Չեզոքացնելով վտանգը. ըստ կառավարության` ժամանակավորապես լուծվել է թունաքիմիկատների գերեզմանոցի խնդիրը

Չեզոքացնելով վտանգը. ըստ կառավարության` ժամանակավորապես լուծվել է թունաքիմիկատների գերեզմանոցի խնդիրը

http://www.gov.am

Վարչապետ Տիգրան Սարգսյանը (աջից) կառավարության մի քանի անդամների հետ այցելել է Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցը:

ՀՀ կառավարությունը հայտարարել է, որ հաջողությամբ ավարտել է շրջակա միջավայրին և հանրային առողջությանը սպառնացող վտանգները չեզոքացնելու դեմ ձեռնարկած քայլերը, այն իրավիճակից հետո, երբ այս տարեսկզբին Երևանի ծայրամասում գտնվող թունաքիմիկատների գերեզմանոցը սկսեց վտանգավոր դառնալ:


Երեկ` հուլիսի 6-ին, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը արտակարգ իրավիճակների, գյուղատնտեսության, բնապահպանության նախարարների հետ այցելել էր Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոց, որտեղ մի քանի ամիս առաջ տիրող իրավիճակը սպառնում էր վերածվել բնապահպանական աղետի


Այս տարվա մարտին անհայտ անձինք ներխուժել էին 1980-ականներին կառուցված թունաքիմիկատների գերեզմանոց, որտեղ մոտ 500 տոննա ժամկետանց թունաքիմիկատներ են թաղված, և ինժեներական ծանր տեխնիկայով անցել գերեզմանոցի վրայով` բաց երկնքի տակ թողնելով պարկերով ու շշերով վտանգավոր թունաքիմիկատները: Ստեղծված իրավիճակն ավելի սրվեց այս տարվա անձրևառատ գարնան պատճառով, քանի որ սողանքային գոտում կառուցված թունաքիմիկատների գերեզմանոցի պարունակությունը սկսեց սողալ ներքև` դեպի Մուշական և Ջրաշեն գյուղեր:

Բնապահպանների և լրագրողների բազմաթիվ ահազանգերից հետո ՀՀ կառավարությունը մոտ մեկ ամիս առաջ սկսեց քայլեր ձեռնարկել` էկոլոգիական աղետը չեզոքացնելու ուղղությամբ:

Այժմ թունաքիմիկատների գերեզմանոցում վտանգները ժամանակավորապես չեզոքացվել են։ Կառավարությունը դրա համար հատկացրել է 32 մլն դրամ (մոտ 85 հազար դոլար)։ Այժմ թունաքիմիկատները հավաքվել և նորից թաղվել են, տարածքը մաքրվել է, պատվել անջրաթափանց շերտով, գերեզմանոցի տարածքը շրջապատվել է փշալարերով, ինչպես նաև տեղադրվել են զգուշացնող նշաններ և պահակակետ:

Իր այցի ընթացում վարչապետը լսել է հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին, որոնք նրան առաջարկել են հարցին վերջնական լուծում տալ: Ըստ Սարգսյանի` տարածքում դեռ պետք է շարունակվեն ուսումնասիրությունները, իսկ վերջնական որոշումը կկայացվի միջազգային փորձագետների եզրակացությունից հետո:

«Կառավարությունն արդեն բավական միջոցներ է ծախսել, որպեսզի վտանգավոր հետևանքները գերեզմանատան մակերեսի բացման այս պահին վերացնենք, չեզոքացնենք, հսկողություն է իրականացվում շրջակա միջավայրում, և նաև բոլոր համայնքները տեղյակ են պրոբլեմի մասին, նրանք նույնպես ուշադիր են լինելու։ Դրան, իհարկե, օգնեց նաև հրապարակայնությունը, որ ապահովվեց այս խնդրի շուրջ»,- ասել է վարչապետը:
Նա նաև գերեզմանոցի համար պատասխանատու նախարարություններին հանձնարարել է մշակել հայեցակարգ, որի իրականացումը հնարավորություն կընձեռի Հայաստանի տարածքում բացահայտելու նման հիմնախնդիրները։

Չնայած դրան` խնդրի վերաբերյալ ակտիվորեն ահազանգող բնապահպանները դեռ այնքան էլ գոհ չեն արդյունքներից, քանի որ կարծում են, որ արված աշխատանքների շնորհիվ գերեզմանոցը բերվել է այն վիճակին, երբ դեռ ծանր տեխնիկայով վրայով չէին անցել: Ըստ նրանց` անձրևաջրերից ու ձնհալից հետո գերեզմանոցը նորից կարող է բացվել:

ԱրմենիաՆաուի էջերում