Վերարտադրողական առողջություն. 2000 թվականից ի վեր անպտղության մակարդակը կիսով չափ նվազել է

Վերարտադրողական առողջություն. 2000 թվականից ի վեր անպտղության մակարդակը կիսով չափ նվազել է

Նազիկ Արմենակյան
ԱրմենիաՆաուի ֆոտոթղթակից

Մասնագետները կոչ են անում խրախուսել ծնողներին՝ առնվազն 2-3 երեխա ունենալ:

ՀՀ առողջապահության նախարարության նոր հետազոտությունների արդյունքների համաձայն` Հայաստանում վերջին տասը տարիներին անպտղությունը գրեթե կիսով չափ նվազել է: Անցյալ տարի անպտղություն արձանագրվել է վերարտադրողական տարիքի կանանց 16,8 տոկոսի մոտ` անցյալ տասնամյակին գրանցված 31,5 տոկոսի համեմատ:

Ըստ ՀՀ առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման բաժնի գլխավոր մասնագետ Գայանե Ավագյանի` 90-ականներին անպտղության դեպքերն ավելի շատ էին սոցիալական ծանր պայմանների, երկարատև սթրեսների պատճառով:

Այժմ մասնագետները անպտղության նվազումը թե´ կանանց, թե´ տղամարդկանց մոտ կապում են սեռական վարքագծի, սեռավարակների կանխարգելման մասին իրազեկության բարձրացման և ավելի հանգիստ կենսաձևի հետ:

Ըստ Ավագյանի` անպտղության հիմնական պատճառները բորբոքային հիվանդությունների պատճառով առաջացած արգանդի փողային անանցանելիությունն է և էնդոկրին հիվանդությունները:

Չնայած անպտղության դեպքերը նվազել են, սակայն Վերարտադրողական բժշկության ասոցիացիայի նախագահ Էդուարդ Համբարձումյանը կարծում է, որ պետք է առաջնահերթ քայլեր ձեռնարկվեն, որպեսզի ծնողները առնվազն 2-3 երեխա ունենան:

«Եթե բնակչության աճը մնա նույն մակարդակի վրա, ապա 40-50 տարի հետո Հայաստանի բնակչության թիվը երկու անգամ կնվազի»,- ասում է Համբարձումյանը:

Անպտղության բուժումը և մանավանդ արհեստական բեղմնավորումը չափազանց թանկ են հայ ամուսնական զույգերի մեծ մասի համար: Այդուհանդերձ, Ավագյանն ասում է, որ պետությունը այժմ պարզապես չի կարող ֆինանսավորել այն:
ԱրմենիաՆաուի էջերում