Վտանգավոր է. ուսումնասիրությունները բացահայտել են թունաքիմիկատների խնդիրը
Չեխական «Արնիկա» ասոցիացիան և «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ն 2011 թ. ուսումնասիրությամբ պարզել են, որ ժամկետանց թունաքիմիկատների հին պահեստների մոտակայքից վերցրած հողի, օդի, ջրի, կովի կաթի, հավկիթի և այլ 57 փորձանմուշներում առկա ԴԴՏ-ն և այլ կայուն օրգանական թունաքիմիկատները մի քանի անգամ գերազանցում են թույլատրելի նվազագույն շեմը: «Մեզ համար ցավալի էր բացահայտել, որ թունաքիմիկատների պահեստների կողքին գործում էր, ասենք, ձկնաբուծական տնտեսություն, սննդամթերքների պահեստ, երեխաները ազատ շրջում էին, իսկ այդ թունաքիմիկատների պարկերը պատռված- թափված էին առանց տանիքի, կիսաքանդ շենքում, ինչը կարող էր տարածվել քամու միջոցով, անձրևաջրերի հետ ներծծվել հողի մեջ ու ներթափանցել շրջակա տարածք»,- ասում է Չեխիայի քիմիական տեխնոլոգիայի ինստիտուտի ասպիրանտ, հետազոտության մասնակից Սյուզաննա Հոնզայկովան: Մինչ գյուղատնտեսության նախարարությունն իր գերակա ճյուղերից մեկն է ընդունել ձկնաբուծությունը (արտահանվում է տարեկան մոտ 500-600 տ ձուկ), բնապահպանների նոր ուսումնասիրություններն ահազանգում են, որ դրանց որոշ մասը բուծվում է թունաքիմիկատներով թունավորման վտանգի ներքո, և պետք է շտապ միջոցներ ձեռնարկել: Ուսումնասիրված հինգ թեժ կետերից (Նուբարաշենի գերեզմանոցը, Արմավիրի մարզի Ջրառատ գյուղի, Էջմիածնի և Մասիսի թունաքիմիկատների նախկին պահեստները և Ալավերդու պղնձի արտադրության թափոնների գերեզմանոց) նման մտահոգության առիթ են տվել Ջրառատի, Մասիսի ու Էջմիածնի պահեստները: Ջրառատի «Հայգյուղքիմիա» պահեստից ընդամենը 200 մ հեռավորության վրա` նույն տարածքում, գործում են «Կոնստանտին և քույրեր» ՍՊԸ ձկնաբուծական ավազանները, որոնք մեծությամբ ու ձկնաբուծական ծավալով երրորդն են Արմավիրի մարզում: Ձկնաբուծարանի հիմնադիր տնօրեն Գրիգոր Գրիգորյանին է պատկանում նաև թունաքիմիկատների «Հայգյուղքիմիա» պահեստը, որտեղ ուսումնասիրություն իրականացրած Հոնզայկովան շեշտում է, որ ԴԴՏ-ի պարունակությունը առնվազն 50 տոկոս է: Հետազոտությունը փաստում է, որ կիսաքանդ պահեստից մոտ «50 մ հեռավորության վրա գտնվող ձկնաբուծարանից վերցված տիղմում ԴԴՏ-ի և դրանից առաջացած այլ կայուն օրգանական միացությունների խտությունները եղել են բավական բարձր»: Նշվում է նաև, որ «Ձկնաբուծարան թափվող ջրում հայտնաբերվել են ԴԴԻքս-ի (ԴԴԴ-ը, ԴԴԵ-ն և ԴԴՏ-ը միասին) խտություններ, որոնք մի քանի անգամ գերազանցում են մակերեսային ջրերի համար ԵՄ սահմանած ստանդարտները»: Եվրոպացի մասնագետներն ահազանգում են, որ պետք է անհապաղ «վերափաթեթավորել թունաքիմիկատներն ու վերականգնել պահեստի շենքը»: Պահեստի տնօրեն Գրիգորյանն ուսումնասիրությունն անվանում է «անհեթեթություն» և «ավելորդ աղմուկ»: «Ահա Գիտությունների ազգային ակադեմիայի էկոնոսֆերայի կենտրոնի հետազոտությունը, որ պարզ ասում է, որ մեր ավազաններից վերցրած ձկան մսում առկա օրգանական միացությունները չեն գերազանցում թույլատրելի