Տնական միջոցներ. սխտորի գինը բարձրանում է, երբ գրիպից սարսափած հայերը դիմում են կանխարգելիչ բնական միջոցներին
Մասնագետների հավաստմամբ՝ միայն տեղական սխտորն ունի գրիպի կանխարգելման համար անհրաժեշտ հատկություններ: Համարվում է, որ սխտորը ունի մանրէասպան և նույնիսկ թերապևտիկ ազդեցություն, երբ օգտագործվում է գրիպի կամ սովորական մրսածության ախտանշանների ժամանակ: Սխտորը շատ առևտրականների համար այժմ դարձել է լավ վաճառվող ապրանք: Անցյալ տարվա համեմատությամբ սխտորի գինը գրեթե կրկնապատկվել է: Այժմ շուկայում տեղական սխտորը վաճառվում է 1800-2000 (մոտ 5 դոլար) դրամով: Վաճառողներն ասում են, որ անցյալ տարի սխտորը վաճառել են 800-1000 (2-2,6 դոլար) դրամով: Հարևան Իրանից ներմուծված սխտորը վաճառվում է 1000-1500 (2,60-3,80 դոլար) դրամով: Մասնագետները բացատրում են, որ ներմուծվածի համեմատությամբ տեղական սխտորն ունի կանխարգելիչ բարձր հատկություններ: Գրիպը կանխարգելելու նպատակով բժիշկները նաև խորհուրդ են տալիս օգտագործել սխտոր, որն ունի մանրէասպան, կանխարգելիչ և բուժիչ հատկություններ: Սխտորի բուժիչ հատկություններն ավելի արդյունավետ են, եթե այն օգտագործվում է հում վիճակում: Համաձայն արտասահմանյան լրատվամիջոցների հաղորդումների` խոզի գրիպի կանխարգելման նպատակով Ռուսաստանի և Չինաստանի շատ դպրոցներում երեխաները գցում են սխտորից պատրաստված «մանյակ» և ուտում են այն դպրոցում վաճառվող սննդամթերքի հետ: Չնայած սխտորի տհաճ հոտին` սխտորից «մանյակ» կրելու պրակտիկան կիրառվում է նաև շատ հայերի տներում: «Մերգելյան ինստիտուտի» հարևանությամբ գտնվող շուկայի վաճառողուհի Գայանե Մելիքսեթյանն ասում է, որ սխտորի պահանջարկը, չնայած անսովոր բարձր գնին, բավական մեծ է: «Երեկ, օրինակ` 20 կիլո ունեի, ամբողջը ծախվեց, հիմա նորից եմ գնել, որ վերավաճառեմ»,- ասում է Մելիքսեթյանը: ՀՀ գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության, անտառային տնտեսության և բույսերի պաշտպանության վարչության պետ Գագիկ Մանուչարյանը «ԱրմենիաՆաուին» ասաց, որ սխտորի թանկացմանը նախևառաջ նպաստել է խոզի գրիպի ներթափանցումը Հայաստան: «Բոլորս էլ գիտենք, որ եթե շուկայում մի ապրանքը լավ է վաճառվում, վաճառողներն անմիջապես այն թանկացնում են»,- ասաց Մանուչարյանը:
Other Articles in Առողջապահություն
|
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 2 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.