Վտանգված. փորձագետի խոսքով` ապօրինի ծառահատումները վատթարացնում են Հայաստանի անտառածածկ տարածքների վիճակը

Վտանգված. փորձագետի խոսքով` ապօրինի ծառահատումները վատթարացնում են Հայաստանի անտառածածկ տարածքների վիճակը

Photo: www.antarner.net

Հայաստանն աշխարհի 70 սակավանտառ պետություններից մեկն է, որն այսօր կանգնած է անտառների պահպանման լուրջ խնդրի առջև, քանի որ Հայաստանի բնական անտառներում անտառահատումները բավական մեծ տոկոս են կազմում:

ՀՀ անտառները զբաղեցնում են շուրջ 334 հազար հա (11%), որից շուրջ 277 հազար հա-ն գտնվում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի ենթակայության տակ, իսկ մնացած մասը մտնում է հատուկ պահպանվող տարածքների մեջ:

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի գլխավոր անտառապետ Ռուբեն Պետրոսյանն ասում է, որ Հայաստանի անտառների 28%-ը բավական վատ վիճակում է, լավ որակի շատ քիչ անտառներ կան, իսկ ապօրինի անտառահատումները նա պայմանավորում է սոցիալական խնդիրներով:

«Այն երկրներում, որտեղ սոցիալական լուրջ խնդիրներ կան, ոչ միայն անտառահատումները, այլև բնական ռեսուրսների օգտագործումը պարտադիր են»,- ասում է Պետրոսյանը` հավելելով, որ վերջին տարիներին կտրուկ նվազել են ապօրինի անտառահատումները, որը նա կապում է գազիֆիկացման հետ:
«2003 թվականին ապօրինի հատվել էին մոտ 42 հազար ծառ, անցյալ տարի` 2520, իսկ այս տարի գրանցվել է դեռ 1750 ծառ»,- ասում է անտառապետը:

Պետրոսյանը կարծում է, որ ապօրինի ծառահատումները հնարավոր է վերացնել ներդրումային ծրագրերի միջոցով:

«Հիմա ֆինանսական անկում ունենք, թեև աշխատում ենք մի շարք միջազգային կազմակերպությունների հետ, սակայն նրանց ներդրումներն էլ չեն բավականացնում»,- ասում է Պետրոսյանը` տեղեկացնելով նաև, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի ներկայացմամբ` կառավարության որոշման նախագիծ ընդունվել, ըստ որի անվճար թույլատրվելու է հավաքել անտառի թափուկները: Նրա կարծիքով` սա շուրջ 50%-ով կնվազեցնի ապօրինի ծառահատումները:
ԱրմենիաՆաուի էջերում