Ծայրահեղ միջոց. Գեղարքունիքի բնակիչները «կենդանի վահան» են դարձել` պաշտպանելու իրենց գետը

Ծայրահեղ միջոց. Գեղարքունիքի բնակիչները «կենդանի վահան» են դարձել` պաշտպանելու իրենց գետը

Photo: www.ecolur.org

Արգիճի գետը

Գեղարքունիքի մարզի բնակիչները, փակելով Երևան-Սևան մայրուղու Երևան-Մարտունի ճանապարհահատվածը, հույս ունեն վերջնականապես կասեցնել Արգիճի գետի Գայլաձոր վտակի վրա հէկի կառուցումը:


Հուլիսի 19-ին` առավոտյան, ավելի քան 500 բնակիչ փակել էին Երևան-Սևան մայրուղու Երևան-Մարտունի ճանապարհահատվածը` մոտ 5 ժամ թույլ չտալով տեղաշարժվել ավելի քան 1000 ավտոմեքենաների: Արդյունքում` ժամանել էին Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակիցներ, ովքեր խնդրել են տասն օր` խնդիրը լուծելու համար:

«Բնակիչները դիմել էին բոլոր իրավասու մարմիններին և այս պարագայում արդեն ուրիշ անելիք չունեին: Նրանք պատրաստ են կրկնել նույն քայլը, եթե 10 օրում դրական տեղաշարժ չնկատվի»,- «ԱրմենիաՆաուին» ասում է Գավառի «Օրհուս» կենտրոնի համակարգող Լիաննա Ասոյանը:

Արգիճին Սևանը սնուցող 28 գետերից ամենախոշորն է: Այն տարեկան 12 սանտիմետրով ապահովում է Սևանի ջրի մակարդակի բարձրացումը և շրջակա վեց գյուղերի շուրջ 30000 բնակիչների կողմից օգտագործվում ոռոգման նպատակով: Այժմ Արգիճին սնուցող Գայլաձոր վտակի հունը փոխելու ծրագիրն իրականացնելու դեպքում ջրերի մի մասը կուղղվի դեպի Վայոց ձոր, որը Սևանի հակառակ կողմում է:

Ասոյանի տեղեկացմամբ` «Զանգեզուր էքսպո» ՍՊԸ-ն Արգիճի գետի վրա անօրինական կերպով կառուցում է փոքր հէկ, քանի որ այն իրավունք ունի շինարարություն իրականացնել միայն Եղեգիս գետի Կապույտ Բերտ վտակի վրա:

Բնապահպանները համոզված են, որ գետի հունի փոփոխությամբ կիջնի երկրի քաղցրահամ ջրերի ամենամեծ ավազանի` Սևանա լճի մակարդակը, որի ջրի բարձրացումը վերջին տարիներին ազդել է լճափի երկայնքով գործող մի քանի եկամտաբեր բիզնեսների վրա: Բացի այդ, վերջերս արձանագրված ջրի մակարդակի այսչափ բարձրացումը համարվում է ամենակարևոր բնապահպանական խնդիրը մեր երկրի համար, որտեղ Սևանա լիճը ողջ էկոհամակարգի գլխավոր տարրն է:

Հէկի կառուցմամբ խախտվում է «Սևանի մասին» ՀՀ օրենքը, որի համաձայն` արգելվում է Սևանի ավազանի ջրային պաշարներն օգտագործել այլ նպատակներով` հէկի կառուցում, ոռոգում թե այլ: Բացի այդ, դա վտանգավոր է ձկների, մասնավորապես` իշխանի համար, քանի որ նրանք ձվադրում են հենց այդ գետի ակունքում:

ԱրմենիաՆաուի էջերում