Չափազանց ուշ է նշանակություն տալու համա՞ր. բնապահպանները զայրացած են` օրինագիծն ընդունվել է առանց իրենց առաջարկությունները հաշվի առնելու
Անցյալ ուրբաթ խորհրդարանական լսումներից հետո օրենսդիրներն առաջին ընթերցմամբ հապճեպ ընդունել են օրինագծում փոփոխություններ կատարելու նախագիծը: Հնչեցված որոշ առաջարկություններ և մեկնաբանություններ ներառվել են օրինագծում նրա ընդունվելուց առաջ: Խորհրդարանական լսումների ժամանակ քաղաքացիական նախաձեռնող խումբը հանդես է եկել զեկույցով, որում ներկայացնելով իր սկզբունքային դիտողությունները, պահանջել է նախագիծը ԱԺ-ից հետ կանչել և նոր օրենք մշակել: Բնապահպաններն ահազանգում են, որ այն հիմնարար օրենք է բնապահպանության ոլորտում, և դրանից են կախված ապագայում պետության շրջակա միջավայրի որակը և տնտեսության բնական զարգացումը: «Օրենքի նախագիծը չի ծառայում շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության հիմնական նպատակին, բացակայում են օրենքը կյանքի կոչելու համար անհրաժեշտ, մասնագիտորեն հիմնավորված նորմատիվաիրավական հիմքերը: Օրենքը, փաստորեն, չի կարող գործել, քանի որ ներկայացված չեն այն ընթացակարգերը, որոցով բնապահպանական փորձաքննությունը պետք է լիարժեք իրականացվի: Այս վիճակը շարունակվում է 1995 թ.-ից մինչ օրս, երբ ընդունվեց մայր օրենքը»,- նշվում է զեկույցում: (Զեկույցը պատրաստվել է քաղաքացիական նախաձեռնող խմբի կողմից, որը բաղկացած է ՀԿ-ներից, որոնք ներկայացնում են քաղաքացիական հասարակությունն ու կամավոր ակտիվիստներին:) «Պահպանենք Թռչկանի ջրվեժը» քաղաքացիական նախաձեռնության անդամ աշխարհագրագետ Լևոն Գալստյանն ասում է, որ իրենց նախաձեռնությունը գրավոր առաջարկներ չի ներկայացրել բնապահպանության նախարարությանը: «Մենք պահանջում ենք օրենքը հետ կանչել, և կներկայացնենք մեր առաջարկները: Ես` որպես քաղաքացի, նայելով օրենքին` հասկանում եմ, որ ՊՈԱԿ-ը (պետական ոչ առևտրային կազմակերպություն) փորձաքննությանը կարող է դրական եզրակացություն տալ,- ասում է Գալստյանը: -Այն իր մեջ լուրջ ռիսկեր է պարունակում, օրենքը պրոֆեսիոնալ կերպով կազմված չէ»: Ըստ էության, նոր օրենքը կարգավորում է ՊՈԱԿ-ի գործունեությունը: Բնապահպանության նախարարության «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ի գլխավոր մասնագետ Ազգանուշ Դռնոյանը, ներկայացնելով ԱԺ երկրորդ ընթերցման համար նախատեսված օրինագծի նախագիծը`լրամշակված տարբերակով, կարծում է, որ օրենքը բարդ է, բոլոր ոլորտներն իր մեջ ներառում են բարդ ընթացակարգեր: «Մենք հաշվի ենք առել բանավոր դիտողությունները: Օրենքը հնարավորինս տեղ է թողել հետագա մշակման համար»,- ասում է Դռնոյանը: Դռնոյանը մեղադրում է բնապահպան երիտասարդներին առաջարկությամբ հանդես չգալու կամ դրանք շատ ուշ ներկայացնելու համար և նշում, որ առաջարկություններով հանդես է եկել միայն «Թրանսփարենսի ինթերնեշնլ» կազմակերպությունը, ինչի դեպքում էլ որոշ բաներ հաշվի են առնվել: Ի պատասխան այն հարցին, թե ինչու նրանք առաջարկություններով հանդես չեն եկել, Գալստյանն ասել է, որ կարևորը օրենքը հետ կանչելն է: «Երբ օրենքը հետ կանչեն, մենք նոր միայն կներկայացնենք: Մենք ունենք մոտ 60 առաջարկ, որը 5-10 օրում հնարավոր չէ քննարկել: Ուրբաթ տեղի ունեցած լսումների ժամանակ ԱԺ-ում մենք հանդես եկանք բանավոր առաջարկներով: Երկուշաբթի օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց, որտեղ մի տառ անգամ չկար մեր առաջարկություններից»,- ասում է Գալստյանը: Բնապահպաններն այնպիսի տպավորություն են ստացել, որ պետությունը նպատակ ունի տասը տարվա ընթացքում արդյունահանել Հայաստանի ընդերքի հանածոները: Նրանց համար զարմանալի է, թե ինչու օրենքի նախագիծը պատրաստվել և խորհրդարան է ներկայացվել երկու ամսում: «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Հենրիկ Գրիգորյանը չգիտի, թե որն է հապճեպության պատճառը, բայց այն, որ օրենքի նախագիծը պետք է ընդունվի, օդի, ջրի պես անհրաժեշտ է: Ներկա օրենքը գործում է 1995 թվականից: Ազգանուշ Դռնոյանի խոսքով`օրինագիծը շատ երկար է քննարկվել: «Այլ հարց է, որ քննարկումներին հասարակության ոչ մի անդամ չի մասնակցում, մենք չունենք լծակներ, որ նրանց բերման ենթարկենք»,- ասում է նա: Բնապահպանները պատրաստվում են դիմել ՀՀ նախագահին, որպեսզի վերջնական լուծում տրվի բնապահպանական խնդիրներին:
Other Articles in Բնապահպանություն
|
Readers' comments
-John Aidiniantz, US
Read commented Article
Post a comment
Read all 1 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.