Photo: www.lydianinternational.co.uk
Հայաստանում թեժանում է հերթական բնապահպանական պայքարը հանքարդյունաբերության դեմ: Բնապահպաններին այս անգամ մտահոգում է հարավային Վայոց ձորի և Սյունիքի մարզերի վարչական սահմանի մոտ Ամուլսարի ոսկու հանքի բաց եղանակով շահագործման փաստը:
Ամուլսարը թեև բառացի նշանակում է «չբեր սար», սակայն այն հարուստ է ոսկու պաշարներով: Հանքավայրի շահագործման լիցենզիա ստացած «Լիդիան ինթերնեշնլ» ընկերության տվյալներով` հանքի շահագործման 10-15 տարիների ընթացքում հնարավոր կլինի արդյունահանել ավելի քան 80 տոննա ոսկի:
Հանքի շահագործումն իրականացնելու է «Գեոթիմ» ընկերությունը, որը 95 տոկոսով պատկանում է բրիտանական «Լիդիան ինթերնեշնլ» ընկերությանը: «Գեոթիմի» կայքը տեղեկացնում է, որ ընկերությունը 2009 թվականին հանքարդյունահանման հատուկ լիցենզիա է ստացել ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունից: «Գեոթիմի» սեփականատեր «Լիդիան ինթերնեշնլը» մասնագիտացած է ոսկու արդյունահանման աշխատանքում: Ամուլսարի ծրագիրը ֆինանսավորում են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը և Միջազգային ֆինանսական կորպորացիան:
Բնապահպաններն ասում են, որ առողջարանային Ջերմուկ քաղաքից ընդամենը 13 կմ հեռավորության վրա գտնվող հանքավայրի բաց եղանակով շահագործումը էական վնաս կհասցնի ոչ միայն իր բուժիչ և հանքային աղբյուրներով հայտնի Ջերմուկ քաղաքին` այդպիսով վնասելով նրա առողջարանային համբավին և բնակիչների առողջությանը, այլև Ամուլսարը շրջապատող Գնդեվազ, Գորայք և Սարավան համայնքներին: Նրանք կարծում են, որ բազմաթիվ պայթեցումների հետևանքով ծանր մետաղների մասնիկներն օդ կբարձրանան և կաղտոտեն շրջակայքի օդն ու ջրերը:
Ջերմուկում արդեն ստորագրահավաք է սկսվել Ամուլսարի ոսկու հանքի ապագա շահագործման դեմ: Ջերմուկի հանրապետական քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը նույնպես համակարծիք է բնակիչների մտահոգություններին: Հովհաննիսյանը «ԱրմենիաՆաուին» ասում է, որ հանքի շահագործումը անվերապահորեն կվնասի Ջերմուկին:
«Մենք կառավարությանը, նախագահին հայտնել ենք մեր մտահոգությունը, որ սա, ի վերջո, խնդիր է դառնալու Ջերմուկի համար: Մենք, ի վերջո, ընդլայնման ծրագիր ունենք: Հանգստացողը, որ գալիս է Ջերմուկ, հո չի՞ փակվում առողջարանում, դուրս է գալիս, չէ՞, իսկ մեր ճոպանուղին Ամուլսարից ընդամենը 1 կմ հեռավորության վրա է անցնում»,- ասում է քաղաքապետը:
Կառավարությունը, ինչպես հայտարարել է, փորձում է Ջերմուկը դարձնել զբոսաշրջային, առողջարանային, շախմատի առաջնությունների անցկացման կենտրոն տարվա բոլոր եղանակներին: Քաղաքի զարգացման հայեցակարգը հաստատվել է 2008 թվականին և նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրի բաղկացուցիչներից էր: Համաձայն այդ հայեցակարգի` 2020-ին Ջերմուկը պետք է կարողանա ընդունել տարեկան 100 հազար զբոսաշրջիկ, ստեղծել 4000 աշխատատեղ:
