Ցողունային բջիջների փոխպատվաստում. իրանահայը փրկում է Բելգիայի բնակչի կյանքը

Ցողունային բջիջների փոխպատվաստում. իրանահայը փրկում է Բելգիայի բնակչի կյանքը

Photo: www.wikimedia.org

Երևանում վերջերս «Ցողունային բջիջների հավաքման կենտրոնի» (որն ավելի խոշոր` դոնորային ռեեստրի մաս է կազմում) բացումից հետո այս շաբաթ գրանցվեց առաջին հաջողությունը. ցողունային բջիջների փոխպատվաստմամբ Եվրոպայում փրկվեց մի հիվանդի կյանք:


Իրանահայ Ֆրեդերիկ Սաֆարյանի ցողունային բջիջները համընկել են Բելգիայում բնակվող ազգությամբ ոչ հայ արյան ծանր հիվանդություն ունեցող մի կնոջ ցողունային բջիջների հետ: Հենց այս գիշեր`հունիսի 17-ին, իրականացվել է փոխպատվաստումը:

Նման կենտրոն նախկին ԽՍՀՄ հանրապետություններից գործում է միայն Հայաստանում: Այն արյան մահացու հիվանդություններով տառապող հայ և այլազգի հիվանդների կյանքի փրկության նպատակով արդեն 11 տարի գործող «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» (ՈԴՀՌ) բարեգործական կազմակերպության մի մասն է:

Մինչ օրս ռեեստրում կամավորագրվել է մոտ 16000 դոնոր, ռեեստր դիմած 1276 հիվանդից համընկնում եղել է 821-ի մոտ, և հաջողությամբ իրականացվել է 10 փոխպատվաստում, ի թիվս որոնց սա առաջինն էր բարեգործական կազմակերպության պատմության մեջ` որպես ցողունային բջիջների փոխպատվաստման փորձ:

Այս ծրագրի ուղղությամբ աշխատող բժիշկ Միհրան Նազարեթյանի խոսքով` նման հաջողությունը ոչ միայն մարդու կյանք է փրկում, այլև հեռանկարային կարող է լինել հայ բժշկության համար:

«Մենք ցանկանում ենք ոչ միայն դոնորներ տրամադրել, այլև ստեղծել փոխպատվաստման կենտրոն հենց Հայաստանում, որը, բնականաբար, հարյուր հազարավոր դոլարներ կարժենա, բայց մենք համարում ենք, որ այդ նպատակին հասնելու համար աշխատանքների 70 տոկոսն արդեն իսկ կատարված է»,- «ԱրմենիաՆաուին» հայտնեց Նազարեթյանը:

ԱրմենիաՆաուի էջերում