Նազիկ Արմենակյան
ԱրմենիաՆաուի ֆոտոթղթակից
Երևանի կետրոնում գրասենյակների, խանութների և սրճարանների մոտ այսօր արդեն կարելի է տեսնել քաղաքապետարանի պահանջով և անվճար տրամադրված նոր աղբարկղեր:
Իշխանությունները հայտարարել են նոր համահանրապետական ծրագրի մեկնարկի մասին, որի նպատակն է աջակցել Հայաստանի քաղաքներում շրջակա միջավայրի մաքրմանը:
«Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում անցյալ շաբաթավերջին Երևանում մեկնարկեց առաջին միջոցառումը: Ծրագիրն իրականացվում է «Միասին» երիտասարդական շարժման ակտիվիստների հետ միասին: Պաշտոնյաները խոստանում են, որ «Մաքուր Հայաստան» ծրագիրը հետագայում կտարածվի Հայաստանի բոլոր մարզերում:
Երևանում և Հայաստանի այլ շրջաններում փողոցում աղբը նետելը տարածված երևույթ է: Անտեսելով քաղաքային իշխանությունների և բնապահպանների կոչերը` շատ քաղաքացիներ շարունակում են աղբը նետել չնախատեսված վայրերում` փչացնելով քաղաքի սանիտարական վիճակը և ստեղծելով առողջապահական ռիսկեր: Սակավաթիվ կանաչապատ տարածքներն ու ջրավազանները, ինչպես, օրինակ` Հրազդանի կիրճը, հատկապես խոցելի են այս առումով:
Մայիսի 17-ին տեղի ունեցած կառավարության նիստի ժամանակ վարչապետ Սարգսյանը հայտարարել է, որ իրենց նամակով դիմել է «Միասին» հասարակական շարժումը և առաջարկել «Մաքուր հայրենիք» ունենալ:
«Միասին»-ը ստեղծվել է 2008-ի փետրվարին` հետընտրական իրադարձություններից հետո, և նպատակ ուներ աջակցելու ներկայիս ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, որը նաև իշխող Հանրապետական կուսակցության ղեկավարն է:
Վարչապետ Սարգսյանը, որն անցյալ տարվա նոյեմբերին անդամակցեց Հանրապետական կուսակցությանը, նախորդ ամիս հորդորեց բոլոր գերատեսչություններին մասնակցել նախաձեռնությանը:
«Երևանում մեկնարկող ծրագիրը հետագայում կտարածվի Հայաստանի բոլոր մարզերում»,- ասել է վարչապետ Սարգսյանը` հավելելով, որ բնապահպանության նախարարը բոլոր գերատեսչություններին կուղարկի մանրամասն տեղեկություններ:
Մինչ աղտոտման խնդիրը քննարկվում է կառավարության մակարդակով, Երևանի իշխանությունները գարնան ամիսներին քաղաքի բարեկարգման տարբեր քայլեր ձեռնարկեցին. տեղադրվեցին հանրային օգտագործման աղբարկղեր, կազմակերպություններին տվեցին առանձին աղբարկղեր, տնկեցին և էտեցին ծառերը, ասֆալտապատեցին փողոցները, ներկեցին լապտերասյուները:
Երևանի ավագանու ընտրություններից մեկ տարի անց, որում հաղթեցին հանրապետականները, շատ երևանցիներ, հատկապես` կենտրոնի բնակիչները, վստահեցնում են, որ աշխատանքներն արվում են հանրապետական քաղաքապետի կողմից:
«Դե, կամաց-կամաց արած գործերը երևում են, անգամ տեղեր կան, որտեղ բակեր են ասֆալտապատել: Ճիշտ ա, քաղաքի կանաչ տարածքները ոչնչացնելուց հետո ուշքի եկան, բայց, դե, լավ ա ուշ, քան երբեք»,- ասում է 65-ամյա երևանցի Արամ Առաքելյանը:
Այս տարի Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հայտարարած «Կանաչ Երևան» ծրագրի շրջանակներում Երևանում հիմնվելու է 125 հա ընդհանուր օգտագործման անտառային գոտի, որից 100 հեկտարը` մայրաքաղաքի հարավարևելյան Էրեբունի թաղամասում, 15 հեկտարը` հյուսիսարևտմյան Աջափնյակում, 10 հեկտարը՝ հարավային Շենգավիթ թաղամասում: Միայն նշված տարածքների համար քաղաքապետարանը նախատեսում է անցկացնել 14 հազար գծամետր ոռոգման ցանց: 2010 թ. տարեկան ծրագրերով լրացուցիչ ևս 20 հազար գծամետր ոռոգման ցանց նախատեսվում է անցկացնել մայրաքաղաքի մյուս թաղամասերում, որպեսզի սպասարկվեն և խնամվեն գրեթե 840 հա կանաչ տարածքները:
Այս տարի տեսանելիորեն նորոգվել ու վերականգնվել են Երևանի կանգառ-սրահները: Ըստ Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության` կանգառ-սրահների աշխատանքներն իրականացնում է «ԷյԴիՎի մեդիա Էս» ընկերությունը` համաձայն Երևանի քաղաքապետարանի «Երևանտրանս» ՓԲԸ-ի հետ կնքած պայմանագրի:
«ԷյԴիՎի մեդիա Էս» ՍՊԸ տնօրեն Արթուր Կարապետյանն ասում է, որ ընկերության ենթակայությամբ գործում են մի քանի խմբեր, որոնց մի մասն ուսումնասիրում է կանգառների վիճակը, մի մասը զբաղվում է կանգառների մաքրման աշխատանքներով, իսկ մի մասն էլ՝ վերանորոգման:
Համաձայն նոր ծրագրի` մայրաքաղաքում տեղադրված 298 կանգառ-սրահներին կգումարվի ևս 370 նոր կանգառատեղի:
Գարնանային հորդառատ անձրևների դադարից հետո սկսվել են նաև Երևանի փողոցների ասֆալտապատման աշխատանքները: Ըստ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության` այս տարի կիրականացվի գրեթե 1 մլն քմ ասֆալտապատման աշխատանքներ: Ծրագիրը կընդգրկի մայրաքաղաքի գրեթե բոլոր վարչական շրջանները: Ծրագրով նախատեսված գումարների մոտ 60 տոկոսը կուղղվի փողոցների, մնացածը` բակային տարածքների ասֆալտապատմանը:
Աղբահանության աշխատանքները Երևանում իրականացնում է 12 կազմակերպություն` համաձայն Երևանի քաղաքապետարանի հետ կնքած պայմանագրերի: Քաղաքի կենտրոնում հայտնվել են նոր մեծ աղբարկղեր: Թեև դրանք անվճար տրամադրվել են նաև տարբեր կազմակերպությունների, սակայն տվյալ կազմակերպությունն ինքն է պատասխանատվություն կրելու, եթե աղբարկղը վնասվի:
«Քաղաքի տարբեր հատվածներում աղբահանություն իրականացնող կազմակերպություններն իրենք են կազմակերպում իրենց աշխատանքները` փորձելով արդյունավետ աշխատել»,- «ԱրմենիաՆաուին» ասում է Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Գագիկ Խաչատրյանը:
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 2 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.