Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) ընդունվել է Հայաստանի բնապահպանական խնդիրներին վերաբերող նախագիծ, որի տակ հայաստանյան պատվիրակությունից ստորագրել է միայն «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, որն էլ առաջադրել է նախագիծը:
Հունվարի 28-ին ԵԽԽՎ 24 պատվիրակները ստորագրել են «Հայաստանի լեռնաարդյունաբերական հանքերի ներկայիս և սպասվող նոր հանքավայրերի շահագործման հետևանքով շրջակա միջավայրի վրա աղետալի ազդեցությունը» նախագծի տակ:
Փոստանջյանի տարածած հաղորդագրության համաձայն` վեհաժողովը պետք է շրջակա միջավայրին և բնակչությանը Հայաստանի լեռնաարդյունաբերության հասցվող վնասների վերաբերյալ հատուկ զեկուցող նշանակի և հանձնարարականներ ներկայացնի Հայաստանի իշխանություններին:
«Էկոլուր» բնապահպանական հասարակական կազմակերպության նախագահ Ինգա Զարաֆյանը նշում է, որ Հայաստանում` հիմնականում Սյունիքի մարզի
լեռնաարդյունաբերական հանքերը և դրանց շահագործման հետևանքով առաջացած պոչամբարները մտահոգիչ խնդիրներ են առաջացնում մարդկանց առողջության և կյանքի իրավունքի համար: Այն տարածքներում, որտեղ գտնվում են հանքերը, հիվանդացության (շնչառական հիվանդություններ, անոմալ ծնունդներ, անպտղություն, վիժումներ) ցուցանիշներն ավելի բարձր են, քան հանրապետության մյուս մարզերում:
Զարաֆյանը նշում է, որ ՀՀ կառավարությունը, խախտելով ազգային օրենսդրությունը և մի շարք միջազգային նորմեր, լիցենզիաներ է տրամադրել Թեղուտի և Կապան քաղաքի Շահումյանի հանքավայրերի շահագործման և հետախուզման (ապագա շահագործման) նպատակով:
Նրանց այժմ հատկապես մտահոգում են ուրանի հետախուզման և ապագա շահագործման նպատակով տարվող աշխատանքները, որոնք արդեն մեկնարկել են Սյունիքի մարզի Լեռնաձոր համայնքում:
«Այժմ շատ կարևոր էր այդ հարցը բարձրացնել միջազգային ասպարեզում, քանի որ մեր երկրի առողջապահության և սոցիալական ապահովության համակարգերն արգելում են, որ Հայաստանում շարունակեն հանքավայրերի շահագործումը»,- «ԱրմենիաՆաուին» ասում է Զարաֆյանը:
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.