Միջազգային փորձագետ. Ողջաբերդի գերեզմանոցում իրավիճակն աղետալի է

Միջազգային փորձագետ. Ողջաբերդի գերեզմանոցում իրավիճակն աղետալի է

www.ecolur.org

Ըստ Թունաքիմիկատների միջազգային ասոցիացիայի տնօրեն Ջոն Վիգենի, որին որպես փորձագետի հրավիրել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակը` Ողջաբերդի թունաքիմիկատների գերեզմանոցում անհրաժեշտ է շտապ միջոցներ ձեռնարկել:

ԵԱՀԿ գրասենյակն ապրիլի 16-ին կազմակերպել էր քննարկում շահագրգիռ նախարարությունների` ՀՀ արտակարգ իրավիճակների, բնապահպանության, գյուղատնտեսության նախարարությունների մասնակցությամբ: ՀՀ առողջապահության նախարարությունն իր ներկայացուցչին չէր ուղարկել:

Գերեզմանոցը խոր փոս է, որի ներսում պաշտպանիչ շերտ չկա: Այստեղ թաղվել են ավելի քան 500 տոննա ժամկետանց թունաքիմիկատներ, որոնք ծածկված են եղել հողի երկու մետրանոց շերտով: Այժմ այդ հողի շերտը ծանր տեխնիկայով քանդվել է: Մակերես են դուրս եկել ոչ միայն թունաքիմիկատներ, այլ դրանց քայքայման հետևանքով գոյացած նյութեր, որոնք Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ օգտագործվող հեղձուցիչ գազեր են հիշեցնում: Դրենաժային համակարգը լցված է հողով և չի կատարում իր հիմնական գործառույթը` գերեզմանից ջրերի հեռացումը: Այժմ ջուրը, լվանալով գերեզմանոցի մակերեսը, իջնում է ներքև` դեպի ամառանոցները և «Էրեբունի» արգելոցը:

«Դեռ 2003 թ. Բրյուսելում ընդունեցին, որ այդ հարցը մեծ ուշադրություն է պահանջում: Իսկ այժմ դա շատ մեծ վտանգ է ներկայացնում, համենայն դեպս, 3 հազար մարդու համար, որոնց վրա տարածվում են գերեզմանոցի թունավոր գոլորշիները»,- հայտնեց «Կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ նախագահ Ելենա Մանվելյանը: Նրա խոսքով` կազմակերպության 2007 թ. ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ թունաքիմիկատները ներթափանցել են հողի մեջ: «Վտանգ կա, որ նրանք կարող են թափանցել ավելի խորը` երկրի ջրային ճանապարհների` Հրազդանի և Արաքսի մեջ»,- ասաց նա և ավելացրեց, որ հասարակայնությունը պետական մարմիններից, հատկապես առողջապահության և բնապահպանության նախարարություններից ակտիվ գործողություններ է սպասում, որոնք պատասխանատվություն են կրում շրջակա միջավայրի և առողջության անվտանգության համար:

Ջոն Վիգենն առաջարկեց շտապ գործողությունների ծրագիր` ապահովել մշտական անվտանգություն` գերեզմանոցում նոր միջադեպեր թույլ չտալու համար, սահմանափակել մուտքը գերեզմանոց, հավաքել տեղումների ջուրը և հեռացնել գերեզմանոցից, ժամանակավորապես ծածկել մակերես դուրս եկած թափոնները, դրանք հավաքել և տեղափոխել ժամանակավոր պահեստարան, թույլ չտալ իրավիճակի վատթարացում:

Փորձագետը կարծում է, որ միայն դրանից հետո կարելի է վերադառնալ նորմալ ծրագրին, որը նախատեսված է 3-5 տարվա համար, և, վերջին հաշվով, նախատեսում է գերեզմանոցի պարունակության ոչնչացում: Ամբողջ խնդիրն այն է, որ պետական կառույցներից որոշումների, վճիռների, հանձնարարականների տեսքով արձագանք չկա, որոնց համաձայն շահագրգիռ նախարարությունները կկարողանային ռեալ գործողություններ ձեռնարկել: Ակտիվություն ցուցաբերեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, ով տեղում ծանոթացավ իրավիճակին և դիմեց վարչապետին: Ներկայումս ամեն ինչ կախված է նրանից, թե ի´նչ ռեալ քայլեր կձեռնարկի կառավարությունը:

Ի գիտություն. Այս նյութը, ինչպես նաև այս խորագրի ներքո ներկայացվող «ԱրմենիաՆաուի» մյուս նյութերը հրապարակվում են անփոփոխ: «ԱրմենիաՆաուն» պատասխանատվություն չի կրում բովանդակության և թարգմանության համար:
ԱրմենիաՆաուի էջերում