Մտահոգություններ Թեղուտի շուրջ. ըստ հնագետների` անտառում հանքի շահագործումը կվնասի նաև պատմամշակութային հուշարձաններին

Մտահոգություններ Թեղուտի շուրջ. ըստ հնագետների` անտառում հանքի շահագործումը կվնասի նաև  պատմամշակութային հուշարձաններին

Ֆոտոլուր

Բնապահպաններն ու հնագետները հերթական անգամ ահազանգում են, որ Թեղուտում շահագործվելիք պղնձամոլիբդենային հանքը, բացի էկոլոգիական վնասներից, վնասներ է պատճառելու նաև այդ տարածքում գտնվող պատմամշակութային հուշարձաններին:


Արդեն 4 տարուց ավելի` բնապահպանները փորձում են դադարեցնել Լոռու մարզի Թեղուտ գյուղի մոտ գտնվող պղնձամոլիբդենային հանքերի շահագործումը, որը, ըստ բնապահպանների` անդառնալի վնաս կպատճառի էկոլոգիային և Թեղուտի անտառին, որտեղ կան շուրջ 55.000 հազվագյուտ և 45.000 արժեքավոր ծառեր, ինչպես նաև Կարմիր գրքում գրանցված բույսեր և կենդանատեսակներ:

Բացի այդ, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի նախաձեռնությամբ և «Վալեքս գրուպի» (իրականացնում է հանքի շահագործումը) ֆինանսավորմամբ` դեռևս 2009-ից Թեղուտում 14 հոգուց բաղկացած արշավախումբը պեղումներ է կատարում, որոնց արդյունքում, ըստ մասնագետների` հայտնաբերվել են պատմական ու գիտական մեծ արժեք ունեցող հուշարձաններ:

Թեղուտի հնագիտական արշավախմբի ղեկավար, պատմական գիտությունների թեկնածու Սուրեն Հոբոսյանն ասում է, որ այդ շուրջ 1500 հա տարածքում բազմաթիվ պատմամշակութային հուշարձանների առկայությունը պայմանավորված է նրանով, որ այդ հատվածը Հայաստանի ամենաբարեբեր տարածքներից մեկն է և մարդկանց կողմից բնակեցվել է դեռևս շատ վաղուց:

Հնագետը տեղեկացնում է, որ հնագիտական պեղումների ընթացքում արդեն իսկ հայտնաբերվել են շուրջ 5000 տարվա վաղեմություն ունեցող երեք հուշարձաններ, վաղ բրոնզեդարյան բնակավայրեր, որոնք բացարձակ նորություն են հայ ժողովրդի մշակույթի պատմության մեջ և որպես նոր հուշարձաններ գրանցվել են Հուշարձանների պաշտպանության գործակալության կողմից:

Սակայն հնագետին ամենաշատն անհանգստացնում է Խառատաձորում մոտ 3000-4000 տարվա պատմություն ունեցող Կուր-արաքսյան մշակութային շերտը, որը, ըստ նախագծի` մնալու է պոչամբարի տակ:

«Այստեղ ամենածանր վիճակում են պոչամբարի տարածքում գտնվող հուշարձանները, որոնք, արտակարգ ծրագրեր չմշակելու դեպքում, կմնան պոչամբարի տակ, և կկորցնենք դրանք, ինչպես կորցրեցինք Դուքանաձորում, որտեղ գտնվում է բուն հանքավայրը, հայտնաբերված միջնադարյան ձուլարանից պահպանված թոնիր հիշեցնող կառույցը, որը ոչնչացավ շինարարական աշխատանքների հետևանքով»,- ասում է Հոբոսյանը:

Թեև Խառատաձորում գտնվող հուշարձաններից մեկը, որը միջնադարյան եկեղեցի է, որոշվել է տեղափոխել Շնող գետի մոտ, սակայն ըստ հնագետի` տեղափոխվելուց հետո այն «իմաստազրկվելու է, քանի որ իր տեղում չի լինելու»:

Ըստ հնագետի` պահպանվելու են նաև մի քանի տարածքներում հայտնաբերված հելլենիստական մշակույթի նմուշները, այդ տարածքներում չեն ծավալվելու որևէ գործողություն, և արվելու է ամեն ինչ, որ այդ տարածքները քաղաքակիրթ ձևով ներկայացնեն հանրությանը:

«Թռչկան» քաղաքացիական նախաձեռնության անդամ, բնապահպան Ապրես Զոհրաբյանն առաջարկում է հանքարդյունաբերության փոխարեն հենց այդ նույն տարածքում զարգացնել զբոսաշրջությունը` հողի տակից հանելով մշակութային շերտեր, դա զարգացնել որպես տնտեսության ճյուղ, որից պետությունը շահույթ կստանա:

Իսկ իրավաբան Ռուզաննա Ղազարյանը, ով նաև «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնող խմբի ակտիվիստ է, հիշեցնում է, որ Հայաստանը 1995-ին ընդունել է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» օրենք, որում նշվում է, որ «այն տարածքում, որտեղ կա պատմամշակութային հուշարձան, նույնիսկ էկոլոգիական փորձաքննություն չպետք է արվի»:

«Տվյալ պարագայում, գուցե թյուրիմացաբար, շրջանցվել է օրենքը, ուստի պարտավոր են վերացնել կամ չեղյալ հայտարարել տրված թույլտվությունը կամ գոնե միջոցներ ձեռնարկել` նվազագույնի հասցնելու պատմամշակութային հուշարձաններին սպառնացող վտանգները»,- ասում է իրավաբանը:
ԱրմենիաՆաուի էջերում