Անաղարտությո՞ւն, թե՞ առաջընթաց. օտարալեզու դպրոցների վերաբացման հարցում իշխանությունները նահանջել են, սակայն, ըստ ընդդիմախոսների, ոչ շատ հեռու

Անաղարտությո՞ւն, թե՞ առաջընթաց. օտարալեզու դպրոցների վերաբացման հարցում իշխանությունները նահանջել են, սակայն, ըստ ընդդիմախոսների, ոչ շատ հեռու


Օտարալեզու դպրոցների վերաբացման մասին կառավարության աղմուկ հանած օրենսդրական նախաձեռնությունը նոր ընթացք է ստացել. իշխանությունները, հաշվի առնելով ընդդիմախոսների կարծիքները, նահանջել են իրենց դիրքերից` համաձայնելով բացել օտար լեզվով դասավանդվող միայն մասնավոր և ոչ թե պետական դպրոցներ, և դրանց թիվը դարձնել ոչ թե 2 տոկոս, այլ` 1 (մոտ 14 դպրոց):


Սակայն օրինագծի ընդդիմախոսները դեռ գոհ չեն` պնդելով, որ այդ նահանջը բնավ չի «նվազեցնում [կրթության համակարգին ուղղված] վտանգը», եթե օտարալեզու դպրոցներ բացվեն:

«Այս փոփոխությունները ցույց են տալիս, որ նախագիծն ինչպես հարկն է նախապես մշակված չէ և առնվազն ոչ մասնագիտական է: Այդ առումով հիշյալ նահանջը ոչ միայն չի փարատում մտահոգությունները, այլև ավելի է խորացնում դրանք»,- ասված է «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» հասարակական նախաձեռնության անդամների հայտարարության մեջ:

Մայիսի սկզբին կառավարությունը հավանություն էր տվել կրթության և գիտության նախարարության նախաձեռնած «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծին, որի ընդունվելու դեպքում Հայաստանում կբացվեն օտար լեզվով դասավանդվող (ռուսական կամ անգլիական) դպրոցներ:

Ընդդիմախոսներն օրինագիծը համարում են «սպառնալիք հայ ինքնությանը», մինչդեռ կառավարությունը պնդում է, որ նման դպրոցներն «անհրաժեշտ են ապահովելու մրցունակ կրթություն», որտեղ կարվեն մասնավոր ներդրումներ:

«[Կրթության և գիտության] նախարարը ցույց է տալիս իր արհամարհական և խտրական վերաբերմունքը հայկական դպրոցների նկատմամբ, քանի որ ներդրումները ծրագրում է ուղղել ոչ թե հայկական, այլ օտարալեզու դպրոցներ»,-ասում են նախաձեռնության անդամները:

ՀՀ գրողների միության անդամները ևս դեմ են օտարալեզու դպրոցների վերաբացման նախաձեռնությանը` համարելով այն «դանդաղ գործող ական` դրված հայեցի կրթության հիմքերի տակ», որը նաև խորացնելու է հասարակության մեջ բևեռացումը, քանի որ այդ «էլիտար» դպրոցներում սովորելու հնարավորություն կունենան ոչ բոլորը:

Իսկ Հանրային խորհրդի անդամ, նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը դպրոցների բացման կողմնակից է, ով վստահ է, որ Հայաստանում օտարալեզու դպրոցների անհրաժեշտություն կա:

«Բևեռացումն այսպես թե այնպես կա, և դա լրիվ այլ հիմքեր ունի,- ասում է Հարությունյանը: - Ասել` մենք ենք, մեր սարերը, մեր լեզուն և վերջ, ճիշտ չէ, պետք է աշխարհում լինել մրցունակ, իսկ դրա համար մրցունակ կրթություն է անհրաժեշտ»:

ԱրմենիաՆաուի էջերում