նորմաները»,- «ԱրմենիաՆաուին» ասում է Գրիգորյանը: «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ հիգիենայի և էկոլոգիական ռիսկերի բաժնի ղեկավար Լիլիկ Սիմոնյանը հավաստի է համարում ձկան ուսումնասիրությունը, սակայն վստահ է, որ վտանգը դեռ վերացված չէ: Ինչպես հետազոտությունն է նշում, «ԴԴՏ-ի չափազանց բարձր խտությունները, որոնք հայտնաբերվել են քանդված շինության ներսում, շրջակա տարածքներում օդի բարձր աղտոտվածության պատճառ են դարձել, ԴԴԻքս-ի խտությունը 600 անգամ բարձր է»: «Այսինքն` վտանգը դեռ կա, մեր հետազոտությունից հետո այնտեղ չենք եղել, իմ մուտքն այնտեղ արգելված է, տնօրենն ասել է` եթե գա, ոտքը կկոտրեմ, բայց գյուղնախարարությունից մեզ հավաստիացնում են, որ պահեստը բարեկարգվել է»,- «ԱրմենիաՆաուին» ասում է Սիմոնյանը: Այս պահեստներից մոտ 100 մ հեռու բնակվող մարդկանցից վերցրած հավկիթների նմուշներում էլ հայտնաբերվել է թույլատրելի չափը կրկնակի գերազանցող ԴԴԻքս-ի խտություն: Չնայած ահագնացող խնդրին` բնապահպանության նախարարության «Թափոնների ուսումնասիրության կենտրոն» ՊՈԱԿ-ում, որը 2005 թ. ստեղծվել է ուսումնասիրելու թունաքիմիկատների հարցն ու դրանց լուծումներ տալու համար, Ջրառատի պահեստների մասին տեղյակ չէին: «Ես չգիտեմ, մենք այդ հարցով չենք զբաղվել, որևէ առնչություն չունենք»,-«ԱրմենիաՆաուին» ասում է ՊՈԱԿ-ի ղեկավար Սուրեն Ասլիկյանը: Գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության և բույսերի պաշտպանության վարչության բաժնի պետ Կարինե Եսայանը խնդրին տեղյակ է ու հավաստիացնում է, որ «լուծումներ տրվել են»: «Ջրառատի պահեստը մենք ևս ուսումնասիրեցինք, հետազոտեցինք, հիմա այդ պահեստում եղած թունաքիմիկատներով պարկերը տեղափոխվել են փակ տարածք, և որևէ արտահոսքի վտանգ չկա»,- ասում է Եսայանը: Նրա ներկայացրած տվյալներով` Հայաստանի տարբեր վայրերում կան մոտ 1000-1500 տ արգելված կամ ժամկետանց թունաքիմիկատներ: Եթե Ջրառատում խնդիրը որոշ չափով ուշադրության կենտրոնում է, ապա Մասիսի պահեստը շարունակում է մնալ կիսաքանդ, բաց տանիքով` աղտոտելով շրջակայքի բնակավայրերն ու պտղատու այգիները: Թունաքիմիկատների պահեստի անգամ արտաքին պատերին ԴԴՏ աղտոտվածությունը գերազանցում է ՀՀ սահմանված նորմը 2 անգամ, մինչդեռ այս սենյակին կից պահեստում անցյալ տարի պահվել է Ռուսաստանից Հայաստան ներկրված բարձրորակ ցորենի սերմացուն: Վտանգավոր է նաև Էջմիածնի թունաքիմիկատների պահեստը, որից, ինչպես ահազանգում են հետազոտության հեղինակները, «մոտ 50 մ հեռու գտնվող ձկնաբուծական լճակը խիստ աղտոտված է ԴԴՏ-ով»: «ԴԴՏ-ն արգելված է 1970-ականներից, սակայն շարունակում է լուրջ վտանգել մեր կյանքը: Այս պահեստների հարցը ոչ թե ժամանակավորապես պետք է լուծվի, ինչպես արեցին Նուբարաշենի գերեզմանոցում, այլ պետք է ոչնչացման հնարավորություն գտնել, այլապես կանխել օդի, հողի, սննդի ու արդեն ողջ սերունդների թունավորումն ուղղակի հնարավոր չի լինի»,- ասում է փորձագետ Սիմոնյանը:
Other Articles in Բնապահպանություն
|
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.