Ձախողված բնապահպանություն. մասնավոր ընկերություններին մեղադրում են Սևանի շրջակայքում սանիտարական աշխատանքների համար գումարները գրպանելու մեջ

Ձախողված բնապահպանություն. մասնավոր ընկերություններին մեղադրում են Սևանի շրջակայքում սանիտարական աշխատանքների համար գումարները գրպանելու մեջ

Ֆոտոլուր

ՀՀ դատախազության կայքը տեղեկացնում է, որ հարուցվել են քրեական գործեր` Սևանա լճի մաքրման աշխատանքների ընթացքում հայտնաբերված չարաշահումների դեպքերի առիթով:


Սևանա լճի շրջակայքում սանիտարական աշխատանքներ իրականացնելու նպատակով ՀՀ բնապահպանության նախարարությունը պետական բյուջեից գումարներ է հատկացրել մի քանի մասնավոր ընկերությունների, որոնք, սակայն, չեն կատարել իրենց ստանձնած պարտավորությունները:

Սեպտեմբերի 2-ին ՀՀ դատախազությունն իր պաշտոնական կայքում հայտարարել է, որ 2006-2008 թթ. «Ուայդ Գեյթ», 2009 թ. «Տրի Գրեն» և «Հ. Էլոյան և որդիներ» ՍՊ ընկերությունները կատարել են չարաշահումներ, որի հետևանքով էլ Սևանի մակարդակի բարձրացման արդյունքում ջրի տակ են հայտնվել հեկտարներով ծառեր:

(Լճի մակարդակի բարձրացումը բնապահպանական վերականգնողական ծրագրի մաս է կազմում, որը նաև ենթադրում է, որ ջրի տակ անցնող տարածքներում նախևառաջ պետք է սանիտարական աշխատանքներ կատարվեն հետագայում լճի ճահճացումից խուսափելու նպատակով:)

«Ուայդ Գեյթ» ՍՊԸ կողմից չեն մաքրվել ջրածածկ անտառատնկարկների շուրջ 35 հա տարածք, և տեխնիկական բնութագրի չափորոշիչներից պակաս են կատարվել 795,7 խմ անտառանյութի խիտ զանգվածի կտրման, մաքրման, տեսակավորման և տեղափոխման աշխատանքներ: Մյուս երկու կազմակերպությունները համապատասխանաբար չեն կատարել 86,5 և 331 խմ անտառանյութի խիտ զանգվածի կտրման, մաքրման, տեսակավորման և տեղափոխման աշխատանքներ:

ՀՀ դատախազությունը դրա մեջ մեղադրում է մասնավորապես ՀՀ բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման վարչության պետ Արտաշես Զիրոյանին և «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի աշխատողներին ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (յուրացնելը կամ վատնելը) 2-րդ մասի 3-րդ կետի, 3-րդ մասի 1-ին կետի, 214-րդ հոդվածի (առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը) 2-րդ մասի, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 308-րդ (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 315-րդ հոդվածների (պաշտոնեական անփութություն) 2-րդ մասերի հատկանիշներով: Քրեական գործերն ուղարկվել են ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչություն` նախաքննություն կատարելու համար:

«Արտաշես Զիրոյանը բացակայում է քաղաքից, և միայն նա կարող է պարզաբանումներ տալ»,- «ԱրմենիաՆաուին» հայտնում է ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Պեպանյանը:

Նա միայն հաղորդեց, որ 2006-2009 թթ. ընթացքում ընդհանուր առմամբ պետք է մաքրվեր 600 հա տարածք, որի համար պետության կողմից տրամադրվել էր 253 մլն դրամ (մոտ 700.000 դոլար):
«Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հետ «ԱրմենիաՆաուին» չհաջողվեց կապվել:

Բնապահպաններն ասում են, որ քրեական գործ հարուցելը ուշացած են համարում, քանի որ արդեն իսկ դժվար է պարզել, թե որքա´ն տարածք է իրականում ջրի տակ անցել և որքա´ն է իրականում մաքրվել:

«Մենք այցելել ենք Սևանի ափին գտնվող տարբեր գյուղեր, որտեղ բազմիցս ասել են, որ այդ տարածքները մաքրող ոչ մի աշխատողի էլ չեն տեսել, իսկ երբ իրենք են դիմել մաքրելու համար` փայտանյութը վերցնելու դիմաց, միշտ մերժվել են»,- «ԱրմենիաՆաուին» ասում է «Էկոլուր» ՀԿ տնօրեն, բնապահպան Ինգա Զարաֆյանը:

Նա պատմում է, որ Ծափաթաղ գյուղում այս տարի հանգստացողները ընդհանրապես չեն կարողացել լողալ:

ԱրմենիաՆաուի էջերում