Ընդդեմ անապատացման. բնապահպանների կոչերը մնացել են ձայն բարբառո հանապատի
«Հայաստան ծառատունկ» բարեգործական հիմնադրամը օգնել է կերպարանափոխել Հայաստանի շատ տարածքներ, ինչպես այս մեկը Խոր Վիրապում(առաջ և հետո): Հունիսի 17-ին` Անապատացման դեմ պայքարի միջազգային օրը, ՀՀ բնապահպանության նախարարության ներկայացուցիչ, Անապատացման դեմ պայքարի ՄԱԿ-ի կոնվենցիայի համակարգող Աշոտ Վարդևանյանը հայտարարեց, որ 2002-ին կոնվենցիային միանալուց ի վեր Հայաստանում ընդամենը երկու պիլոտային ծրագիր է իրականացվել (ընդհանուրը` 70 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ) և մշակվել է անապատացման դեմ պայքարի ազգային ծրագիր: Թե ստույգ ի´նչ գործողություններ են ներառված ազգային ծրագրում և քանի տարի հետո հնարավոր կլինի կրճատել Հայաստանում անապատացման գործընթացները հարցին Վարդևանյանն անորոշ պատասխան տվեց: Նա հանկարծ հիշեց, որ ընդերքն օգտագործողները հիմնադրամ են ստեղծել, որտեղ գումարներ են մուտքագրվում հանքերի բաց շահագործումից տուժած էկոհամակարգերի վերականգնման համար, սակայն թե որքա´ն գումար է մուտքագրվել այդ ֆոնդ, Վարդևանյանը դժվարացավ ասել: «Սևանի մակարդակը բարձրացել է, չէ՞»,- օրինակ բերեց Վարդևանյանը` այսքանով եզրափակելով անապատացման դեմ պայքարի արդյունքների թվարկումը: Ի տարբերություն Վարդևանյանի լավատեսական տրամադրությունների`հայ բնապահպանները արդեն մի քանի տարի շարունակ լրջորեն ահազանգում են Հայաստանի անապատացման մասին: Նույնիսկ Համաշխարհային բանկը Հայաստանի իշխանություններին զգուշացրել է Հայաստանի վերահաս անապատացման մասին: Ըստ պաշտոնական տվյալների` Հայաստանի անտառածածկ տարածքը կազմում է 10 տոկոս, չնայած բնապահպանական կազմակերպությունները, հիմք ընդունելով իրենց հետազոտությունները, պնդում են, որ դրանք ընդամենը 8 տոկոս են կազմում, մինչդեռ 20-րդ դարի սկզբին անտառածածկ տարածքները կազմում էին Հայաստանի տարածքի 25 տոկոսը: Եվս 20 տարի անապատացման շարունակման դեպքում` Հայաստանում անտառները համարյա կվերանան: Ըստ Վարդևանյանի` ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում անապատացում առաջացնող հիմնական գործոնները ապօրինի ծառահատումներն են, արոտավայրերի գերարածեցումը և գյուղատնտեսության ոչ ճիշտ կազմակերպումը: Հայաստանի Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանն ասում է, որ պետական մակարդակով արվում է ամեն ինչ, որ անապատացումը ծավալվի: «Գյուղատնտեսական մշակովի հողերը կրճատվում են, բերրի հողերը աղակալում են, անտառները հատվում են, անխնա շահագործվում է ընդերքը, իսկ հանքարդունաբերությունը մեր արդյունաբերության մեջ գերակա ճյուղ է համարվում»,- ասում է Սանասարյանը: Սրան հակառակ` Հայաստանի անտառները վերահսկող «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության գլխավոր անտառապետ Ռուբեն Պետրոսյանն ասում է, որ Հայաստանում նկատվում է ապօրինի անտառահատումների նվազում: «Օրինակ` 2003 թվականին «Հայանտառի» ենթակայության տակ գտնվող տարածքներում գրանցվել է 27 հազար ապօրինի ծառահատում, իսկ անցյալ տարի ապօրինի հատված և գրանցված ծառերի թիվը հասել է մոտ 2000-ի»,- ասում է Պետրոսյանը: Մյուս կողմից բնապահպանները շարունակում են պնդել, որ Հայաստանում անտառահատումները շարունակվում են: «Ամեն տարի մեծ քանակությամբ լավորակ փայտանյութ է արտահանվում եվրոպական երկրներ, իսկ վատորակ փայտը մնում է»,- ասում է Սանասարյանը: 90-ականներին էներգետիկ ճգնաժամի տարիներին ապօրինի ծառահատումների վնասը փոխհատուցելու նպատակով վերջին տարիներին «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը և բնապահպանական մի քանի կազմակերպություններ ծառատունկեր են իրականացրել Հայաստանի տարբեր մարզերում, որոնք լիարժեք անտառ են դառնում տնկելուց 15-20 տարի հետո միայն: Վերջերս, օրինակ, Բնության համաշխարհային հիմնադրամը (WWF) «Հայաստան ծառատունկ» բարեգործական հիմնադրամի (Armenian Tree Project) և «Հայանտառի» հետ համատեղ Լոռու մարզի երեք գյուղական համայնքներին կից անտառազուրկ տարածքներում իրականացրել է 630 հա անտառատնկման աշխատանքներ: Ծրագիրի նպատակը կլիմայի փոփոխության ազդեցությունների մեղմացումն է Հայաստանում անտառային լանդշաֆտների վերականգնման միջոցով: Հայաստանի անտառների վերականգնման գործում մեծ ավանդ ունի հատկապես «Հայաստան ծառատունկ» բարեգործական հիմնադրամը նշանակալի ներդրում է իրականացրել Հայաստանում անտառների վերականգնման նպատակով: Ոչ առևտրային կազմակերպությունը հիմնվել է ԱՄՆ-ում, որն արդեն 15 տարի ծառատունկի աշխատանքներ է իրականացնում Հայաստանում:
Other Articles in Բնապահպանություն
|
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.