Ռադիոակտիվ թեմա. գյուղացիները ընդդիմանում են վտանգավոր քիմիական նյութերի գերեզմանոցի կառուցմանը

Ռադիոակտիվ թեմա. գյուղացիները ընդդիմանում են վտանգավոր քիմիական նյութերի գերեզմանոցի կառուցմանը

Courtesy of Ecolur NGO

Արարատի մարզի Զանգակատուն գյուղը

Արարատի մարզի Զանգակատուն և Ուրցալանջ գյուղերի բնակիչները լրջորեն անհանգստացած են գյուղերի հարակից տարածքներում ռադիոակտիվ վտանգավոր քիմիական նյութերի գերեզմանոց կառուցելու պատճառով: Մոտ մեկ ամիս առաջ Զանգակատան բնակիչները գյուղից պարզապես վռնդել են մի խումբ երկրաբանների, որոնք գյուղ էին եկել վտանգավոր ռադիոակտիվ նյութերի և թափոնների թաղման նպատակով ընդերքի տեղամասերի տեղագրական քարտեզ կազմելու:


«Մեր ժողովուրդը կանգնեց, փակեց նրանց աշխատանք տանող ճանապարհը»,-պատմում է Զանգակատուն գյուղի (Երևանից հարավ մոտ 100 կմ հեռավորության վրա) փոխգյուղապետ Վիլսոն Մայիլյանը:

Գյուղացիների կարծիքով` ռադիոակտիվ տարրերի գերեզմանոց կառուցելու դեպքում իրենք կապրեն վտանգի կողքին, կաղտոտվի շրջակա միջավայրը, ռադիոակտիվ թափոնները կներթափանցեն գյուղմթերքի մեջ, որոնց վաճառքով էլ գյուղում շատերն են զբաղվում: Նրանցից շատերը նույնիսկ պնդում են, որ գերեզմանոցում ուրան կամ ատոմակայանի ռադիոակտիվ թափոններն են թաղվելու:

Զանգակատուն և Ուրցալանջ գյուղերում ընդերքի հետազոտման աշխատանքներն իրականացրել է «Երևանի պետական համալսարանի երկրաբանական հետազոտությունների կենտրոն» ՍՊԸ-ն:
Ընկերությունը 2009-ի դեկտեմբերին անցկացված մրցույթում հաղթող է ճանաչվել «ՀՀ տարածքում ռադիոակտիվ վտանգավոր քիմիական նյութերի ու թափոնների թաղման նպատակով ընդերքի տեղամասերի տեղագրական քարտեզի կազմման աշխատանքները» իրականացնելու համար:
Պատվիրատուն ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունն է: Աշխատանքների իրականացման համար ՍՊԸ հաշվեհամարին է փոխանցվել 119 մլն դրամ (մոտ 309 հազար դոլար):

Երկրաբանական կենտրոնի ղեկավար Մարատ Գրիգորյանը, ով նաև ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկանն է, ասում է, որ գերեզմանոցը նախատեսված չէ ատոմակայանի թափոնների համար:

«Դա լինելու է մունիցիպալ` քաղաքային թափոնների գերեզմանոց, այսինքն` թաղելու են չօգտագործվող գյուղատնտեսական նյութեր, ժամկետանց դեղամիջոցներ, բժշկական նպատակով օգտագործված ռադիոակտիվ նյութեր…»,- ասում է Գրիգորյանը:

Գրիգորյանը կարծում է, որ կառավարության` նման գերեզմանոց հիմնելու որոշումը շատ ճիշտ է:
«Մենք նման աղբը թափում ենք որտեղ պատահի` դրանով աղտոտելով մեր հողն ու ջուրը, օդը, այդ տարրերը պետք է պահել նման գերեզմանոցում»,- բացատրում է Գրիգորյանը:

Ըստ նրա` այդ գյուղերի հարակից տարածքները Հայաստանի տարածքում ամենահարմարն են գերեզմանոցի կառուցման համար:

«Տեղանքի երկրաբանական կառուցվածքը պետք է ապահովի գերեզմանոցի անվտանգությունը»,-ասում է Գրիգորյանը` ավելացնելով, որ իրենց ընտրած տարածքներն ամենաապահովն են` չոր են, սողանքային երևույթները բացակայում են, սեյսմոտեկտոնիկ վիճակը կայուն է:

Ըստ Գրիգորյանի` գյուղերի բնակիչների համար այդ գերեզմանոցը վտանգ չի ներկայացնի:

«Եթե մասնագետը գտնում է, որ այդ տարածքն ամենաապահովն է, ուրեմն պետք է մասնագետին լսել:
Մենք հորատել ենք գյուղից 2-4 կմ հեռավորության վրա, այդ հողերը քարքարոտ են, գյուղացիները չեն օգտագործում»,- ասում է Գրիգորյանը, թեև բնակիչները պնդում են, որ դրանք իրենց արոտավայրերից ընդամենը 400 մ են հեռու:

Այժմ երկրաբանների խումբը դադարեցրել է աշխատանքները: Գրիգորյանը դիմել է ՀՀ վարչապետին` պահանջելով ապահովել իրենց անվտանգությունն աշխատանքներն իրականացնելու ժամանակ:
«Եթե ոչ` ես կլուծարեմ պայմանագիրը»,- ասում է Գրիգորյանը:

«Էկոլուր» ՀԿ նախագահ Ինգա Զարաֆյանը, ով առաջինն է ահազանգել խնդրի մասին, ասում է, որ նախքան նման աշխատանքներ իրականացնելը պետք էր գյուղական համայնքների, բնապահպանների մասնակցությամբ հասարակական քննարկումներ անցկացնել, որպեսզի հանրությունը տեղյակ լիներ իր կողքին կառուցվող վտանգավոր օբյեկտի մասին, և այդ պարագայում ընկերությունը նման խնդրի առաջ չէր կանգնի:

«Բացի այդ, մենք չգիտենք եղած գերեզմանոցներն ինչ անենք: Նորերը կառուցելու փոխարեն պետք է այլընտրանքային ճանապարհների մասին մտածել»,- ասում է Զարաֆյանը:

ԱրմենիաՆաուի էջերում