«Փրկե´նք Թեղուտի անտառը». բնապահպանները շարունակում են բողոքել հանքավայրի շահագործման դեմ
«Սա ճանաչողական արշավ էր, որի նպատակն էր բոլոր նրանց, ովքեր հետագայում պայքարելու են հանքավայրի շահագործման դեմ, ծանոթացնել, թե ի´նչ է Թեղուտի անտառը, ի´նչ աշխատանքներ են կատարվել այնտեղ, և ի´նչ վտանգներ են սպառնում Թեղուտին»,- ասում է «Փրկե´նք Թեղուտի անտառը» նախաձեռնող խմբի ղեկավար Գոռ Հակոբյանը: Արդեն 4 տարուց ավելի` բնապահպանները փորձում են դադարեցնել Լոռու մարզի Թեղուտ գյուղի մոտ գտնվող պղնձամոլիբդենային հանքերի շահագործումը, որը, ըստ բնապահպանների` անդառնալիորեն կվնասի էկոլոգիային և Թեղուտի անտառին, որտեղ կան շուրջ 55.000 հազվագյուտ և 45.000 արժեքավոր ծառեր, ինչպես նաև Կարմիր գրքում գրանցված բույսեր և կենդանատեսակներ: Ակցիայի անդամներին Թեղուտում դիմավորել են գյուղացիներ, որոնք կողմ են եղել հանքավայրի շահագործմանը, և բնապահպաններին կոչ են արել հեռանալ: Հանքավայրից 4-6 կմ հեռու են գտնվում Լոռու մարզի Թեղուտ և Շնող գյուղերը: 780 բնակիչ ունեցող Թեղուտի գյուղապետ Հարություն Մելիքսեթյանն «ԱրմենիաՆաուի» հետ զրույցում ասում է, որ հանքավայրն այն սակավաթիվ աշխատատեղերից է, որտեղ աշխատում է գյուղից շուրջ 170 հոգի` ամսական վաստակելով միջինը 60 հազար դրամ (շուրջ 150 դոլար), և, ըստ գյուղապետի` «հանքի շահագործման գործընթացն արդեն անդառնալի երևույթ է»: Շնող գյուղի բնակիչ Գևորգ Պապյանն «ԱրմենիաՆաուին» ասում է, որ, չնայած աշխատատեղերի ստեղծմանը, արդեն առկա են նաև վնասները: «Ես կարծում եմ, որ օգտակար հանածոները պետք է օգտագործել, այդ հանքի շահագործման շնորհիվ մեր գյուղից էլ շատ մարդիկ այսօր ապահովված են աշխատանքով, սակայն հիմա, երբ տեսնում եմ մեր գյուղի ներքևով հոսող գետի աղտոտվածությունը, փոշու մեջ կորած տնամերձ հողամասերը, հասկանում եմ, որ արդեն իսկ վնասներ է տալիս, իսկ տարիներ հետո է´լ ավելի վատ կլինի»,- ասում է Պապյանը:
Other Articles in Բնապահպանություն
|
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.