Ներբակային վեճ. Նալբանդյան փողոցի բնակիչների խոսքով` շինարարական ընկերությունը խաթարում է քաղաքի դիմագիծը

Ներբակային վեճ. Նալբանդյան փողոցի բնակիչների խոսքով` շինարարական ընկերությունը խաթարում է քաղաքի դիմագիծը

Photo: “Our City” civic initiative

Երևանի կենտրոնի ներբակային տարածքներից մեկի բնակիչները վեճի են բռնվել շինարարական ընկերության աշխատակիցների հետ, որոնք ծանր տեխնիկայով ներխուժելով շենքի բակ` փորձել են արմատախիլ անել կենսունակ ծառերը հերթական էլիտար շենքը կառուցելու համար:

Շինարարությունն իրականացնող «Ավագ շին» ՍՊԸ-ին դեռևս մեկ ամիս առաջ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել էր դադարեցնել տարածքում իրականացվող աշխատանքները, սակայն ընկերությունը փորձեր է անում առանց թույլտվության վերսկսել այն Նալբանդյան 106/1 բակային տարածքում:

«Ավագ շին» ընկերությունն այս տարածքում իրավունք ունի միայն շրջակա փոքր տնակների քանդման և մաքրման աշխատանքներ իրականացնել: Սակայն, փոսին (որտեղ հետագայում կառուցվելու է շենքի հիմքը) դեռ չեն կարող ձեռք տալ, քանի որ դրա թույլտվությունը դեռ չկա»,- ասում է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը:

Դեռևս 2011 թվականի հունվարին Երևանի քաղաքապետարանը գրություն էր ուղարկել «Ավագ Շին» ՍՊԸ տնօրենին, որում ասվում էր, որ շինարարական աշխատանքներին խոչընդոտող 14 ծառերը կենսունակ են, իսկ դրանց տեղափոխումը համարվում է ոչ նպատակահարմար, քանզի դրանց կպչողականությունը երաշխավորված չէ:

Բախշյանն ասում է, որ ընկերությանը թույլտվություն կարող է տրվել միայն այն ժամանակ, երբ «Ավագ շինը» բնակիչներին կներկայացնի ապագա շենքի նախագիծը, և այն կարժանանա բնակիչների հավանությանը:

Պատգամավորը երեկ նամակ է ուղարկել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին և պահանջել, որ նա կատարի իր՝ մոտ մեկ ամիս առաջ տված խոստումը և առաջիկա օրերին հանդիպում կազմակերպի բնակիչների և «Ավագ շին» ՍՊԸ-ի հետ:

«Կողմերի համատեղ համաձայնությամբ պետք է հաստատվի նշված տարածքում իրականացվելիք ծրագիրը: Պատկան մարմինների հետ նախկին պայմանավորվածության համաձայն` միայն այս դեպքում ընկերությունը կարող է ստանալ շինարարության թույլտվություն»,- ասում է Բախշյանը:
ԱրմենիաՆաուի էջերում