Սովորելու դժվարությունը. Հայաստանում քննաշրջանը երևան է հանում կրթական համակարգի խնդիրները
RA Deputy Minister of Education and Science and chairman of the appeal commission Manuk Mkrtchyan
Մինչ այդ, վերջին շաբաթների ընթացքում ընդունելության քննությունները շարունակվում են ընթանալ նույն հունով: Դիմորդներները, ծնողներն ու կրկնուսույցները բողոքում են գլուխկոտրուկի նման բարդ թեստերից, ուղեցույցներին անհամապատասխանությունից, իսկ թեստեր կազմողներն ու Գնահատման և թեստավորման կենտրոնի ներկայացուցիչներն անընդհատ ասում են, որ ամեն ինչ համապատասխանում է ուսումնական ծրագրերին, և թեստերում ծրագրից դուրս ոչ մի հարց ներառված չէ: Այս տարվա միասնական քննություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 17.665 շրջանավարտ, որը մոտ 1500 դիմորդով պակաս է անցյալ տարվա դիմորդների թվից: Այս տարի ևս դիմորդների հիմնական դժգոհությունը վերաբերում է «Հայոց լեզու և գրականություն» առարկային: Հունիսի 4-ին «Հայոց լեզու և գրականություն» առարկայից քննություն է հանձնել 10.754 դիմորդ, որոնցից 1171-ը` մոտ 11 տոկոսը, չեն հաղթահարել դրական միավորի (8) շեմը: Առավելագույն` 20 միավոր է ստացել ընդամենը երկու դիմորդ (անցյալ տարի 20 միավոր էր ստացել 12 դիմորդ): Դիմորդների մեծ մասը` 7339 հոգի, ստացել է 7,5-13,25 միավոր: Այս միասնական քննության միջին միավորը 10,98-ն է: Քննությունից անմիջապես հետո սկսվեցին բուռն քննարկումներ, մեղադրանքներ թեստերի բարդության և ժամանակի սղության վերաբերյալ: Խաթունիկ Արամյանը, որ տարիներ շարունակ «Հայոց լեզու և գրականություն» է պարապում, այս տարի 8 աշակերտ ուներ, որոնցից ոչ մեկը, հուրախություն ուսուցչի, անբավարար գնահատական չի ստացել (ամենացածրը` 12,5, իսկ ամենաբարձրը` 15,25 միավոր): «Սկսենք նրանից, որ քննությունները պետք է մեկ ժամով ավելացնել, դարձնել չորս ժամ»,- ասում է Արամյանը` պատճառաբանելով, որ 3 ժամում դիմորդները չեն հասցնում մինչև վերջ պատասխանել բոլոր 80 հարցերին: Հունիսի 16-ին կայացած ասուլիսին ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Մանուկ Մկրտչյանը, այս բողոքներին ի պատասխան ասաց, որ այդ հարցը շատ երկար է քննարկվել, և երեք ժամի մասին որոշումն ընդունվել է քննության կազմակերպիչների կողմից արված հատուկ հետազոտությունների հիման վրա: «Այս երեք տարվա քննությունների ժամանակ բոլոր տեսակի կազմակերպիչները մատնանշում են, որ երեք ժամից հետո ոչ մի երեխա չի աշխատում: Չորրորդ ժամը դառնում է անկառավարելի, չորրորդ ժամը դիմորդների մեծ մասն օգտագործում է այստեղից-այնտեղից ինչ-որ բան կորզելու համար»,- ասում է Մկրտչյանը: Արամյանն ասում է, որ արդեն չորս տարի շարունակ թեստերի ուղեցույցն առանց փոփոխությունների է կազմվում, մինչդեռ թեստերն ամեն տարի փոխվում են, և չեն համապատասխանում ուղեցույցի պահանջներին: Նույն կարծիքին է նաև ՀՀ վաստակավոր ուսուցչուհի Բեատրիչե Ստեփանյանը: «Մեծ անջպետ կա ծրագիր-դասագիրք-ուղեցույց-թեստ հարցերի միջև: Այլ բան է ասում ծրագիրը, այլ բան է ասում դասագրքում եղածը, այլ է ուղեցույցը, և այլ են թեստերը»,-ասում է Ստեփանյանը: Արամյանը նաև ասում է, որ թեստերի առաջադրանքները միտումնավոր խճճված են, իսկ պահանջներն այնպես են ձևակերպված, որ դիմորդը դրանք հասկանալու համար պետք է երկար մտածի: Այս տարվա թեստերի հեղինակներ Աշխեն Ջրբաշյանը և Փառանձեմ Մեյթիխանյանը քննադատվեցին նաև թեստերում տեղ գտած մի շարք երկվությունների պատճառով: Ի դեպ, նրանք առայժմ զերծ են մնում մեկնաբանություններից` ասելով, որ իրենց կարծիքն ու ասելիքը կասեն քննություններն ամփոփելուց հետո միայն: Փոխնախարար Մանուկ Մկրտչյանը հայտարարեց, որ երկվությունների պատճառով դիմորդների գնահատականները 0,5-1 բալով կբարձրացվեն: Համենայն դեպս, այս տարվա դիմորդների մեծ մասը, այսպես թե այնպես, դրական գնահատական ստանալու դեպքում կընդունվի բուհ (կախված ֆակուլտետից), քանի որ 18 000 դիմորդի դիմաց պետական բուհերում 20 500 տեղ է հատկացված: Բոլոր նրանք, ում այս տարի բախտը չի ժպտա, կարող են իրենց բախտը փորձել հաջորդ տարի, երբ նման թեժ մրցակցություն չի լինի: 12-ամյա կրթական համակարգին անցնելու պատճառով Հայաստանում 2011-ին շրջանավարտներ չեն լինի:
Other Articles in Կրթություն
|
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 1 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.