Հայկական ակնաբուժություն. նոր ծրագիրը կօգնի հայտնաբերելու տեսողության խնդիրները վաղ հասակում

Հայկական ակնաբուժություն. նոր ծրագիրը կօգնի հայտնաբերելու տեսողության խնդիրները վաղ հասակում


Հայկական ակնաբուժության նախագիծը (ՀԱՆ) Հայաստանում մեկնարկում է աչքի անհասության ռետինոպաթիա հիվանդության ակնային զննումների և բուժման ծրագիր, որը կգործարկվի նորածինների վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի Երևանի մի շարք բաժանմունքներում:


Անհասության ռետինոպաթիան (ԱՌ) հանգեցնում է հասուն և անհաս ցանցաթաղանթի դեղին բծի ձգումների, ցանցաթաղանթի շերտազատման և կնճռոտման, որն էլ իր հերթին հանգեցնում է կուրության մանկական հասակում: ԱՌ ռիսկի խումբ է համարվում 1500 գրամից պակաս քաշով, 30 շաբաթից պակաս տարիքով ծնված նորածինը:

Հայաստանում տարեկան ծնվում են ԱՌ ռիսկային խմբին պատկանող 500-600 երեխաներ, և նրանց աչքի խնդիրները բուժման գործելակարգերի բացակայության պատճառով հայտնաբերվում են ավելի ուշ տարիքում, երբ բուժումն արդեն նվազ արդյունավետ է:

Նախքան ծրագրի գործնական մասի մեկնարկը ՀԱՆ-ը Հայաստանում հունիսի 28-30-ը սկսել է «ԱՌ կանխարգելումը Հայաստանում» թեմայով համաժողով:

Համաժողովի բացմանը ՀՀ գլխավոր ակնաբույժ, ՀԱՆ բժշկական տնօրեն Ալեքսանդր Մալայանն ասաց, որ հիվանդությունը կարող է առաջանալ հղիության ընթացքում առաջացած տարբեր բարդություններից, և դեպքերի 70 տոկոսը հանգեցնում է անդառնալի կուրության: Ըստ Մալայանի` նորածնի աչքը զննելը շատ դժվար է, ինչի համար պահանջվում են որակյալ մասնագետներ:

«Հետևաբար, այս ծրագիրը, որ մեզ հաջողվեց կյանքի կոչել Հայաստանում, մեծ նվաճում է ակնաբուժական կլինիկայի և նեոնատալոգիայի պատմության մեջ»,- ասաց նա:

Ինչպես «ԱրմենիաՆաուին» տեղեկացրեց ՀԱՆ հանրային կապերի պատասխանատու Մինաս Համբարձումյանը, համաժողովից հետո արտասահմանցի մասնագետները հայ բժիշկներին կծանոթացնեն ԱՌ-ը հայտնաբերելու նպատակով ձեռք բերված սարքավորումների` ռետինալ ֆոտոխցիկների աշխատանքին, ինչպես նաև կվերապատրաստեն նրանց:

«Բացի այդ, հեռաբժշկության միջոցով (հետագայում ռետինալ ֆոտոխցիկներով արված պատկերները կուղարկվեն նրանց) նրանք [միջազգային մասնագետները] կկարողանան համապատասխան մասնագիտական խորհրդատվություն տալ տեղի [հայ] բժիշկներին»,- ասաց Համբարձումյանը:

Ծրագրի շրջանակներում մինչև 7 տարեկան երեխաների բուժումը կլինի պետպատվերի շրջանակներում, իսկ մեծահասակների համար (որոնք մինչ այդ գուցե անտեղյակ են եղել իրենց հիվանդության մասին) բուժումը ևս մատչելի կլինի:

ԱրմենիաՆաուի էջերում