Գեղեցկության բիզնես. քթի և կրծքի պլաստիկ վիրահատությունները լայն տարածում են ստանում Հայաստանում

Գեղեցկության բիզնես. քթի և կրծքի պլաստիկ վիրահատությունները լայն տարածում են ստանում Հայաստանում

Ֆոտոլուր

Բժիշկների կանխատեսմամբ՝ առաջիկա տարիներին հայկական արծվաքիթ ունեցող աղջիկներ հազվադեպ կհանդիպեն:

Հայաստանում քթի վիրահատությունները վերջին հինգ տարում աճել են տասը անգամ, իսկ միայն 2009-ին երեք անգամ ավելի են եղել, քան 2008-ին, մասնագետները կանխատեսում են, որ առաջիկա տարիներին հայկական արծվաքիթ ունեցողները հազվադեպ կհանդիպեն:


Ըստ «Էրեբունի» բժշկական կենտրոնի պլաստիկ վիրաբուժության բաժանմունքի վարիչ, ՀՀ պլաստիկ վիրաբույժների ասոցիացիայի նախագահ Արմեն Հովհաննիսյանի` վիրահատությունների աճի տեմպերի բարձրացմանը նպաստող հիմնական գործոններից է կենսամակարդակի և պլաստիկ վիրաբույժների նկատմամբ վստահության բարձրացումը:

«Գեղեցիկ լինելու ցանկություն միշտ է եղել, ինչպես ամբողջ աշխարհում, Հայաստանում ևս բարձրանում է պահանջարկը,- ասում է Հովհաննիսյանը,- սակայն գեղեցիկ լինելու ցանկությունը հաճախ աբսուրդի է հասնում»:

«Գալիս են երիտասարդ աղջիկներ Ջենիֆեր Լոպեսի կամ Պամելա Անդերսենի նկարներով և ուզում են այդպիսի ուրվագծեր ունենալ: Բացատրում ենք, որ դա ճիշտ չէ, չպետք է դուրս գալ բժշկական սահմաններից: Ցանկացած վիրահատություն` դեմքի թե կրծքի, պետք է համապատասխանի մարմնի չափսերին, ներդաշնակ լինի»,- ասում է Հովհաննիսյանը:

Հայաստանում աճել են նաև կրծքի վիրահատությունների թիվը. եթե 2005-ին մեկ տարվա ընթացքում արվել է միայն 1 վիրահատություն, ապա 2009-ին հատել է հարյուրի սահմանը:

«Նաիրի» բժշկական կենտրոնի պլաստիկ և էսթետիկ վիրաբույժ Աշոտ Զարգարյանը, որը վերապատրաստվել է արտասահմանյան լավագույն կլինիկաներում ասում է, թե կրծքի վիրահատությունը չի կարող առաջացնել կրծքագեղձի քաղցկեղ, եթե օրգանիզմը դրա հակվածություն չունի:

«Նաիրի» բժշկական կենտրոնում միջազգայնորեն ճանաչված լավագույն իմպլանտով կրծքի վիրահատությունն արժե մոտ 2500 դոլար, ինչը 5-10 անգամ էժան է արտասահմանյան երկրների համեմատությամբ: Քթի էսթետիկ վիրահատությունն արժե 700-1000 դոլար:

Ըստ բժշկի` բարդություններ և ծանր հետևանքներ պլաստիկ վիրահատություններից հետո էլ լինում են, վերջին երկու տարում, ըստ ՀՀ վիճակագրական ծառայության տվյալների` քթի վիրահատությունից հետո մահացել է երկու մարդ:

«Ցանկացած վիրահատությունից հետո էլ կարող են բարդություններ լինել, և պացիենտին պետք է տեղեկացնել հնարավոր վատ հետևանքների, բարդությունների մասին»,- ասում է «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնի պլաստիկ վիրաբուժության բաժանմունքի վարիչ Կարեն Դանիելյանը, որը 2003 թ. ի վեր անցկացնում է «Ամենահայկական քիթ» մրցույթը, որի ընթացում առաջին տեղը գրավողն անվճար է վիրահատվում, երկրորդը` 50 տոկոս զեղչով, իսկ մյուսները` 25 տոկոս զեղչով:

ԱրմենիաՆաուի էջերում