Առողջապահական ահազանգ. քաղցկեղն ախտորոշում է և ոչ մահվան դատավճիռ
Խաչանուշ Հակոբյան (ձախից), Գագիկ Բազիկյան «Գրանցվել է հիվանդացության 3-4 տոկոս աճ: Սա բնորոշ չէ միայն մեր երկրին, ամբողջ աշխարհում է գրանցվում 4 տոկոս աճ: Աշխարհում այսօր քաղցկեղով տառապում է 12 մլն մարդ, տարեկան մահացության թիվը 7 մլն է»,- ասում է ՀՀ ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ, գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Բազիկյանը: Ներկայացնելով հիվանդության ընդհանուր պատկերը` նա նշում է, որ առաջին տեղում թոքի քաղցկեղն է`1296 հիվանդ, երկրորդում`կրծքագեղձի քաղցկեղը`1092 հիվանդ, ապա մյուս օրգաններինը: Հիվանդության առաջացման պատճառները տարբեր են: «Նախ` ծերանում է հասարակությունը, երկրորդ`հորմոնային դեղամիջոցների, սննդի օգտագործումն է, օդի աղտոտվածությունը: 50 տոկոսը կազմում են սննդային և ոչ ճիշտ ապրելակերպը, ապա սթրեսներն են, վիրուսային հիվանդությունները, և միայն 10-12 տոկոսն է ժառանգական»,- ասում է Գագիկ Բազիկյանը: Քաղցկեղը չունի բնորոշ ախտանիշներ: Այն քողարկվում է այլ հիվանդությունների ախտանիշների ներքո: Եթե անձը դիմում է բժշկի գաղտնի շրջանում` նախաքաղցկեղային փուլում, ապա բուժման արդյունքը 90 տոկոս է լինում: Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանը կարևորում է հիվանդների իրազեկված լինելը: «Մեր կենտրոնի օրինակով կարող եմ ասել, որ հիմնադրման առաջին տարիներին շատ քիչ թվով կանայք գիտեին` ի´նչ է մամոգրաֆիան, հիմա ուրախությամբ պետք է նշեմ, որ կենտրոն այցելող կանանց 30 տոկոսը գալիս է պրոֆիլակտիկայի համար, ինչի դեպքում հեշտ է լինում կանխարգելումը»,- ասում է Հակոբյանը: Ամեն տարի Հայաստանում հայտնաբերվում է քաղցկեղով հիվանդացության 7000 նոր դեպք: Հիվանդների 40-45 տոկոսը չափազանց ուշ է դիմում մասնագետներին: Սկզբում հիվանդը դիմում է ընտանեկան բժշկին կամ առաջնային օղակի մասնագետին, իսկ թե նրանք որքա´ն են հասկանում ուռուցքաբանությունից, ցավոք, չեմ կարող ասել: Այդ իսկ պատճառով հիվանդների 45 տոկոսին մենք տեսնում ենք 3-4-րդ փուլում: Երկուսից մեկն արդեն ուշացած է գալիս,- ասում է Բազիկյանը: Ուշ դիմելու հիմնական երկու պատճառներն են` հիվանդների անտարբերությունը սեփական առողջության նկատմամբ և առաջնային օղակի բժիշկների անուշադրությունը, պարզաբանում է Բազիկյանը: Ուռուցքաբանության ազգային կենտրոնում բուժվում է առաջին աստիճանի քաղցկեղով հիվանդների 90-98 տոկոսը, երկրորդ աստիճանի դեպքում`50-55 տոկոսը, իսկ 3-4-րդ աստիճանների դեպքում`10-12 տոկոսը: Բազիկյանը նշում է, որ մարդիկ չպետք է վախենան այս հիվանդությունից: Նա կարծում է, որ պետք է մարդկանց գիտակցությանը հասցնել, որ քաղցկեղը միայն ախտորոշում է, ոչ թե մահվան դատավճիռ: Թեև մասնագետները պնդում են, թե Հայաստանում քաղցկեղի բուժումն անվճար է, սակայն բազմաթիվ օրինակներ կան, երբ հիվանդատերերից գումար են պահանջում: «Մեկ հիվանդի բուժումը դրսում 30-40 հազար եվրո է, մեր պետությունը մեկ վիրահատության համար տալիս է 105 հազար դրամ (260 դոլար): Դրա մեջ մտնում են աշխատավարձը, կոմունալ վճարները»,- գանգատվում է Բազիկյանը: Ուռուցքաբանության ազգային կենտրոնում յուրաքանչյուր հետազոտություն արժե մոտ 53000 դրամ (130 դոլար): Երբ հիվանդի մոտ հաստատվում է քաղցկեղ, բուժումը մտնում է պետպատվերի մեջ, սակայն մինչև հաստատվելը հետազոտությունների համար հիվանդները պետք է վճարեն, հետագայում որոշ դեպքերում էլ անհրաժեշտ է լինում վճարել նաև դեղերի համար: «Մենք ի վիճակի չենք այսօր ամեն հիվանդի տրամադրել 3-4 հազար դոլարանոց դեղամիջոցներ»,- ասում է Բազիկյանը:
Other Articles in Առողջապահություն
|
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 3 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.