր կրթական մակարդակը իրոք ռեֆորմի ենթարկեինք ու բերեինք միջազգային մակարդակի»,- ասում է Հարությունյանը:

«Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» հասարակական նախաձեռնության խմբի անդամ, լրագրող Վահան Իշխանյանը ԿԳ նախարարի և օմբուդսմանի պատճառաբանությունները համարում է «ռասիզմ»։

«Նրանք, թերագնահատելով հայկական կրթությունը, որ տալիս է հայերեն լեզվամտածողություն, ռասիզմ են ցուցաբերում հայերեն լեզվամտածողություն ունեցողների նկատմամբ, որոնք, իբր, հայկական կրթություն ունենալով, չեն կարող միջազգային շփումներ ունենալ։ Իրականում, փաստը ցույց է տալիս, որ հայկական կրթություն ունեցողներից շատերը կարողացել են ընդունվել աշխարհի լավագույն համալսարաններ»,- ասում է նա:

«Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն Արմեն Այվազյանը կենտրոնի տարածած հաղորդագրությունում մատնանշում է, որ օրինագիծը նսեմացնում է ինչպես ՀՀ սահմանադրության 12-րդ հոդվածը, որով հայերենը հռչակվում է ՀՀ պետական լեզու, այնպես էլ 89-րդ հոդվածը, որը ՀՀ կառավարությանը պարտադրում է պետական քաղաքականություն իրականացնել կրթության բնագավառում։ Ընդ որում, 89-րդ հոդվածն իր ճշգրիտ և միակ ընդունելի մեկնաբանությունն է ստացել «Լեզվի մասին» ՀՀ օրենքով:

Ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցությունը տարածել է հաղորդագրություն, որում նշում է, որ Հայաստանում օտարալեզու դպրոցները կարող են լինել միայն ոչ պետական և սահմանափակ թվով ավագ դպրոցներ, որտեղ հայագիտական առարկաները` հայոց լեզուն, գրականությունն ու հայ ժողովրդի պատմությունը, Հայաստանի քաղաքացիների համար կլինեն պարտադիր, և կապահովվի պետական չափորոշիչներին համապատասխան կրթություն:

Անցյալ շաբաթ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) նույնպես հանդես է եկել հայտարարությամբ` համարելով այս նախաձեռնությունը «գավառամտության արգասիք», որը «սպառնում է վտանգել և ի չիք դարձնել անկախության գլխավոր ձեռքբերումներից մեկը՝ պետական լեզվի հիմքի վրա միասնական ազգային հանրակրթական դպրոցի համակարգը»։

Հասարակական նախաձեռնության խմբի անդամները հայտարարում են, որ օտարալեզու դպրոցների բացումը դիվերսիա է հայոց լեզվի և անկախ պետականության նկատմամբ:

Դեմ արտահայտվելով ԿԳ նախարարի պնդմանը, թե օտարալեզու դպրոցներն ավելի որակյալ կրթություն են ապահովում, նշում են. «Հազարամյա գրական պատմություն ունեցող հայոց լեզուն ի զորու է ապահովել ժամանակակից կրթական համակարգի բոլոր պահանջները։ Կրթության որակը պայմանավորված է ոչ թե դասավանդման լեզվով, այլ` ծրագրերով, դասավանդման սկզբունքներով, մասնագետների որակավորմամբ և կազմակերպչական դրվածքով»:

Հայոց լեզվի մրցունակությունը բարձրացնելու համար խումբն առաջարկում է իրականացնել տեղեկատվական տեխնոլոգիաների և համաշխարհային գրականության թարգմանության լայնածավալ ազգային ծրագիր՝ նոր Թարգմանչաց շարժում։ Հատկապես անհրաժեշտ է ստեղծել էլեկտրոնային թարգմանիչ համակարգեր, օրինակ՝ «Գուգլ» թարգմանիչ (Google translate), ինչպես նաև` զարգացնել առցանց հայալեզու պաշարները՝ «Վիքիպեդիա» ցանցային հանրագիտարանը և այլ շտեմարաններ։

Նախաձեռնող խմբի անդամները կարծում են, որ ԿԳ նախարարի խոստովանությունը, որ ինքն անզոր է լուծելու կրթական համակարգի խնդիրները և բարձրացնելու հանրակրթական առարկաների, այդ թվում՝ օտար լեզուների դասավանդման որակը, կասկածի տակ է դնում նրա համապատասխանությունը այդ պաշտոնին։
ԱրմենիաՆաուի էջերում