«Լիդիան ինթերնեշնլն» իր հերթին հայտարարում է, որ ընկերությունը բարձր պատասխանատվություն է ստանձնել իր բնապահպանական և սոցիալական չափանիշներում: «ԱրմենիաՆաուի» հետ զրույցում ընկերության նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Թիմ Քաֆլինը ասում է, որ ինքը զարմացած է այն հակազդեցությունից, որ ստացել են Ջերմուկում, այն բանից հետո, երբ իրենք բազմիցս հավաստիացրել են, որ իրենց գործունեությունը չի վնասելու Ջերմուկին:
«Մենք սահմանել ենք գործունեության շատ բարձր նշաձող, ուզում ենք «գերազանցիկ ուսանող» լինել, որպեսզի համոզված լինենք, որ մեր ներդրողներից ոչ մեկը անհարմար կացության մեջ չի հայտնվի մեր արած գործից»,- ասում է Քաֆլինը:
Քաֆլինի խոսքով` իրենց ցանկացած գործունեության մասին իրենք տեղյակ են պահել Ջերմուկ, Գորայք, Սարավան, Գնդեվազ համայնքի բնակիչներին, հանրային լսումներ են իրականացրել, իսկ հանքարդյունահանումը պատրաստվում են իրականացնել ժամանակակից եղանակներով, որը բացառում է պոչամբարի առկայությունը տարածքում:
«Լիդիան ինթերնեշնլի» նախագահը տրամաբանական և օրինական է համարում Ջերմուկի քաղաքապետի մտահոգությունները, սակայն շեշտում, որ իրենք բազմիցս տվել են դրանց սպառիչ պատասխանները:
«Արտաքին համայնապատկերը. մենք քաղաքի համայնապատկերի ուսումնասիրություն ենք կատարել` Ջերմուկից հանքը չի երևում, և ներկայացրել ենք այն քաղաքապետին, որը նախընտրեց անտեսել այս տեղեկատվությունը: Աղմուկը. մենք երաշխավորում ենք, որ ընդհանուր առմամբ հանքից ձայներ չեն լսվի: Փոշին. մենք փոշու ուսումնասիրություն ենք իրականացրել` գերակշռող քամիները փչում են արևելքից դեպի արևմուտք, ոչ թե ուղիղ դեպի Ջերմուկ: Ըստ էության, ժամանակակից հանքարդյունաբերության պայթեցման մեթոդները տարբեր են, կատարվում են ալիքային պայթեցումներ, որից ընդերքը ալիքվում է, ինչն էլ նվազեցնում է փոշին և աղմուկը:
Ամենամեծ խնդիրը բեռնատար ավտոմեքենաներն են, որոնց աշխատանքի համար ճանապարհը միշտ թաց պետք է լինի»,- խնդիրները թվարկում է Քաֆլինը:
Նրա խոսքով` իրենք առնվազն 200 աշխատատեղ կստեղծեն` նվազագույնը 130 հազար դրամ աշխատավարձով (մոտ 340 դոլար), կդառնան երկրի խոշոր հարկատուներից մեկը, պատրաստվում են 5000 ծառ տնկել այդ տարածքում և պատրաստ են աջակցելու Ջերմուկի զարգացման ծրագրերին: (Ընկերությունը ծրագրում է հանքավայրի շահագործումն սկսել 2014-15 թվականներին:)
Քաղաքապետն իր հերթին ասում է, որ «Լիդիան ինթերնեշնլի» փաստարկները համոզիչ չեն:
«Ես նրանց ասում եմ` ինձ մի օրինակ բերեք, երբ, ասենք, կուրորտային քաղաքը արդյունաբերական են դարձնում, իսկ իրենք ինձ ուրիշ օրինակ են բերում, որ, ասենք, քաղաքում մոտ 100 տարի հանքարդյունաբերությունն են զարգացրել, հանքը սպառվել է, հետո քաղաքը դարձել է կուրորտային, բայց ոչ թե կուրորտային քաղաքն են դարձրել արդյունաբերական: Մարդիկ տարիներ շարունակ այստեղ են հանգստանում Ջերմուկի մաքուր օդի և ջրերի համար, իսկ այս ծրագիրը վտանգում է դա»,- ամփոփում է Հովհաննիսյանը:
Readers' comments
-Rick Ney, AM
Read commented Article
Post a comment
Read all 1 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.