Գրավել Թեղո՞ւտը. տարին սկսվում է հանքավայրի շահագործման դեմ նոր բողոքի ակցիայով

Գրավել Թեղո՞ւտը. տարին սկսվում է հանքավայրի շահագործման դեմ նոր բողոքի ակցիայով

Ֆոտոլուր

Հունվարի 15-ին կմեկնարկի «Փրկե´նք Թեղուտի անտառը» բնապահպանական կազմակերպության նոր նախաձեռնությունը` փորձելու կասեցնել կառավարության որոշմամբ Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի թույլտվությունը:
«Արմենիա քափըր փրոգրամ» ընկերության գլխավոր տնօրեն Վալերի Մեջլումյանը


Արդեն 4 տարուց ավելի` 2007 թ. նոյեմբերից, բնապահպանները փորձում են դադարեցնել Լոռու մարզի Թեղուտ գյուղի մոտ գտնվող պղնձամոլիբդենային հանքերի շահագործումը, որտեղ նույնիսկ պղնձամոլիբդենային հանքավայրում աշխատող գյուղացիներն են ընդդիմանում հետագա շահագործմանը: Հանքավայրից 4-6 կմ հեռու են գտնվում Լոռու մարզի Թեղուտ և Շնող գյուղերը: Թեղուտում ապրում է 769 մարդ, Շնողում`3139:

Նախաձեռնող խմբի ղեկավար Գոռ Հակոբյանն ասում է, որ ակտիվիստների խումբը Թեղուտ է մեկնելու կիրակի` նոր բողոքներ ներկայացնելու հանքավայրի պոչամբարի կառուցման դեմ, որի շահագործման նպատակով օգտագործվելու է 357 հա տարածք: Հանքավայրի մակաբացման պայթեցումների փուլը նախատեսված է գարնան կեսին:

Ակցիայի մասնակիցները հունվարի 15-ի առավոտյան ավտոբուսներով շարժվելու են դեպի Վանաձոր, որտեղ նրանց են միանալու տեղի ակտիվիստները: Իրականացվելու է կարճ տեղեկատվական ակցիա, որից հետո շարունակելու են ճանապարհը դեպի Թեղուտ, որտեղ էլ նախատեսվում է մոտ 4 կմ քայլարշավ: Հակոբյանը նշում է, որ միայն արշավի օրը կներկայացվի Թեղուտի պաշտպանության իրենց կազմած նոր ծրագիրը:

«Կանաչների միության» նախագահ Հակոբ Սանասարյանն ասում է, որ 2007 թ. նոյեմբերին ընդունած կառավարության որոշումը իրավական հիմքեր չունի և կայացվել է կեղծ ճանապարհներով, չհիմնավորված փաստաթղթերի հիման վրա:

«Նախագծում կան թերհաշվարկներ, կոծկումներ, կեղծիքներ: Չեն անցկացվել հասարակական լսումներ»,- ասում է Սանասարյանը:

Դեռևս 2009-ից բնապահպանական կազմակերպությունները հայց էին ներկայացնում ՀՀ վարչական դատարան` վիճարկելով ՀՀ կառավարության, ՀՀ բնապահպանության, էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունների որոշումները: Հայցադիմումը մերժվում է:

2010-ին նույն բնապահպանական կազմակերպությունները դիմեցին Ժնևում «Օրհուսի» կոնվենցիայի համապատասխանության հանձնաժողով: 2010 թ. ստացվեց նրանց եզրակացությունների նախագիծը, որով ճանաչվում էր ՀՀ ձախողումը` ապահովելու արդյունավետ հանրային մասնակցություն Թեղուտի հանքարդյունահանման ծրագրի հետ կապված որոշումների կայացման գործում:

«Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանը նշում է, որ բնապահպանական պայքարի արդյունքում մշակվեց անտառվերականգնման, էկոլոգիական, կոմպենսացիոն ծրագիր, սակայն դա չի հատուցի այն վնասները, որոնք կառաջանան հանքի շահագործումից:

«Ունիկալ անտառային տարածքում, ինչպես Թեղուտն է, բաց հանքի օգտագործումն ասում է այն մասին, որ մենք կարճաժամկետ ենք մտածում, իսկ կարճաժամկետ տնտեսական մտածելակերպը բացարձակ հակաէկոլոգիական է»,- ասում է Դանիելյանը:

Ի տարբերություն բնապահպանների` բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը Թեղուտի ծրագիրը համարում է ոչ թե կորուստ, այլ ձեռքբերում:

«Թեղուտի մասով մենք չենք սխալվել. այն օրենքով հաստատված և բոլոր ատյաններն անցած ծրագիր է, որը գործելու է մեր հսկողության տակ և մեծ շահույթ է բերելու մեր պետությանը»,- ասել է նախարարը:

Ընկերության բաժնետոմսերի 81 տոկոսը պատկանում է Լիխտենշտեյնի Vallex F. M. Establishment ընկերությանը, մյուս 19,26 տոկոսը` «Արմենիա քափըր փրոգրամ» ընկերության գլխավոր տնօրեն Վալերի Մեջլումյանին:

