ԱԺ-ն քննարկում է օտարալեզու դպրոցների մասին օրինագիծը, որի դեմ բողոքի ալիքն ավելի է բարձրանում
«Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների բացմանը» խումբը բողոքի ակցիա էր կազմակերպել կառավարության շենքի առաջ: Մինչ խորհրդարանականները քննարկում էին օրինագիծը, կառավարության նիստերի դահլիճի մուտքի մոտ բողոքի ակցիա էին իրականացնում «Մենք դե՛մ ենք օտարալեզու դպրոցների բացմանը» նախաձեռնության խմբի անդամները: Օրենքի նախագծում կատարվել է խմբագրական փոփոխություն, որով նախկին 15 դպրոցների փոխարեն նախատեսվում է բացել 11 դպրոց, որոնցից 9-ում օտար լեզվով առարկաները կդասավանդվեն 9-րդ դասարանից: Մյուս երկուսը կլինեն մասնավոր, որոնք կբացվեն Դիլիջան և Ջերմուկ քաղաքներում, որտեղ առարկաներն օտար լեզվով կդասավանդվեն 7-րդ դասարանից։ «Ժառանգություն» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը հայտարարեց, որ իրենք դեմ են քվեարկելու «Լեզվի մասին» օրենքի փոփոխությունների օրինագծին։ «Քանի դեռ Հայաստանում չունենք միջազգային չափանիշներին համապատասխանող կառավարման համակարգ, ազատ դատական համակարգ և ազատ խոսք, քանի դեռ բացակայում են ժողովրդավարական ինստիտուտները, որևէ օրենքի փոփոխությամբ չի հաջողվի նույնիսկ միջազգային չափանիշներին համապատասխանող երկու դպրոց բացել»,- ասաց դպրոցի նախկին տնօրեն Բախշյանը: ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանն առաջարկեց «Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ չկատարել։ «Իմ սիրելի հանրապետական ընկերնե´ր, կարծում եմ, որ դուք չեք մտածում, որ շարունակ մնալու եք իշխանության մեջ։ Մենք չենք կարող կանխատեսել՝ ի՞նչ քաղաքական ուժ կարող է իր ձեռքը վերցնել իշխանությունը, ինչպես նաև չենք կարող կանխատեսել, թե այդ հիպոթետիկ քաղաքական ուժը ինչպե՞ս կօգտագործի օրենքի այդ սողանցքը։ Եթե այս ուղղությամբ որևէ փոփոխություն չարվի, ՀՅԴ խմբակցությունը դեմ է քվեարկելու օրինագծին»,- ասաց Վահան Հովհաննիսյանը։ ԱԺ-ն օրինագծի քննարկումը հետաձգեց մինչև հինգշաբթի:
Other Articles in Կրթություն
|
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 2 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.