Կանաչ միտումներ. Հայաստանում էկոլոգիական շարժումն ուժեղանում է մի քանի հաջող ակցիաներից հետո

Կանաչ միտումներ. Հայաստանում էկոլոգիական շարժումն ուժեղանում է մի քանի հաջող ակցիաներից հետո

Photo: www.ecolur.org

Ամենայն հավանականությամբ` Հայաստանում հասունանում է Կանաչների կուսակցության ստեղծումը: Էկոլոգիական շարժումն ուժեղանում է, աճում է այն բանի ըմբռնումը, որ երկրի ընդերքը դատարկվում է` վնաս հասցնելով բնությանը, սակայն բնապահպանները դեռևս օգտվում են միայն քաղաքացիական գործիքներից` չփորձելով ստանալ քաղաքականը:

Հիշեցնենք, որ հունվարի 15-ին Թեղուտի պաշտպանության նախաձեռնող խումբը (Հայաստանի հյուսիս-արևելքում` Լոռու մարզում գտնվող Թեղուտի անտառը պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման է ենթարկվում) իրականացրել է խոշոր ակցիա` այցելելով շահագործման վայրը և լուսանկարելով ու տարածելով հեկտարներով անտառների հատման աղաղակող պատկերներ: Ակցիան լայն հասարակական արձագանք է առաջացրել, սակայն առայժմ քաղաքական հետևանքներ չի ունեցել: Ավելին, հայտնի է դարձել, որ շահագործմամբ զբաղվող «Վալեքս» ընկերությունը մտադիր է դատի տալ բնապահպաններին` «աշխատանքների բնականոն ընթացքը խոչընդոտելու համար»:

Ավելի վաղ խումբը դիմել էր Օրհուսի կոնվենցիայի համապատասխանության հանձնաժողովին` պնդելով, որ ՀՀ կառավարությունը ոչ միայն չի կատարել իր ստանձնած պարտավորությունները, այլև շարունակում է խախտել դրանք: Սակայն վարչական դատարանները մի քան անգամ հրաժարվել են ընդունել հայցերը: Այժմ բնապահպանները պատրաստում են հերթական հայցը:

«Թեղուտ» բնապահպանական խմբի անդամ և նրա դեմքը դարձած Մարիամ Սուխուդյանն ասում է, որ վերջին տարիների ընթացքում բնապահպանական շարժումն ուժեղացել է: «Թռչկանի հաղթանակը ոգևորել է մեզ: Օրինակ` Հրազդանն ու Ջերմուկը ևս պայքար են սկսել, և ընդգծում են, որ իրենց ոգեշնչել է Թռչկանի հաղթանակը: Մեր երկիրը էկոգաղութացման է գնում: Ի վերջո հասկանում են, որ սա միայն կանաչների շարժում չէ, որ սա նաև ազգային անվտանգության հարց է: Մարդիկ, որոնք անընդհատ նշում են՝ արդյոք ձեր շարժումը կդառնա՞ քաղաքական, ասեմ, որ մենք պայքարելով՝ ազդում ենք նաև համակարգի վրա: Մեր դրդիչ ուժը իշխանության գնալը չէ, կուսակցական դառնալը չէ, բայց ես գիտեմ` չլինելով ոչ մի կուսակցության մեջ, պայքարելով Թեղուտի, Թռչկանի, Հայաստանի համար, մենք նաև ձևավորում ենք նոր համակարգ, այսինքն՝ ուզի թե չուզի քաղաքացիական հասարակությունն է հենց կերտում մեր բարեփոխումները քաղաքական դաշտում»,- ասել է Մարիամ Սուխուդյանը:

Սակայն, ակնհայտ է, որ քաղաքական գործիքների առկայությունը, խորհրդարանում ներկայացուցիչ ունենալը կկարողանային ուժեղացնել Կանաչների շարժման դիրքերը: Այժմ բնապահպաններին է միացել խորհրդարանական ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցությունը, որը փորձում է խորհրդարանում որոշակի հարցեր բարձրացնել: Սակայն դա, ակնհայտորեն, բավարար չէ:

Բնապահպաններն արդեն նշել են իրոք մի քանի հաղթանակ, և ամենախոշորը, թերևս, Թռչկանի ջրվեժի վրա փոքր հէկի կառուցման կասեցումն է: Այժմ տեղեկատվություն է հայտնվել, թե վարչապետ Տիգրան Սարգսյանը վրդովվել է` մամուլից տեղեկանալով, որ Քաջարանի պղնձի հանքավայրի շահագործումը կպահանջի սահմանամերձ Քաջարան գյուղի բնակչության տեղահանումը: Ինչպես գրում է մամուլը, նա ասել է, որ իրեն ապատեղեկացրել են: Եվ եթե բնապահպաններին հաջողվի կասեցնել այդ նախագիծը, դա նույնպես մեծ հաղթանակ կլինի:

«Մի կողմից` հանքարդյունաբերական գիշատիչն է խեղդում, մյուս կողմից էլ` ավելի ակնառու են սկսում երևալ պսևդոտնտեսական զարգացումները, պսևդոհամայնքային զարգացումները, այդքան արտերկրին հումք` ոսկի տվող Սյունիքի գյուղերում մարդիկ խղճալի վիճակում են ապրում: Մեր երկիրը էկոգաղութացման է գնում»,- ընդգծում է Սուխուդյանը:
ԱրմենիաՆաուի էջերում