Ըստ Vallex Group-ի նախագահ Վալերի Մեջլումյանի` Թեղուտի լեռնահարստացման կոմբինատի կառուցման և Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրում կներդրվի 350 մլն դոլար: Շինարարական աշխատանքների համար արդեն ներդրվել է 100 մլն դոլար:

«Մնացած 250 մլն դոլարը կյուրացվի հաջորդ 2 տարիների ընթացքում: Փաստորեն 2 տարի հետո Թեղուտի լեռնահանքային պղնձամոլիբդենային կոմբինատը սկսելու է աշխատել, որը տարեկան արտադրելու է մոտ 28.000 տոննա պղինձ խտանյութի մեջ»,- ասում է Մեջլումյանը:

Ներկայումս հանրապետությունում արտադրվում է 23.000 տոննա պղինձ խտանյութի մեջ, որի մեծ մասն արտադրում է Սյունիքի մարզում գտնվող Քաջարանի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը: Թեղուտի շահագործումից հետո հանրապետությունում կարտադրվի ավելի քան 50.000 տոննա պղինձ խտանյութում:

Ըստ Պետեկամուտների կոմիտեի` 2010-ին Հայաստանից պղնձի հանքաքարի և խտանյութի արտահանումը կազմել է 116.000 տոննա, ի տարբերություն 2009 թ. արտահանված 81.500 տոննայի, ինչը 42 տոկոսով պակաս է: Պղնձի և մյուս գունավոր մետաղների հաշվին էլ Հայաստանը 2010 թ. գրանցել է արտահանման ծավալների ավելի քան 40 տոկոս աճը: 2010-ին հանրապետությունը վաճառել է 210 մլն դոլարի պղնձի հանքաքար:

Պղնձից պատրաստում են հաղորդալարեր, մալուխ, էլեկտրահպակներ, սարքեր, ջերմափոխանակիչներ, կոփածո և ձուլածո արձաններ, զարդեր, գեղարվեստական ու կենցաղային իրեր և այլն: Պղնձի միացություններն օգտագործվում են անօրգանական ներկեր, արհեստական մետաքս ստանալու, բույսերի հիվանդությունների, գյուղատնտեսական վնասատուների դեմ պայքարելու համար, կաշվի և մորթու արտադրության, ինչպես նաև բժշկության մեջ:

Ըստ բնապահպանների` հատվելու է 170.833 ծառ, որպեսզի ընկերությունը սկսի շահագործման ծրագիրը: Թեղուտի անտառներում կան շուրջ 55.000 հազվագյուտ և 45.000 արժեքավոր ծառեր, ինչպես նաև Կարմիր գրքում գրանցված բույսեր և կենդանատեսակներ, որոնք կարող են վտանգի տակ հայտնվել, եթե անտառները ոչնչացվեն:

Բնապահպանների համաձայն` հանքարդյունահանման համար հատկացված տարածքը զբաղեցնում է 1491 հա, որի 82%-ը (1232 հա) ծածկված է անտառներով: Ծրագրով նախատեսված է 357 հա անտառի լրիվ հատում: Թափոնները նախատեսվում է պոչանքի միջոցով հեռացնել դեպի Դուքանաձոր գետի ձորը: Հանքի շահագործման հետևանքով կառաջանան շուրջ 500 մլն տոննա պոչանք և 600 մլն տոննա այլ տեսակի թափոն:

Պոչանքը մանրացրած, փոշի դարձրած հանքանյութն է, որից վերամշակման ընթացքում կորզում են որոշ օգտակար տարրեր: Այն պարունակում է վերամշակման ընթացքում ավելացրած քիմիական և այլ բնույթի բազմաթիվ նյութեր: Պոչամբարներում էլ առաջանում է ծծմբական թթու, որն իր մեջ լուծում է նաև այդտեղ առկա ծանր մետաղների աղերը: Պոչանքներով աղտոտված վայրերում կտրուկ նվազում է հողի բերրիությունը:

Արծաթի, ռենիումի, անագի, արսենիումի, պղնձի, մոլիբդենի, ցինկի, ծծմբային միացությունների, ինչպես նաև արդյունահանման և հանքանյութի մշակման ընթացքում օգտագործվող այլ քիմիական նյութեր պարունակող պոչամբարները կթունավորեն տարածքի գետերը:

Թեղուտի խնդրով անհանգստացած Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի խոսքով` երկրում չկա հանքերի շահագործման ռազմավարություն, ինչը առվազն 50 տարուց երկիրը կբերի թալանված վիճակի: Շահագործված հանքերի տեղում կլինեն ավերակներ, սերունդներին էլ ոչինչ չի մնա:

«Ես ինքս խոստացել եմ, որ Թեղուտի հանքավայրի շահագործման դեպքում գնալու եմ նստեմ ու բողոքեմ: Պետք է միավորվել»,- ասում է նա:
ԱրմենիաՆաուի էջերում