Թռչկան. հայ բնապահպանները եզակի հաղթանակ են տոնում ջրվեժի պահպանման ոդիսականի ավարտին

Թռչկան. հայ բնապահպանները եզակի հաղթանակ են տոնում ջրվեժի պահպանման ոդիսականի ավարտին

Ֆոտոլուր

Հայաստանում վտանգված ջրվեժի պահպանման համար երկարատև պայքարը կարծես իր առաջին պտուղներն է տվել այս շաբաթ. երկրի գործադիրը որոշել է Թռչկանի ջրվեժին տալ այնպիսի կարգավիճակ, որը զերծ կպահի նրան արդյունաբերական նպատակով ցանկացած շահագործելուց:

«Պահպանենք Թռչկանի ջրվեժը» քաղաքացիական նախաձեռնության անցկացրած մի շարք բողոքի ակցիաներին ի պատասխան` հինգշաբթի վարչապետն առաջարկել է ընդունել որոշում և Թռչկանի ջրվեժին տալ հատուկ պահպանվող տարածքի կարգավիճակ:

Հայաստանի հյուսիսային Շիրակի ու Լոռու մարզերի սահմանին գտնվող Թռչկանի ջրվեժը Հայաստանի ամենաբարձր (25,5 մետր) և ամենաջրառատ ջրվեժն է:

2008-ին Թռչկանը ճանաչվել է բնության ջրագրական հուշարձան: Սակայն դա արգելք չեղավ, որպեսզի ջրվեժի տարածքում` Չիչխան գետի հունի վրա, «Ռոբշին» ՍՊԸ-ն փոքր հիդրոէլեկտրակայան կառուցելու թույլտվություն ստանա: Մի խումբ բնապահպանական հասարակական կազմակերպություններ և անհատներ մտավախություն էին հայտնել, որ հէկի կառուցումն աղետալի կլիներ ջրվեժի գոյության համար:

Թեև բնապահպանության նախարարն ասել էր, որ հէկը կշահագործվի գարնան վարար ամիսներին, իսկ ամռանը սեփականատերը ձեռք չի տա ջրվեժին, սակայն բնապահպանները չէին դադարում բողոքելուց:

«Պահպանենք Թռչկանի ջրվեժը» քաղաքացիական նախաձեռնության 12 անդամները հոկտեմբերի 25-ից ջրվեժի մոտ վրաններ էին տեղադրել և բողոքի անժամկետ նստացույց սկսել: Իսկ երբ «Ռոբշին» ՍՊԸ-ը հայտարարեց, որ բնապահպանության նախարարության առաջարկով կասեցրել է շինարարական աշխատանքները և շինհրապարակից դուրս է բերում տեխնիկան, քաղաքացիական նախաձեռնության մասնակից մի շարք ՀԿ-ներ այդ քայլը որակեցին շեղող միջոց և շարունակեցին բողոքի նստացույցը` պահանջելով վերջնական որոշում ընդունել:

Նոյեմբերի 3-ին տեղի ունեցած կառավարության հերթական նիստի ընթացքում վարչապետ Սարգսյանը, անդրադառնալով Թռչկանի ջրվեժի խնդրին, հանձնարարականներ տվեց փոխվարչապետ Արմեն Գևորգյանին, որպեսզի բոլոր համաձայնություններն ի կատար ածվեն տեղական ինքնակառավարման մարմինների կողմից, ըստ որի` ջրվեժի տարածքը կօգտվի հատուկ պահպանվող տարածքի ռեժիմից:

Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն էլ լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց, որ ջրվեժի մերձակա տարածքի հողերի կատեգորիան կփոխվի և արդյունաբերական նշանակությունից կվերածվի բնության հատուկ պահպանվող տարածքի: Նախարարը չբացառեց նաև, որ կքննարկվի «Ռոբշին» ընկերությանը փոխհատուցում տրամադրելու հարցը: Մասնավոր ընկերությունը դեռևս ոչ մի կերպ չի արձագանքել:

«Պահպանենք Թռչկանի ջրվեժը» նախաձեռնության անդամ, բնապահպանական փորձագետ Արմեն Վերմիշյանը «ԱրմենիաՆաուի» հետ զրույցում գործադիրի այս քայլը որակեց որպես «Թռչկանի փրկություն»:

«Սա մեր պայքարի արդյունքն էր, այսպիսով Թռչկանը փրկվեց, այժմ պետք է այն պահպանել և զարգացնել»,- ասում է փորձագետը:

Սակայն «Էկոլուր» ՀԿ ղեկավար Ինգա Զարաֆյանը չի շտապում ուրախանալ և բավարարվել կառավարության այս քայլով:

Ըստ բնապահպանի` բնապահպանության նախարարությունը խախտել է օրենքը, երբ դրական բնապահպանական փորձաքննության եզրակացություն է տվել հէկի կառուցման համար ջրվեժի տարածքում:

«Այն, որ կարգը փոխվում է, դա լավ է, բայց մենք պահանջում ենք, որ անվավեր ճանաչվեն «Ռոբշին» ընկերությանը տրված ջրօգտագործման թույլտվությունը և բնապահպանական փորձաքննությունը, որը հետագայում էլ կապահովի Թռչկանի պահպանումը»,- «ԱրմենիաՆաուին» ասում է Զարաֆյանը:

ԱրմենիաՆաուի էջերում